Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ծեծել են Ողջաբերդի գյուղապետին, կնոջն ու տղային, ապա վնասել են նրանց ավտոմեքենան

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարապետ Կիզիրյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանը և նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ հնչեցնելով, ծեծի են ենթարկել Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ՝ 63-ամյա Նորայր Մելքոնյանին, նույն հասցեի բնակիչ՝ 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին և նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 45-ամյա Արևշատ Մելքոնյանին։
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով ստացված օպերատիվ միջոցառումներ, այսօր՝ մարտի 9-ին, գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Գառնիի բաժանմունք են հրավիրել Ն. Մելքոնյանին, ով Ողջաբերդ համայնքի ղեկավարն է, և նա հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Ս. Պապիկյանը, Ա. Մուշեղյանը և Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 58-ամյա Սամվել Մուշեղյանը ծեծի են ենթարկել իրեն, կնոջը՝ 56-ամյա Լիաննա Մելքոնյանին, և որդուն՝ 29-ամյա Նելսոն Մելքոնյանին, իսկ հետո կոտրել են իր մյուս տղային՝ Գ. Մելքոնյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի ապակիներն ու կողային հայելիները։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գյուղապետի մատնանշած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Արտյոմ Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ապրանքագիտական։