Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

04 ապր 2018 11:34

Ռուբեն Մելիքյանի և Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջիկը սխալ է ներկայացրել

Ռուբեն Մելիքյանի և Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջիկը սխալ է ներկայացրելԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է Ռուբեն Մելիքյանը:
«Մենք ունեցել ենք բավական երկար խոսակցություն, մի քանի կցկտուր խոսքերը մեծ մասով սխալ են, երևի միակ հատվածը, որ մոտ էր իրականությանը` հայաստանցի-ղարաբաղցի հատվածն էր: Խոսքը վերաբերում է մեր հեռախոսազրույցին: Ես հատուկ վերցրել եմ մեր հեռախոսազրույցի տևողությունը, այն տևել է 58 րոպե: Ես մանրամասն փորձել եմ բացատրել իր իրավունքների պաշտպանության եղանակները: Խրախուսել եմ մեզ դիմում ներկայացնել, փաստերը շարադրել, որ կարողանայինք անել այն, ինչ արդեն արել ենք»,-հավելեց Ռուբեն Մելիքյանը:
Ինչ վերաբերում է ներքին կարգով հարցը բարձրացնելուն, ապա Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ձեռքի տակ որևէ փաստ չունենալու դեպքում ինքն առավելագույնը դա կարող էր անել: «Զանգել ջղայնանալ» բառերը գուցե ասել եմ, հավանաբար «բարկանալ» բառն եմ օգտագործել: Եթե որպես ՄԻՊ իմանամ որևէ խախտում է եղել, ես նրանց հետ կունենամ խոսակցություն, ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում: ՄԻՊ-ը մեծ ծավալով շփումներ է ունենում բոլորի հետ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, պետական մարմինների, այդ թվում` ոստիկանության հետ: Որոշակի գործողություններին բացասական վերաբերմունք արտահայտելու մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Ռուբեն Մելիքյանը չի կարծում, որ «ղարաբաղցի-հայաստանցի» խոսակցությունները սրված են: «Չեմ կարծում, որ ֆոնը սրված է: Իհարկե, դա վատ բան է, այն աստիճան վատ բան է, որ ես դրանից շատ ավելի եմ վիրավորվում, քան իմ հասցեին հնչած խոսքերից: Մենք պետք է հնարավորինս շատ շփումներ ապահովենք, շատ աշխատենք այդ կարծրատիպերի վերացման հարցում: Գրեթե երկու տարի աշխատելով Արցախում, կարող եմ ասել, որ հազարավոր մարդիկ են գալիս ՀՀ մարզերից, Երևանից, սփյուռքից, ես տեսնում եմ երկուստեք բարյացակամ վերաբերմունք: Նմանատիպ կարծրատիպերը, նախապաշարմունքները վերացնելու լավագույն ձևը շփումներն են, այդ հարցում էլ մենք փորձում ենք կամրջի դերում լինել»,- հայտարարեց ԼՂՀ օմբուդսմենը:
Լրագրողի այն հարցին`արդյոք պետք է խիստ նկատողություն հայտարարե՞լ, թե գործից հեռացնել Արցախի ոստիկաններին, եթե պարզվի նրանց մեղքը` Ռուբեն Մելիքյանն ասաց, որ ծառայողական քննությունը ցույց կտա`արդյոք Արցախի ոստիկանները ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել, թե ոչ, և հավելեց. «Եթե այն, ինչ ներկայացնում է Ասյա Խաչատրյանը, ամբողջությամբ հաստատվի, ձեր ներկայացրածից առավել խիստ տարբերակը պետք է կիրառվել»: Արցախի ՄԻՊ-ի խոսքով` անկախ արդյունքներից, իրենց հաջորդ քայլերից է լինելու ոստիկանների հետ աշխատանքն ու ընդհանրական առաջարկների ներկայացումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր