ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

09 ապր 2018 19:40

Ամբողջ աշխարհը գիտի, որ ես մեծահարուստ եմ, հետո՞, չգնա՞մ գյուղացու կողքին կանգնեմ. Իգնատի Առաքելյան

«Դուք պակա՞ս մասնագետ եք, որ ցածր աշխատավարձ եք ստանում, և ինչո՞ւ եք համաձայնում այդ աշխատավարձով աշխատել, եթե ձեր ստորադաս հիմնարկներից մեկում կարող եք կրկնակի բարձր աշխատավարձով աշխատել»,- նման հարցադրում լրագրողներն ուղղեցին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ստանում է 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ։
«Ինձ հնարավորություն է ընձեռվել՝ գալ և ծառայել իմ երկրին, ես եկել, ծառայել եմ՝ հաշվի առնելով իմ հնարավորություններն ու կարողությունները։ Եթե աշխատավարձի մասին խոսենք, ապա այն չէր կարող որոշիչ դեր կատարել։ Չնայած՝ դա սխալ է։ Ես չեմ ասում, թե նախարարի աշխատավարձն ինչքան պետք է լինի, բայց այսօր մենք նման որոշում ենք կայացրել՝ եկել ենք։ Որտեղ հնարավորություն կա, այո, վճարելու եմ բարձր աշխատավարձ, եթե դա թույլ է տալիս օրենքը։ Որովհետև ես համարում եմ, որ մեր երիտասարդները՝ դրսում վերապատրաստված ուսանողները, որոնց հետ մենք կապվում, կանչում ենք Հայաստան, պետք է բարձր վարձրատրվեն։
Այդ ուսանողների մինիմալ պահանջը 400-500 հազար դրամն է, և մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ գոնե մասնավոր հատվածում տեղեր գտնենք, և իրենք վերադառնան։ Այնտեղ, որտեղ հնարավորություն ունենք, պետք է մասնագետներ բերենք»,- պարզաբանեց գյուղնախարարը։
Նա նկատեց, որ խորհուրդն ունի լիազորություններ և որոշում է, թե ով ինչքան աշխատավարձ ստանա. «Վաղը մենք չլինենք, թող տան 200 հազար դրամ, և կտեսնենք, թե ով է գալու՝ աշխատելու և ոնց են աշխատելու։ Եթե ուզում ենք լավ ապրել, պետք է գնանք այդ ռիսկին՝ մանսագետներ ներգրավենք և փող վճարենք։ Եթե Գեղամ Գևորգյանի տեղը լիներ մի ֆրանսիացի կամ իտալացի, որն այդքան փող է ստանում, ձեզ մոտ հարց չէր առաջանա»։
Լրագրողները նշեցին, որ նման հարց կառաջանար, ինչին ի պատասխան՝ Առաքելյանն ասաց. «Դու, ուրեմն իմացեք՝ Հայաստանում ինչքան միջազգային փորձագետ կա՝ այդքան աշխատավարձ է ստանում։ Էլ ինչի՞ մասին է խոսքը»։
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե այդքան աշխատավարձ ստացող մարդն ինչպե՞ս է պետք է գյուղացու կողքին կանգնի և խորհուրդներ տա, ինչպես հավասարը՝ հավասարին, նա այսպես արձագանքեց.
«Ձեր տրամաբանությամբ ես էլ պետք է գյուղացու կողքին չկանգնեմ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ ես մեծահարուստ եմ, հետո՞, չգնա՞մ գյուղացու կողքին կանգնեմ, որ բացատրեմ, թե ինչպես պետք է աշխատի, որ դառնա հարուստ։ Ես գիտեմ գյուղացու սոցիալական խնդիրների մասին, բայց ինքն ունի իր հնարավորությունները, մեր գործն էլ՝ ցույց տալ իրեն, թե ինչպես այդ հնարավորությունները մաքսիմալ օգտագործի։
Հավատացեք՝ կան գյուղացիներ, որոնք շատ հարուստ են, որովհետև գիշեր-ցերեկ աշխատում են իրենց հողի վրա։ Նրանք խոշորանում են, աճում են, ինքնուրույն արտահանում են իրենց արտադրանքը։ Մենք ուղղակի փորձում ենք ցույց տալ լավը և բոլորին բերել այդ դաշտ։ Իսկ դրա համար պետք է կամաց-կամաց ներգրավել լավ մասնագետների, լավ աշխատողների, որոնք նվիրված ուզում են աշխատել»։
1.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ևս արձագանքեց. «Ցավն այն է, որ նախ՝ 1.5 միլիոն դրամ կեղտոտ աշխատավարձն է, երկրորդ՝ 15-20 րոպե ներկայացրինք, թե ինչքան ներդրում ենք բերել, բայց ոչ ոքի մոտ հարց չառաջացավ՝ ո՞նց եք այդ ներդրումը բերել։ Զուտ այդքանը»։
Լրագրողները նկատեցին, որ այդ ծրագրերով էլ են հետաքրքրվում, բայց մինչև տեսանելի չլինի, թե ինչպես է գյուղացիների մոտ ամեն ինչ կարգավորվում, դրանց վերաբերյալ գնահատականներ չեն տրվի։
Թեպետ նախարարը գոհ է Գևորգյանի աշխատանքից և կարծում է, որ նա արժանի է բարձր վարձատրության, սակայն ուշագրավ է, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել Գևորգյանի ղեկավարած հիմնադրամի կողմից Համաշխարհային բանկի և այլ միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացված ֆինանսների օգտագործման մասով և հանգել է եզրակացության, որ ընդհանուր առմամբ ԳԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:
Մասնավորապես` կոոպերատիվների հետագա գործունեության և գույքի նպատակային շահագործման մոնիտորինգ չի իրագործվել, չեն ներդրվել շահառուների կողմից ծրագրի միջոցով ձեռք բերված գույքի օգտագործմամբ ունեցած արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման համակարգեր և ընթացակարգեր, ինչի հետևանքով` ԳԾԻԳ-ը հնարավորություն չի ունեցել գնահատելու ծրագրի կատարման արդյունավետությունը և օգտավետությունը:
ՎՊ ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ գյուղ. կոոպերատիվների գործունեությունը կրում է ձևական բնույթ, և դրանք ստեղծվել են ոչ թե ռեսուրսների համատեղմամբ միասնական և արդյունավետ գործունեություն իրականացնելու, այլ գյուղտեխնիկա ունենալու համար: ՎՊ-ն փաստում է, որ վարկային միջոցներն օգտագործվել են անարդյունավետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր