Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 ապր 2018 20:40

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկել է ներհայաստանյան իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 21-ին հանդիպեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:
Նախարար Նալբանդյանը նշեց. «Որպես այստեղ հավատարմագրված դեսպաններ, դուք տեղյակ եք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ տեղի են ունենում երթեր, ցույցեր։ Լավատեղյակ եք, որ Հայաստանում խաղաղ հավաքների անցկացումը ոչ միայն երաշխավորված է օրենքով, այլեւ պատշաճ կերպով ապահովվում է։
Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլեւ շատ դեպքերում` նաեւ առավել քան զսպված: Ոստիկանության կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաեւ ԵԱՀԿ-ի, այլ կառույցների եւ գործընկերներ երկրների հետ տարիների համագործակցության արդյունք են»։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ ինչպես շեշտվում է ոստիկանության բազմաթիվ հայտարարություններում, ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ եւ առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսեւորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ եւ խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը եւ այլն։
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպանների ուշադրությունը հրավիրեց քաղաքական երկխոսության կոչ պարունակող Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության վրա։
Հանդիպմանը հրավիրվել էր նաեւ Հայաստանում իրավական բարեփոխումների փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Պողոսյանը, ով ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ ընդգծելով երթերի ու ցույցերի կազմակերպիչների կողմից արձանագրված խախտումները եւ դրանից բխող հասարակական կարգի խաթարման վտանգները:
Արձագանքելով Էդվարդ Նալբանդյանի խոսքին՝ դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծեցին, որ համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի եւ իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու եւ քաղաքական երկխոսության կարեւորությունը։
Արտգործնախարարը պատասխանեց դեսպանների բազմաթիվ հարցերին, տեղի ունեցավ մտքերի շահագրգիռ փոխանակում։
Եզրափակելով հանդիպումը՝ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի արժեքավոր ու անշրջելի ձեռքբերումներից են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր