Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել բժշկին, երբ բարեկամաբար հորդորել է չծեծել ուսանողներին
Hayacq.com-ի տեղեկություններով,
այսօր առավոտյան Հերացի փողոցում, ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Երևանի պետական
բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի բժիշկներից մեկին: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ԵՊԲՀ համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը հերթապահությունից հետո, դուրս գալով հիվանդանոցից,
նկատել է, որ ոստիկանները հարձակվել են մի քանի ուսանողների վրա և ծեծելով բերման են
ենթարկում: Նա փորձել է բարեկամաբար հորդորել նրանց, իսկ ոստիկանները անմիջապես հարձակվել,
ծեծի են ենթարկել բժշկին, ապա նստեցրել ոստիկանական մեքենան, որպեսզի բերման ենթարկեն:
Հիվանդանոցի ղեկավարության և բժիշկների միջամտությունից հետո միայն նրանց չի հաջողվել
արդեն բազմաթիվ վնասվածքներ ստացած բժիշկին բաժին տեղափոխել:
Այս պահին բժիշկ Հայկ Հովհաննիսյանը գտնվում է հիվանդանոցում՝
արդեն հիվանդի կարգավիճակով, այտոսկրի կոտրվածք և գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ:
Իսկ ոստիկանների լկտիությունն այնտեղ
է հասել, որ նրանք նորից վերադարձել են հիվանդանոց, բժիշկին բաժին տեղափոխելու նպատակով,
սակայն հանդիպելով բժշկական անձնակազմի դիմադրությանը,
հեռացել են, ասելով թե այլ նպատակով էին եկել:
Հետաքրքիր է այս առընչությամբ ինչ է մտածում առողջապահության նախարարը: