Նիկոլ Փաշինյանը քայլերթի մասնակիցների հետ ծաղիկ դրեց Ծիծեռնակաբերդում և ուղևորվեց լրագրողների հետ հանդիպման
«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, եւ խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի եւ արագ հասնի ասուլիսի վայր։
Նշենք, որ երթի մասնակիցները ժամը 15-ին Հանրապետության հրապարակից երթով շարժվել էին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
