Արշակունյաց պողոտան փակ է. «Սասնա ծռերի» կողմնակիցները վրաններ են դրել
Երեւանի Արշակունյաց պողոտան շարունակում է փակ մնալ. «Սասնա ծռերի» կողմնակիցները որոշել են գիշերլ պողոտայի տարածքում։
Ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին։ Ցուցարարները վառելափայտ են բերել, որ գիշերը վառեն, տաքանան։
Քիչ առաջ շտապօգնության մեքենա է եկել դատարան։ Ահազանգ էր ստացվել, որ Պավլիկ Մանուկյանի իքննազգացողությունն է վատացել։ Դատարանի շենքում գտնվող «Սասնա ծռերի» անդամներին ստուգել են, ամեն բան նորմալ է։
Հիշեցնենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր մերժեց «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Դատավորը որպես հիմնավորում նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը եւ չներկայանալ դատական նիստերին:
«Սասնա ծռերի» աջակիցները այս որոշումն ընդունեցին սուլոցներով եւ վանկարկումներով: Նրանք դուրս եկան դահլիճից եւ անմիջապես փակեցին պողոտան։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետեւանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը: