Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 մայիս 2018 19:10

Գլխավոր հարցը, որ մնում է անպատասխան

1in.am-ը գրում է, որ  ավարտվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության առաջին շաբաթը: Իդեալական կառավարություններ չեն լինում, բացառություն չէ նաև գործողը, սակայն ակնհայտ է, որ ընթացիկ կաբինետը մի շարք առումներով տարբերվում է նախորդներից:
Վստահության մեծ պաշարը ծնել է հրապարակայնության և հաշվետվողականության բարձր մակարդակ, և նորանշանակ նախարարները չեն զլանում հրապարակավ պարզաբանումներ ներկայացնել նույնիսկ հարցերի վերաբերյալ, որոնք, առաջին հայացքից, մանրուք են թվում:
Ըստ ամենայնի` գործող կառավարությունն իր առջև դրել է մի քանի կարևոր խնդիր, որոնցից առաջնայինը` հասարակության հետ կենդանի կապը պահելն է: Ինքը` Նիկոլ Փաշինյանն` այսպես ասած, մեկ ոտքով փողոցում է` թերևս, քաջ գիտակցելով, որ իր կառավարության գլխավոր հաղթաթուղթը հասարակության վստահությունն է: Ընդ որում` այդ խնդիրը խիստ կենսական է երկու տեսանկյունից:
Հայաստանում իշխանափոխություն տեղի է ունեցել պայմանականորեն, և քրեօլիգարխիան ոչ թե կապիտուլսցվել է, այլ ընդամենը նահանջել է` պետական համակարգում թողնելով բազմաթիվ ականներ, որոնք կարող են պայթել նոր կառավարության գործունեության ճանապարհին: Այստեղ կարևորվում է հասարակության աջակցությունը, շունչը, որպեսզի կառավարությունը կարողանա հաղթահարել հեռացող համակարգի հարուցած խոչընդոտները` իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու, քաոտիկ միտումներ թույլ չտալու համար: Մյուս կողմից` Փաշինյանի թիմը պետք է կարողանա իրականացնել արդյունավետ օպերատիվ կառավարում` հասարակության տարբեր խմբերի աջակցությունը չկորցնելու նպատակով:
Այս խնդիրը գիտակցվում է վարչապետի կողմից ու պատահական չէ, որ իր գործունեության հենց առաջին շաբաթում կառավարությունը ստեղծել է ինստիտուցիոնալ հարթակներ` հասարակական տրամադրություններին օպերատիվ արձագանքելու նպատակով:
Հեղափոխական ռեժիմը, իհարկե, հնարավոր է պահել նաև հակաօլիգարխիկ, հակակոռուպցիոն քաղաքականության ալիքի վրա, մանավանդ, որ ԱԱԾ տնօրենն արդեն այս ամսվա վերջին խոստացել է սկանդալային բացահայտումներ, որոնք, կարծում ենք, ներդաշնակ կլինեն թավշյա հեղափոխության օրակարգին:
Մյուս կողմից` արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ պետք է կազմակերպել, առավելագույնը՝ 3-4 ամսից, մեկ տարին վիճահարույց ժամկետ է, որովհետև այս անորոշ վիճակում` ոչ կարելի է սպասել ներդրումների, ոչ էլ` երկարատև ծրագրերի իրականացման: Իսկ առանց հեռանկարային ծրագրերի` հնարավոր չէ որակական փոփոխություններ ակնկալել երկրի կյանքում:
Գլխավոր հարցը` արտահերթ ընտրությունների նախապատրաստումը, որի համար, առաջին հերթին, ձևավորվել է այս կառավարությունը` դեռ չի գտել իր պատասխանը: Նիկոլ Փաշինյանն անցնող շաբաթվա ընթացքում հնարավոր է համարել, որ ընտրությունները կանցկացվեն այս տարվա ընթացքում: Սակայն վարչապետի խոսքն ավելի շատ ցանկությունների, քան քաղաքական որոշման դաշտում է: Օրինակ` Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանը բացառում է ընտրությունների անցկացումը մինչև սեպտեմբեր, որովհետև ավարտված չեն լինի ընտրական օրենսդրության բարեփոխումները: Բացի այդ` հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի հույժ կարևոր գագաթաժողովը, ինչը, բնականաբար, համարժեք չէ մեկտեղել ընտրական գործընթացի հետ:
Ընտրական գործընթացի համար խիստ անհարմար են նաև նախաամանորյա ամիսները և, կարծես թե, ամեն ինչ հանգում է նրան, որ արտահերթ ընտրություններն անցկացվելու են եկող տարվա առաջին կեսին:
Կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տևական ժամանակի համար խուսափել էական վարկանիշային կորստից, թե՞ ընտրություններն անցկացվելու են հեղափոխական տրամադրությունների անկման փուլում` դառնալով ներքաղաքական կյանքի նոր ինտրիգ: Այս հարցին, թերևս, դժվար է պատասխանել, մանավանդ, որ հայտնի չէ անգամ արտահերթ ընտրությունների օրը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր