13:02 - Տեսանյութ. Ավելի լավ է գողանան, քան սպանեն. ՀՀ ոստիկանության շտաբի պետ         12:45 - Զինծառայողը փորձել է սպանել դիրքի ավագին, որից հետո ինքնասպան է եղել. ՔԿ-ն մանրամասնում է      12:30 - Տեսանյութ.«Մասիվցի Անդիկի» սպանությունը պատվիրած է եղել՝ կա կատարող, պատվիրատու.Մենք տիրապետում ենք ամեն ինչին    

22 մայիս 2018 16:00

Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համար

Աղմկոտ ձերբակալություններին ընդառաջ. ո՞վ է պատասխան տալու քսանամյա լռության համարԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթ օրը հանդես է եկել սկանդալային հայտարարություններով, որոնք վերաբերում են կոռուպցիոն սխեմաներին: Մենք հանգամանալից անդրադարձել ենք այդ հայտարարություններին` ընդսմին արձանագրելով, որ ամսվա վերջին սպասվում են աղմկոտ բացահայտումներ:
Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկ այլ` բավական ուշագրավ հայտարարություն էլ է արել՝ ասելով, որ իր ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո ավանդական կոռումպացված հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են իրենց հակաօրինական գործունեությունը։
Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններին պետք է հաջորդեն ձերբակալությունները։ Եթե ԱԱԾ-ին հայտնի է, որ ինչ-որ կառույցներում եղել է կոռուպցիա, ուրեմն կոռուպցիայով զբաղվողները պետք է միանշանակ պատժվեն։ Սա ոչ թե վենդետա է, այլ օրինական երկիր դառնալու ճանապարհ:
Երկրից թալանված միլիարդավոր գումարները պետք է վերադարձվեն, խոշոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն ճաղերի հետևում: Սա օրենքի իմպերատիվ պահանջն է, թավշյա հեղափոխության գլխավոր նպատակը: Միայն դատապարտող հայտարարություններով ու քաղաքական գնահատականներով քրեաօլիգարխիկ համակարգը չի կազմաքանդվի, մանավանդ, որ գործին արդեն միջամտել է ԱԱԾ-ն` անկասկած, անհերքելի ու հիմնավոր փաստերով, որոնք ենթադրում են քրեական պատասխանատվություն:
Մյուս կողմից` օրակարգ է գալիս մեկ այլ հարց, որը բխում է Վանեցյանի այլ հայտարարությունից, թե ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն լինելու: Կասկածից վեր է, որ անվտանգության մարմինները քրեաօլիգարխիայի կոռուպցիոն սխեմաները բացահայտել են ոչ թե վերջին մեկ շաբաթվա, տաս օրվա, այլ հաստատապես տարիների ընթացքում: Եթե ԱԱԾ-ն տարիներ առաջ հանդես չի եկել կոռուպցիոն բացահայտումներով, չի իրականացրել ձերբակալություններ, ապա իրականում ԱԱԾ-ում նախկինում ոչ թե օրենքով են գործել, այլ հրահանգով: Այն ժամանակ հրահանգ է եղել թալանչիներին, գողերին չբռնել` չեն բռնել, հիմա հրահանգ կա բռնել` բռնում են: Շատ գովելի է, որ թավշյա հեղափոխությունից հետո, նոր կառավարության պարագայում ԱԱԾ-ն գործում է օրինականության դաշտում, և դարձել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, սակայն ԱԱԾ համապատասխան ծառայողները պատասխանատվության չեն ենթարկվելո՞ւ տարիների անգործության կամ այն բանի համար, որ ուղղակիորեն կոծկել են ծանր հանցագործությունները: Քրեաօլիգարխիայի ներկայացուցիչները պետք է պատժվեն, սակայն արդյո՞ք գոնե աշխատանքից չեն ազատվելու ԱԱԾ այն աշխատակիցները, որոնց լռությունն ու անգործությունը հանգեցրել է կոռուպցիայի աննախադեպ աճին: Եթե ԱԱԾ-ում կամ իրավապահ մարմիններում չգործի պատասխանատվության ինստիտուտը, ապա չկա որևէ երաշխիք, որ քաղաքական այլ իրավիճակում այս կառույցներում չի վերականգնվի, այսպես կոչված, հրահանգով կառավարման արատավոր ինստիտուտը:
ԱԱԾ-ում և իրավապահ այլ մարմիններում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք կբացառեն այս կառույցների ազդեցությունը քաղաքական կոնյուկտուրային, իշխանության քմահաճույքներին: Դրա համար կադրային փոփոխություններն անհրաժեշտություն են, որպեսզի բոլորը համոզված լինեն, որ ԱԱԾ-ն գործում է ոչ թե փոխվող նախագահների կամ վարչապետների հրահանգներով, այլ միայն օրենքի պահանջով:
1in.am

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր