Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 մայիս 2018 16:00

Կառավարությունը կարող է սուբսիդավորել ջրի սակագնի հնարավոր բարձրացումը. ՀԾԿՀ փոխնախագահ

Հայաստանի կառավարությունը կարող է բնակչության համար սուբսիդավորել ջրի սակագնի թանկացումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը՝ նշելով, սակայն, որ այդ հարցն իրենց իրավասությունների շրջանակում չէ և մանրամասներ հայտնել չի կարող:
«Իմ տեղեկություններով՝ որոշակի քննարկումներ են գնում: Ինչպես հիմա են սուբսիդավորվում ջրի նախորդ տարվա թանկացման հետևանքները, այնպես էլ այս տարի քննարկում է այդ հնարավորությունը»,- ասաց ՀԾԿՀ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է ջրի սակագնի հնարավոր փոփոխությանը, ապա նա նշեց, որ օրենքով նախատեսված կարգով «Վեոլիա ջուր» ընկերությունը մինչև ընթացիկ տարվա օգոստոսի առաջին կեսը հանձնաժողովին պետք է ներկայացնի սակագնի վերանայման հայտը: Նրա խոսքով՝ բացի «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրով նախատեսված սակագնի փոփոխության սցենարից, կան ճշգրտման մեխանիզմներ, որով սակագինը յուրաքանչյուր տարի պետք է վերանայվի:
«Ինչպես գիտեք, 2016 թվականին կառավարության կողմից կազմակերպվեց միջազգային մրցույթ, որտեղ հաղթող ճանաչվեց «Վեոլիա ջուր» ընկերությունը, մրցութային պայմաններից մեկը սակագնային համաձայնագիրն էր ապագա 15 տարվա վարձակալության համար: Ըստ այդ սցենարի՝ մինչև 2023 թվականը ջրի սակագնի որոշակի աճ է նախատեսվում, դրանից հետո դեպի նվազում՝ մինչև վարձակալության 15-րդ տարվա ավարտը»,-նշեց պաշտոնյան:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ևս հաստատեց, որ քննարկումներ են ընթանում ջրի սակագնի հնարավոր բարձրացման դեպքում սուբսիդավորման տարբեր մեխանիզմներ կիրառելու հարցի շուրջ:
2017 թվականի նոյեմբերի 22-ին ՀԾԿՀ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, որն ուժի մեջ մտավ 2018 թվականի հունվարի 1-ից։ Ողջ տարվա համար կառավարությունը սուբսիդավորում է ջրի սակագնի նախորդ բարձրացման արժեքի չափով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր