Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

31 մայիս 2018 19:55

«Երևան սիթիում» իրականացվող ստուգումներին ԱԱԾ-ի հետ համատեղ Պետական եկամուտների կոմիտեի մասնակցությունը հերքվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գործողություններ են իրականացնում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում: Արդեն մի քանի օր շրջանառվող լուրերը հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ հայտնելով, որ միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
«Երևան սիթիում» իրականացվող ստուգումներին ԱԱԾ-ի հետ համատեղ Պետական եկամուտների կոմիտեի մասնակցությունը հերքել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանգիստ է վերաբերվում ՀՀԿ-ական պատգամավորի բիզնեսում ԱԱԾ-ի ստուգումներին: Նա հերքել է շրջանառվող լուրերը, որ ԱԱԾ-ն ոչ միայն ընկերության գրասենյակում է ստուգումներ իրականացնում, այլ նաև մտել է Սամվել Ալեքսանյանի տուն և խուզարկել. «Չէ, բնակարան չեն մտել, նրա գրասենյակում են ստուգումներ իրականացնում»: Նա նաև հերքել է, որ նախորդ օրը Ս.Ալեքսանյանը բարկացած է եղել և իրենից օգնություն է խնդրել. «Չի եղել, դա ձեր կարծիքն է, որևէ բարկացածություն չի եղել, օգնություն էլ չի խնդրել»: Թե ինչո՞ւ հենց ՀՀԿ պատգամավորները հայտնվեցին ԱԱԾ թիրախում՝ հարցը Վ.Բաղդասարյանը հորդորել է ուղղել ԱԱԾ-ին:
Դիտարկմանը, որ գուցե հենց նրանց մոտ է եղել հիմնական կոռուպցիան, և հենց այդ պատճառով հայտնվեցին թիրախում, Վ.Բաղդասարյանը պատասխանել է. «Նախորդ իշխանությունների ժամանակ էլ բավականին բացահայտումներ եղել են, հիմա էլ իրենք ստուգումներ են կատարում: Իրենց պետք է տաք այդ հարցերը, թե ինչի համար՝ հենց այս պահին, ինչի համար՝ հենց այդ մարդկանց: Ինձ թվում է՝ ստուգումների ժամանակ ամեն ինչ պարզ կլինի, համենայն դեպս, եթե կան չարաշահումներ, դրան ի պատասխան՝ անդրադարձեր պետք է լինեն»:
Ըստ նրա` գյուղմթերքների մասով հարցը եղել է պայմանավորվածության դաշտում, որպեսզի գյուղացիները չտուժեն, մթերումները կատարվեն. «Դա մսամթերքին և մրգերին է վերաբերում, որ օրենքում կազուս կար, մինչև կարգավորվի, մինչև ամսի 5-ը պայմանավորվել ենք, որ օրենսդրական դաշտը բերեն, քննարկենք, կարգավորենք: Եթե, բացի դա, շրջանցումներ եղել են, այդտեղ շահարկումներ են եղել»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ մյուս գործարարները, օրինակ` Արտակ Սարգսյանը, ևս հայտնվեն ԱԱԾ թիրախում, Վ.Բաղդասարյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, համենայն դեպս, պետք է գնահատականներ տրվեն: Եթե համատարած՝ անկախ կուսակցական և քաղաքական պատկանելությունից, այդ բոլոր ստուգումները կատարվում է, դա նորմալ է: Եթե միակողմանի է, ես չեմ ուզում գնահատական տալ` քաղաքական հետապնդում, և այլն: Այ, հետաքրքիր է, եթե այդ պատգամավորները դադարեցնեն իրենց անդամակցությունը կուսակցությանը, նորից պետք է ստուգումները շարունակվե՞ն, թե՞ պետք է դադարի: Եթե դադարեցվեն, ինչ-որ բան նշանակում է, բնականաբար, քաղաքական հետապնդում է»:
Չնայած առկա դժվարություններին և ՀՀԿ-ից որոշ կուսակիցների հեռանալուն, Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ Սամվել Ալեքսանյանը Հանրապետական խմբակցությունը լքելու մտադրություն չունի:
Նրա խոսքով` պետք չէ զարմանալ ՀՀԿ-ն լքելու մասին որոշ պատգամավորների հայտարարություններից. «Քաղաքական գործընթացներ են, որևէ մեկը երաշխավորված չէ, որ միշտ պետք է լինի մեծամասնություն, իշխանություն: Նորմալ գործընթացներ են»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր