Լոռու դատախազը մանկապարտեզներում իրավախախտումների հետ կապված միջնորդագիր է ներկայացրել Վանաձորի քաղաքապետին

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, քրեական գործերի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ այն մասին, որ Վանաձոր համայնքի թիվ 33 և թիվ 32 մանկապարտեզների տնօրենները 2015 թվականին մանկապարտեզների տարբեր աշխատակիցների կողմից մի քանի աշխատանքային օր աշխատանքի չհաճախելու պայմաններում, նրանց փաստացի չաշխատած օրերի համար վարձատրություն ապահովելու անձնական այլ դրդումներով կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որից հետո բովանդակությամբ կեղծ հիշյալ փաստաթղթերն օգտագործելով` ներկայացրել են վճարման: Արդյունքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նրանց կողմից համայնքի բյուջեից վատնման եղանակով հափշտակվել է այդ աշխատակիցների չաշխատած օրերի աշխատավարձը:
Թիվ 33 մանկապարտեզի տնօրենին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ թիվ 32-րդ մանկապարտեզի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Ըստ տարբեր քրեական գործերի նյութերի՝ պարզվել է նաև, որ տեղական ինքնակառավարման մարմնի ենթակայությամբ գործող Վանաձորի թիվ 19 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի, Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզի տնօրենները տարբեր ժամանակահատվածներում իրենց ենթակայությամբ տարբեր հաստիքներում աշխատող իրենց հարազատների՝ առաջինի դեպքում հարսի, երկրորդի դեպքում քրոջ կողմից ընդհանուր` բազմաթիվ աշխատանքային օրեր աշխատանքի չհաճախելու պայմաններում, այդ հանգամանքը թաքցնելու անձնական այլ շահագրգռվածությունից, փաստացի չաշխատած օրերի համար ավելի աշխատավարձ վճարելու շահադիտական դրդումներից ելնելով, նույն կերպ համայնքի բյուջեից դուրս են գրել և վճարել աշխատավարձ:
Այդ արարքները կատարելու համար 2018 թվականի մայիսի 26-ին Վանաձորի «Թիվ 19 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ։
Ներկայացված բոլոր դեպքերով նախադպրոցական ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձինք կամովին վերականգնել են համայնքին պատճառված վնասը:
Սակայն մեջբերված փաստական տվյալները վկայում են, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն: Արդյունքում, նախ, ուսումնական հաստատություններում նախատեսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով չնախատեսված փոխտնօրենի հաստիքային միավորներ, ապա՝ տևական ժամանակ փոխտնօրենի պաշտոնեական պարտականություններն ստանձնած աշխատակցի աշխատանքի չհաճախելու հանգամանքը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց տեսադաշտից:
Ուսումնասիրությունները փաստում են նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններն այդ պաշտոններում հիմնականում իրենց մերձավոր ազգականներին են աշխատանքի ընդունել և վերջիններիս աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել, հաստատել և համայնքապետարան են ներկայացրել բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա համայնքի բյուջից կատարվել են անհիմն հատկացումներ:
Այսինքն՝ ակնհայտ է, որ համայնքային ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսհաստատությունների իրավասու պաշտոնատար անձինք պատշաճ չեն կատարել իրենց աշխատանքային գործառույթները և չեն ապահովել հիմնադրի բյուջետային հատկացումների արդյունավետ օգտագործումը: Իսկ համայնքային միջոցների հափշտակման պայմաններում դժվար է խոսել ուսհաստատություններում կրթական պատշաճ գործընթացի կազմակերպման, մանկավարժական մյուս աշխատողների համար բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելու, կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մասին:
Ելնելով վերոգրյալից ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն իր իրավասությունների շրջանակում միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ միջոցներ ձեռնարկելու համայնքի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատություններում նմանատիպ երևույթները բացառելու, ուղղությամբ, նախաձեռնելու ուսումնասիրություն նշված խախտումները, դրանց պատճառները պարզելու, մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու նպատակով: Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկման առարկա դարձնել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց հետագա պաշտոնավարման հարցը: