20:03 - Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթը Մանվել Գրիգորյանին ազգի դավաճան է համարում         19:47 - Արարատում ՊՆ-ի «Ուրալ» է շրջվել      19:30 - Քաղցկեղի մասին կարելի է կռահել բերանի հոտով    

14 հուն 2018 17:50

«Մարտի 1»-ի գործով բացահայտման աշխատանքները կակտիվացվեն

ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են չբացահայտված, նաեւ վարույթները կասեցված սպանության եւ սպանության փորձերի դեպքերի, ինչպես նաեւ հանրային հնչեղություն ստացած այլ ծանր եւ առանձնապես ծանր, կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման խնդիրները:
Արձանագրվել է, որ վերջին շրջանում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեությունից հանրային սպասումներին զուգահեռ, նկատելիորեն աճել է այդ պայքարում քաղաքացիների կողմից իրավապահ մարմիններին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունն ու տրամադրվածությունը:
Այս հանգամանքը ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ նոր նախադրյալներ է ստեղծում չբացահայտված, այդ թվում հանրային առանձնահատուկ ուշադրության արժանացած ծանր հանցագործություններով քննվող գործերի վարույթներում ներգրավված անձանց հետ ավելի սերտ համագործակցություն ծավալելու եւ դա հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը ծառայեցնելու առումով առավել նպատակային դարձնելու համար:
Վերջինիս անհրաժեշտությունը մշտապես կարեւորվել է հատկապես չբացահայտված սպանությունների եւ սպանության փորձերի, ինչպես նաեւ ծանր եւ առանձնապես ծանր այլ հանցագործությունների դեպքերով հարուցված այն քրեական գործերով, որոնց քննության լիարժեքության եւ օբյեկտիվության  վերաբերյալ մինչ այս հանրության մոտ առկա են եղել չփարատված կասկածներ կամ մտահոգություններ:
Ըստ Արթուր Դավթյանի՝ օգտագործելով հանրային աջակցության այս ռեսուրսը, անհրաժեշտ է դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցների գործադրմամբ էականորեն ակտիվացնել նմանատիպ հանցագործությունների, դրանք կատարողների բացահայտմանը, քրեական պատասխանատության անխուսափելիության ապահովմանն ուղղված աշխատանքները:
«Բազմաթիվ գործերով, որոնցով համարվել է, որ արվել է առավելագույնը, հարկավոր է ակտիվացնել նախաքննությունը, անհրաժեշտության դեպքում վերսկսել կասեցված վարույթները: Ըստ այդմ՝ ըստ ենթակայության, դատախազության ստորաբաժանումների ղեկավարների կողմից այդ գործերով պետք է հետաքննության համապատասխան մարմիններին տրվեն հանձնարարություններ՝ կտրուկ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքները: Ընդ որում՝ հանձնարարականները չպետք է կրեն ձեւական բնույթ. հստակ պետք է նշել՝ կոնկրետ ում կամ ինչ ուղղություններով պետք է իրականացվեն օեպրատիվ-հետախուզական միջոցառումներ: Բացի դրանից, այդ բոլոր գործերով պետք է ակտիվ քննչական գործողություններ սկսելուն ուղղված ցուցումներ տրվեն քննիչներին»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Հանձնարարվել է դատախազական ներգործության գործիքակազմի կիրառմամբ միջոցներ ձեռնարկել հատկապես ԱԱԾ քննչական վարչության, ՀՀ ՀՔԾ-ի եւ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթներում գտնվող նման գործերով քննության պլանների թարմացման, քննչական գործողությունների նոր ուղղությունների մշակման ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազը մատնանշել է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կատարված սպանությունների բացահայտումը, որոնց քննության արդյունավետության բարձրացմանը նպաստելու նպատակով, օգտվելով «Դատախազության մասին» նոր օրենքով ստեղծված հնարավորությունից, ձեւավորվել է նախաքննության նկատմամբ հսկողության դատախազների խումբ, եւ արդեն իսկ հետաքննության մարմիններին տրվել են օպերատիվ–հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ:
Ի թիվս քննարկման առարկա դարձած նման խնդրահարույց այլ գործերի՝ խնդիր է դրվել ակտիվացնելու նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, որի նպատակով քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի կողմից արդեն վերցվել է ՀՀ ՔԿ վարույթից եւ փոխանցվել ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթին, ինչպես նաեւ հանձնարարվել է այս գործի շրջանակներում եւս ստեղծել դատախազների խումբ:
Մեծապես կարեւորվել է նմանատիպ, ինչպես նաեւ չբացահայտված այլ գործերով վարույթի ակտիվ մասնակիցների՝ դիմում-բողոքների կապակցությամբ կամ անհատական նախաձեռնությամբ պարտադիր անձնական ընդունելությունների կազմակերպումը՝ արդյունավետ համագործակցության ձեւավորման, ինչպես նաեւ քննության ուղղությունների ճիշտ տակտիկական մոտեցումները ձեւակերպելու նպատակով:
Բացի վերոնշյալ գործերից, շեշտվել է նաեւ դատախազական մեխանիզմների կիրառմամբ խոշոր հարկերից խուսափելու, կանխամտածված սնանկության հատկանիշներով հարուցված եւ կասեցված, ՀՀ դատախազության համար առաջնահերթություն հանդիսացող կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու, դրանցով եւս ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ եւ քննչական ու դատավարական գործողությունների կատարւմը պահանջելու խնդիրը:
Արթուր Դավթյանը հանձնարարել է նաեւ ուսումնասիրության առարկա դարձնել ՀՀ գլխավոր դատախազի եւ նրա տեղակալների կողմից հետաքննության մարմիններին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով տրված հանձնարարությունների կատարման վիճակը՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման տեսանկյունից դրանց իրացման արդյունավետությունը գնահատելու եւ համապատասխան հետեւություններ կատարելու համար:


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր