ՀՀ վարչապետը ճաշել է RT-ի գլխավոր խմբագիրի հետ. լուսանկար
Ռուսական միջազգային անգլալեզու RT, ինչպես նաև Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ճաշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Սիմոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պահին ճաշում ենք Փաշինյանի հետ: Երեկ նա հարցազրույց է տվել մեր հեռուստաընկերությանը, իսկ այժմ ճաշի սեղանին ես բաժակ բարձրացրի հայ-ռուսական բարեկամության համար և հետաքրքրվեցի, թե ինչ է նա մտածում այդ բարեկամության մասին: Նա ասաց, որ այժմ հարաբերությունները ոչ թե վատ, այլ ավելի լավ կլինեն, և նա համոզված է, որ դրանք արդեն ավելի լավն են դարձել: Հենց դրա համար էլ խմեցինք»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:
Նա հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է, որ ՀՀ վարչապետի հետ ճաշի ընթացքում հայկական գինի են խմել:
Հունիսի 13-ին մեկնարկած երկօրյա աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, նա Կրեմլի պալատում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:
Հունիսի 14-ին ՀՀ վարչապետը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: