«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

18 հուլ 2018 11:23

Ինչո՞վ են պաշտոնյաները կաշկանդված.ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել

Ինչո՞վ են պաշտոնյաները կաշկանդված.ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել«Նորանշանակ պաշտոնյաների, կառավարության ներկայացուցիչների կողմից հնչում են խոսքեր, կարծիքներ, որոնք որոշ դեպքերում քննադատության են արժանանում հասարակության կողմից: Օրիգինալ երևալու ցանկությո՞ւն, թե՞ ուղղակի կառավարման ոլորտում անփորձության հետևանք է սա: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցը մի քանի կողմերից է դիտարկում:

«Եթե պաշտոնյան ոչ թե ընկերների, այլ բարձրախոսի առաջ է խոսում, բնականաբար, պետք է հաշվի նստի իր ասածի հետ: Իհարկե, ամենառաջին պայմանը սուտ բան չասելն է: Նաև չասել բաներ, որոնց մասին տեղյակ չէ: Պաշտոնյայի համար մյուս ամենակարևոր սկզբունքը կոնկրետ լինելն է: Այսինքն`վերացական բաներ չի կարելի ասել, որովհետև վերացականի տակ մարդիկ կարող են ընկալել և ըմբռնել ամեն ինչ: Ամեն դեպքում, պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ անձանց մի մասն ամբողջ կյանքում պաշտոն չի զբաղեցրել: Նրանք նոր են նշանակվել: Կարծում եմ` քննադատությունները կսթափեցնեն, կսովորեցնեն նրանց, որպեսզի հավասարակշռեն ասածները: Բոլոր դեպքերում կոռեկտ խոսքը շատ կարևոր է բոլորի, առավել ևս` պաշտոնյաների համար»,-«Փաստի»-ի հետ զրույցում ասաց հոգեբանը: Սամվել Խուդոյանն առանձնացրեց նաև փաստերով խոսելու սկզբունքը:

«Օրինակ` հայտնի դեպքերով Նիկոլ Փաշինյանը խոսեց կոռուպցիոն ռիսկերի մասին: Ոչ մի կոռեկտություն չկար, բայց քանի որ կային փաստեր, կար ճշմարտություն, բոլորը ձեռքերը վեր էին բարձրացնում: Պաշտոնյան չի կարող կարծիք հայտնել գուշակության մակարդակով: Նման դեպքերում, կարծում եմ, պատճառն անփորձությունն է. ելույթը բարձրախոսի առաջ էապես տարբերվում է մյուս ելույթներից: Եթե հանրության առաջ եմ խոսում, ամեն մի բառը պետք է կշռեմ, որ իմանամ նաև դրանից բխող հետևանքները: Նորանշանակները պետք է շատ բաներ սովորեն: Պետք չէ նրանցից հարյուր տարվա փորձ ունեցողների հմտություններ պահանջել: Իսկ անզգույշ արտահայտած մտքի դեպքում պետք չէ պաշտպանվել, այլ պետք է ներողություն խնդրել` «կներեք` անզգույշ եմ արտահայտվել», և ժողովուրդը միանգամից կհասկանա:
Փաստերով պետք է խոսել, եթե մի բան ասում ես, պետք է կարողանաս ապացուցել և վերջ: Այդ սկզբունքով պետք է առաջնորդվեն: Պետք չէ մշակել մյուսների մտքերը: Եթե վստահ չես, ասա, որ դա քո սուբյեկտիվ կարծիքն է, որ այն պետության ու իշխանության մյուս ներկայացուցիչների կարծիքը չէ: Այդ դեպքում ոչ ոք չի վերցնի ու քեզ չի ոչնչացնի»,–նշեց հոգեբանը: Սամվել Խուդոյանը նոր իշխանության մի շարք ներկայացուցիչների մոտ հոգեբանական խնդիր է տեսնում: «Երբ սկսում են խոսել, ակնհայտ է դառնում, թե որքան կաշկանդված են: Կան նաև տագնապի նշաններ: Իհարկե, նրանց մեջ կան վաղուց հայտնի հանրային դեմքեր, ովքեր հանգիստ և կոռեկտ են խոսում: Բայց նորերի մոտ, ովքեր նոր են հայտնվում էկրանի կամ բարձրախոսի առաջ, տագնապ կա:
Լարված հետևում են, որ սխալ բաներ չասեն, բայց, միևնույն է, սխալներ են թույլ տալիս: Բացի այդ, պետք է հաշվի առնենք, որ այդ մարդկանց դեմ նախկին իշխանությունների մի ամբողջ բանակ է աշխատում: Ֆիլտրում են, գտնում սխալներ, գրառումներ: Յուրաքանչյուր սխալ խոշորացույցով դեմ են տալիս ու ասում` տեսե՛ք, այսպես ասաց, հիշե՛նք` ինչպես է ասել և այլն: Իսկ ժողովուրդը շատ ուշադիր է նոր իշխանությունների վարքի, պահվածքի նկատմամբ: Իդեալականացված են ընկալում նոր իշխանություններին, և այդ պատճառով էլ սպասում են, որ ոչ մի սխալ չպետք է թույլ տան: Բնականաբար, ժողովրդի սպասումը շատ մեծ է` իդեալ են ուզում տեսնել: Ամենաչնչին արտահայտությունների նկատմամբ ուշադիր են»,- եզրափակեց հոգեբանը»:
«Փաստ» օրաթերթ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր