Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

25 հուլ 2018 13:44

Ս. Սարգսյանը ցանկացել է՝ պետությունը «Վահագնի»-ում տուն գնի, պարսպապատի. թաղամասից դեմ են

Ս. Սարգսյանը ցանկացել է՝ պետությունը «Վահագնի»-ում տուն գնի, պարսպապատի. թաղամասից դեմ ենՍերժ Սարգսյանը շարունակում է «անօթեւանի» կարգավիճակում մնալ եւ աջ ու ձախ ընկած իրեն հարմար առանձնատուն է փնտրում: Սերժ Սարգսյանի ընտրած տունը պետությունն անհատույց պետք է տրամադրի նրան կամ գնի, եթե այն պետության հաշվեկշռում չի գտնվում: 
Սերժ Սարգսյանը պետության հաշվեկշռում առկա առանձնատները ուսումնասիրելուց հետո այժմ էլ մասնավոր սեկտորում է սկսել տուն փնտրել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի աշխատակիցներն օրերս նրա համար առանձնատուն են փնտրել «Վահագնի» թաղամասում: Սակայն Սարգսյանը մեկ նախապայմանով է ցանկություն հայտնել այնտեղ տեղափոխվել եւ բնակության հաստատել: Բանն այն է, որ նա ուզում է այն առանձնատունը, որը կգնի իր համար պետությունը, նաեւ պարսպապատվի եւ առանձնացվի թաղամասում առկա մյուս առանձնատներից: Նրա գրասենյակի աշխատակիցները «Վահագնի» թաղամասը տակն ու վրա անելուց հետո գտել են այնպիսի մի առանձնատուն, որը գտնվում է թաղամասի անկյունային հատվածներից մեկում: Ցանկության դեպքում այն կարելի է ցանկապատել, սակայն «Վահագնի» թաղամասի ադմինիստրացիան մերժել է Սերժ Սարգսյանի գրասենյակի ներկայացուցիչների նման պահանջը՝ նշելով, որ դա թաղամասում սահմանված կարգի կոպիտ խախտում է:
«Հայկական ժամանակ»-ին «Վահագնի» թաղամասի վաճառքի բաժնից փոխանցեցին, որ հնարավոր չէ թաղամասի որեւէ հատվածում առանձնատունը պարսպապատել:
«Պարսպապատելը լրիվ արգելված է: Տունն ում համար ուզում է լինի՝ մեզ մոտ պարիսպ կառուցելը լրիվ արգելված է»,- ասաց վաճառքի բաժնի Արշալույս անունով աշխատակիցը:
Նա նշեց, որ մի քանի առանձնատներ կան, որոնք գտնվում են թաղամասի անկյունային հատվածներում: Մեզ առաջարկեցին հստակ նշել, թե որ տան մասին է խոսքը, որպեսզի կարողանան հիմնավոր ներկայացնել, թե ինչու չի կարելի այն պարսպապատել: Միաժամանակ վաճառքի բաժնից փոխանցեցին, որ վերջին շրջանում, մասնավորապես, մեկ շաբաթվա ընթացքում եղել է առաջարկ առանձնատունը գնելու եւ այն պարսպապատելու հետ կապված: «Վահագնի» թաղամասից չմանրամասնեցին, թե ովքեր են նման առաջարկությամբ հանդես եկել, քանի որ, ըստ նրանց, դա համարվում է գնորդի անձնական տվյալների հանրայնացում է:
Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տեղեկությունը հնարավոր չեղավ ճշտել, քանի որ գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն ամբողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի գրասենյակից «Վահագնի»-ի թաղամասում առանձնատուն գնելու շուրջ քննարկումներ չեն եղել: Սերժ Սարգսյանի գրասենյակից այս տարբերակի շուրջ կառավարությանը որեւէ բան չեն առաջարկել հավանաբար այն պատճառով, որ «Վահագնի» թաղամասից մերժել են պարիսպ կառուցելու նրանց ցանկությունը:
Մեր հարցին, թե որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել պետական բյուջեից Սերժ Սարգսյանի բնակարանի համար, ՀՀ կառավարությունից պատասխանեցին, որ հարցը քննարկումների փուլում է:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը, որպես պաշտոնաթող ՀՀ 3-րդ նախագահ, ցանկանում էր, որ իրեն տրամադրվի Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ էր եղել նրա այս ցանկությանը, քանի որ կառույցը նախ օգտագործվում է պետության կարիքների համար եւ հետո այն իր չափերով ավելի մեծ, թանկարժեք է, քան նախորդ երկու պաշտոնաթող նախագահներին տրված առանձնատները:
«Հայկական ժամանակ»-ն ԱԱԾ-ից փոխանցված գրավոր պատասխանի հիման վրա արդեն տեղեկացրել է, որ ԱԱԾ-ի ընդունելությունների տունն իր հարակից յոթ շինություններով ու հողամասով արժի մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար: Ի դեպ, կառավարությունը ԱԱԾ ընդունելությունների տան մոտակայքում գտնվող մեկ այլ առանձնատուն է առաջարկել Սերժ Սարգսյանին, բայց վերջինս հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ հնարավոր չէ ապահովել իր անվտանգությունը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր