Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

26 հուլ 2018 20:00

Ինչո՞ւ չի կայացել Նորատուսցի Ալիկի ու մյուսների արյունոտ «ռազբորկայի» գործով նիստը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ պետք է շարունակվեր 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:
Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը՝ «Բդո» մականունով:
Շենգավիթի դատարանում այսօր ժամանակը հետ էր հոսել՝ 20-րդ դարի 90-ականներն էին վերադարձել:
Դատարանի բակում՝ հենց մուտքի մոտ, մի քանի օր չհեռացված աղբի հսկայական կույտն իր գարշահոտով դիմավորեց և ուղեկցեց դատարան: Նման բան այս դատարանի շենքի՝ համեմատաբար խնամված բակում չէր եղել:
Դատարանի շենքում մեկ այլ անակնկալ էր սպասվում՝ շենքը հոսանքազրկված էր ժամը 12-ից: Հոսանքի միացման վերաբերյալ հակասական լուրեր էին շրջում, ահա թե ինչու այս ծանր գործով նիստը մի քանի անգամ կես-կես ժամով հետաձգվեց՝ հույսով, որ հոսանքը կմիացվի: Ասում էին՝ ժամը 16-ին հոսանքը կմիացվի, հետո՝ 16-ն անց 30-ին, հետո՝ 17-ին: Բայց շենքն այդպես էլ հոսանքազրկված մնաց, այնպես որ՝ նախագահող դատավորը ժամը 17-ն անց 05-ին դատական նիստը վերջնականապես հետաձգեց: Տարակուսելի է, որ դատարանից էլցանց զանգահարողները ստույգ պատասխան չէին ստանում՝ ինչու է շենքը հոսանքազրկված և ստույգ՝ երբ կմիացվի հոսանքը…
Այս նիստում մեղադրող դատախազը պետք է հանդես գար ճառով: Դատախազ Գևորգ Գևորգյանը ներկայացել էր պատրաստված՝ ճառը՝ թղթապանակի մեջ, բայց այդպես էլ չճառեց:
Դատական նիստը սկսվեց-ընդմիջվեց-հետաձգվեց՝ որպես համր կինո: Ապակեպատ դահլիճի ապակիներից անդին դատավարության կողմերի ու նախագահողի արտաբերած խոսքերը չէին հասնում դահլիճում գտնվողներին՝ հոսանքի բացակայության պատճառով:
Դատախազից տեղեկացա, որ դատավորը նիստը հետաձգել է հետևյալ պատճառաբանությամբ ՝հոսանքի բացակայությամբ պայմանավորված՝ հնարավոր չէ ապահովել դատական նիստի հրապարակայնությունը…
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա արձակուրդային սեզոնի ավարտից հետո՝ սեպտեմբերի 11-ին: Մեղադրողը հանդես կգա արդեն պատրաստ ճառով…
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Արմեն Գասպարյանը՝ «Բդոն», հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը, թիկնապահը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:
Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:
Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր