Քրեական գործ է հարուցվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում՝ չարաշահումների դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.06.2018թ. թիվ 1459-Ա հրամանով կատարված ուսումնասիրությամբ հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ նյութերը։
Նշված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ բժշկական կենտրոնն իրականացրել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով անվճար բժշկական և սպասարկման ծառայություն, որի ընթացքում արձանագրվել են մի շարք չարաշահումներ։ Մասնավորապես՝ ՓԲ ընկերության մի շարք աշխատակիցներ, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր, որի միջոցով խարդախությամբ հափշտակել են բժշկական կենտրոնին փոխանցված առանձնապես խոշոր չափերի գումար։ Նախնական տվյալներով՝ պետությանը պատճառված գումարի չափը կազմում է մոտ 519.073.350 ՀՀ դրամ։
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ հուլիսի 30-ին հարուցվել է քրեական գործ, ստեղծվել քննչական խումբ։
Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները, պետությանը պատճառված վնասի իրական ծավալները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։