Տեսանյութ. Իրեն հրավիրել էի ներկայացման, եկավ, տեսավ, թե ինչ պայմաններում ենք աշխատում, հանդիսատեսը սարսափելի պայմաններում է ներկայացում դիտում

Ժիրայր Դադասյանը նշեց, որ Երևանի մնջախաղի պետական
թատրոնը Մակեդոնիայի Վելեսի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ
թատրեկան փառատոնին և արժանացել Գրան Պրիի`«Արդաղիոն» ներկայացման համար: Մնջաղաղի թատրոնը հրավեր է ստացել և փառատոնին մասնակցել է հյուրի կարգավիճակով, սակայն թատրոնի հետարքիր ներկայացումը անտարբեր չի թողել փառատոնի կազմակերպիչներին.«Ընդ որում, բոլորը «խոսող» թատրոններ էին,
միայն մենք էինք Մնջախաղի թատրոն: Իսկ Վոլոգդայում «Պատմության ձայներ» փառատոնին մասնակցել
ենք ժյուրիի նախագահի հրավերով: Չելյաբինսկի փառատոնի ժամանակ էր հանդիպել եւ հրավիրել:
Վոլոգդայում պատվավոր հյուր էինք, մրցույթից դուրս էինք, բայց մեզ տրվեց քաղաքապետի
հատուկ մրցանակ»:
Անդրադառնալով Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային
7-րդ փառատոնին, որը այս տարի չկայացավ ՀՀ
մշակույթի նախարարության կողմից չֆինանսավորվելու պատճառով՝ Ժիրայր Դադասյանն
ասաց, որ իրենց բյուջեն ամենափոքրն է եղած փառատոների մեջ` ընդամենը 16 մլն դրամ, չնայած մարզային տարածվածությանը. «Մշակույթի նախարարությունում լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, թեև տեսանյութեր էի տարել հանդիպման ժամանակ, որ դիտեին ու կարծիք կազմեին: Մի քանի օր անց զանգեցին ու ասացին` որ մի 8 միլիոն դրամ տանք, հերիք չի՞: Իսկ դա արդեն լուրջ չէ: Ես առաջարկեցի` նախկինի նման երկու տարին մեկ անել փառատոնը, բայց` նորմալ»,-ասաց Ժիրայր Դադասյանը:
Ժիրայր Դադասյանը նաև ասաց, որ բացի Ծաղկաձորից ու Դիլիջանից, նախատեսված էր նաև այս տարի Իջևանում անցկացնել մնջախաղի փառատոնը: «Բայց տեսաք, թե ինչ եղավ»,-կատակեց նա, հավելելով, որ ծրագրեր կային նաև 2018 թ ԱՊՀ մայրաքաղաք ճանաչված Գորիսի հետ կապված, սակայն, հասկանալի պատճառներով, այդ ամենը չիրականացավ:
Անդրադառնալով Մնջախաղի թատրոնի «Պիեռոյի երազը» ներկայացմանը, որով 2019-ին պետք է բացվեր Մնջախաղի թատրոնի նոր շենքը՝ Ժիրայր Դադասյանը նշեց, որ ներկայացումը ներշնչված է «Էլեկտրիկ-Երեւանի» ցույցերից, հերոսներից մեկը քաղաքացիական ակտիվիստ է, կա նաև լրագրողուհու կերպար. «Ժամանակի բոլոր խորհրդանիշները կան ներկայացման մեջ: Հերոսը, որ ակտիվիստ է, համաձայն չէ այն ամենի հետ, ինչն իրեն շրջապատում է, իսկ թե ինչ է ուզում տեսնել, դա արդեն «երևում» է երազում»:
Ինչ վերաբերվում է Մնջախաղի Պետական Թատրոնի շենքի ճակատագրին Ժիրայր
Դադասյանն ասաց. «Մենք չգիտենք, թե երբ կսկսվի և երբ կավարտվի մեր տարածքի շինարարությունը: Եթե մի քանի ամիս առաջ մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանն ասում էր, որ շինարարությունը կսկսվի մայիս ամսին և կավարտվի հաջորդ տարվա մայիսին, ու ընդհանուր առմամբ՝ կծախսվի 260 մլն դրամ, որը կառավարության հատկացումն է, մենք էլ պատկերացնում էինք, որ վերջապես կունենանք մեր անկյունը, ապա այսօր չգիտենք. թե ինչ է լինելու: Նախագիծն արված, ավարտված է, բայց այնտեղ կան տեխնիկական խնդիրներ: Մշակույթի նախարարի հետ չեմ հանդիպել, ծանոթ չենք, առիթ չի եղել խոսելու: Ընդունել է փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Ինքն առաջարկել էր նամակ գրել, մանրակրկիտ շարադրել խնդիրները, ինչը և արեցինք: Մեկ ամիս է անցել, սակայն դեռ պատասխան չենք ստացել, թեև տիկին փոխնախարարն ասաց, որ խնդիրը պետք է շուտափույթ լուծվի, որպեսզի նման պայմաններում այլևս չաշխատենք:
Ես իրեն հրավիրել էի ներկայացման, եկավ, տեսավ, թե ինչ պայմաններում ենք մենք աշխատում Պատանի հանդիսատեսի թատրոնում: Եթե մեր դահլիճը լիներ, մենք նման բան թույլ չէինք տա: Հանդիսատեսը սարսափելի պայմաններում է ներկայացում դիտում, իսկ նրանց մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները: Սա մշակույթի նախարարության թատրոնն է, նախարարությունը պետք է շահագրգիռ լինի,
որ հարցը լուծվի, միայն իմ շահագրգիռ լինելով չի: Երբ ես շահագրգիռ եմ լինում, մենք
Գրան պրի ենք ստանում, որովհետև դա մեր խնդիրն է, մեզանից է կախված, իմ աշխատանքի որակից:
Բայց թատրոնի շենքի շինարարությունն ինձանից կախված չէ, պետության թատրոնն է և պետությունը
պետք է ապահովի դա»,-նկատեց Ժիրայր Դադասյանը: