Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

29 օգոս 2018 21:00

ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի՞. ՀՅԴ-ն անդրադարձել է լուրերին

Օգոստոսի 29-ին որոշ կայքերի «Մամուլի տեսություն» բաժնում իբրև «Ժամանակ» թերթի նյութ, հրապարակվել է ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող Միքայել Մանուկյանին վերաբերող մի հոդվածից հատված, որն իրականության հետ աղերս չունի։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:
Կուսակցության տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.
«1in.am կայքում, օգոստոսի 28-ին, ժամը 18։04 հրապարակվել է Սոնա Հարությունյանի ստորագրությամբ մի հոդված՝ 1in.am, ուր ակնհայտ կեղծ և արժանապատվությունը վիրավորող տեղեկություններ են հրապարկվել և գնահատականներ են տրվել ՀՅԴ Երևանի ավագանու ցանկը գլխավորող, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանի հասցեին։
Սույնով ներկայացնում ենք կեղծ տեղեկությունների անհիմն լինելու փաստարկները:
1. Լրագրողը գրում է՝ «Ուշագրավ է, որ ՀՅԴ թեկնածու Միքայել Մանուկյանը քրեական անցյալ ունի…»։ Մարդուն քրեական անցյալի համար կարող են մեղադրել, եթե այդ հանցանքն ապացուցված է դատարանի որոշմամբ և որը չի կորցրել վաղեմության ժամկետը։ Քրեական գործն անգամ դատարան չուղարկված, նույն նախաքննական մարմնի գործը կարճվել է: Միքայել Մանուկյանը, քաղաքական պատճառներով 12 ամիս, կեղծ մեղադրանքով անազատության մեջ գտնվելով, արդարացվել է, ինչպես նրա հետ անազատության մեջ գտնված իր բոլոր չորս ընկերները:
2. Լրագրողը գրում է՝ «սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր և տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան»։ ՍՈՒՏ է այս տեղեկությունը։ Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում հայտարարելը, հեռուստատեսությամբ նրա լուսանկարը ցույց տալը այդ օրերին էլ, շատերի համոզմամբ, ուներ քաղաքական ենթատեքստ և տեղավորվում էր օրվա իշխանության՝ ՀՅԴ նկատմամբ սանձազերծված լայնածավալ հարձակման տրամաբանության մեջ։ Այդ իսկ պատճառով, Միքայել Մանուկյանը ներկայացավ ԱԱԾ՝ նախապես տեղյակ պահելով այդ օրերին գործող մի քանի լրատվամիջոցների։ ԱԱԾ մուտքի մոտ, բազում քաղաքացիների և լրագրողների ընկերակցությամբ, իբր ողջ Հայաստանով փնտրվող «կասկածյալ» Միքայել Մանուկյանը, մի շարք լրագրողների և ԱԺ պատգամավորների ներկայությամբ, ստիպված էր շուրջ 40 րոպե կանգնել ու սպասել ԱԱԾ գլխավոր մուտքի դիմաց։ Պարզապես քննիչները խառնվել էին և իրենց սցենարը տապալվել էր. Միքայել Մանուկյանն իր ոտքով էր եկել նախաքննական մարմին։
3. Միքայել Մանուկյանին եւ ընկերներին ուղղված մեղադրանքներն այնքան հիմնազուրկ էին, որ անգամ քննության համար ձեւավորված աշխատանքային խմբի առաջին ղեկավարը հրաժարվեց գործը քննել, ինչից հետո այն փոխանցվեց ոչ անհայտ, հետագայում ԱԱԾ պետ դարձած Կարլոս Պետրոսյանին։ (առնվազն լրագրողը նրա հետ կարող էր զրուցել, որի ՀՅԴ նկատմամբ մեղմ ասած ոչ բարեկամական վերաբերմունքը բոլորին է հայտնի)։
4. Այդ ժամանակ ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված առավելագույն կալանքի ժամկետ սահմանված 9 ամիսների ընթացքում, նախաքննական մարմինը չկարողացավ գտնել որևէ փաստ։ Ժամանակ շահելու համար, այդ օրվա քաղաքական իշխանությունը գնաց աննախադեպ քայլի. մի քանի օրվա ընթացքում, հապճեպ Ազգային Ժողովի քվեարկությամբ փոխվեց ՀՀ քերադատավարական օրենսգիրքը, և նախնական կալանքի ժամկետը դարձրեցին 12 ամիս, որպեսզի վերևից իջեցված քաղաքական պատվերը քրեորեն հիմնավորեն և Միքայել Մանուկյանին հայտարարեն Համբարձում Գալստյանի սպանության մեղավոր։ Սակայն հաջորդ երեք ամիսների անարդյունք աշխատանքից հետո, նախաքննական մարմինն ու քաղաքական իշխանությունը ստիպված էին ընդունել իրենց ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ։
5. Լրագրողը գրում է «…Ըստ շրջանառվող լուրերի՝ այլևս քաղաքապետի լիազորություններ չունեցող Գալստյանի հետ ՀՅԴ-ն բիզնես խնդիրներ էր ունեցել, որոնք լուծում չէին ստացել»։ Նախ, ՀՅԴ-ն երբեք չի ունեցել տնտեսական հետաքրքրություններ։ Միաժամանակ, լրագրողի տարիքը թերևս թույլ չի տալիս, որ հիշի ինչ լուրեր էին այդ օրերին շրջանառվում, ու օդից վերցրել է կեղծ մեղադրանք ՀՅԴ տնտեսական շահերի մասին։ Այնինչ այդ օրերին բոլորը գիտեին, մամուլը գրում էր, թե Համբարձում Գալստյանը ինչ խոր հակասություններ ուներ իր անդամակցած ՀՀՇ վերնախավի որոշ անդամների հետ։
6. Լրագրողը, խախտելով անմեղության կանխավարկածը, լրագրողական էթիկայի նորմերը, առանց երկու կողմերի կարծիքը լսելու, դիմել է միայն Միքայել Մանուկյանի դեմ սարքված քրեական գործի գլխավոր «ճարտարապետներից մեկին»՝ այդ ժամանակ ԱԱԾ պետի տեղակալ, այդ օրերի ԱԱԾ պետ Դավիթ Շահնազարյանի մերձավոր ազգական, ոստիկանության համակարգից, նոր ԱԱԾ տեղափոխված և իր ոչ պրոֆեսիոնալիզմով հայտնի Գուրգեն Եղիազարյանի օգնությանը։
7. Գուրգեն Եղիազարյանը ՍՏՈՒՄ է, ասելով, որ «…Իսկ Միքայել Մանուկյանին ես եմ բռնել հետախուզում հայտարարելուց հետո...»: Վերոշարադրյալում նշել ենք, որ Միքայել Մանուկյանն անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:
8. Գուրգեն Եղիազարյանը շինծու գործն արդարացնելու համար հղում է անում Համբարձում Գալստյանի եղբոր վկայությանը, թե իբր «Գալստյանի եղբայրն էր ասել, որ Մանուկյանն է եղել...»: Եղիազարյանը ՍՏՈՒՄ է, քանի որ Համբարձում Գալստյանի եղբոր և Միքայել Մանուկյանի առերեսման ժամանակ, առաջինը լոկ արդեն հետախուզում հայտարարելու հաղորդագրությունում ցուցադրված լուսանկարով է նմանեցրել Մանուկյանին, բայց հաստատապես չի կարողացել պնդել։ Ինչն էլ հիմք է դարձել, որ հակառակ քաղաքական պատվերին, նախաքննական մարմինն անգամ չհամարձակվի այդ վկայությունը մեղադրանքի հիմքում դնել։
9. Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի մասնագիտական ունակություններին, մենք չէ, որ պետք է դատողություն անենք։ Դրա մասին պարբերաբար լավագույնս բարձրաձայնել են ԱԱԾ պաշտոնյաները, երբ անգամ նրան սվիններով են ընդունել իր պաշտոնավարման օրերին, ինքն էլ կես տարվա պաշտոնավարումից հետո ստիպված էր հեռանալ այդ համակարգից։ Եթե կարիք լինի, կարող ենք պարոն Եղազարյանի հիշողությունը թարմացնել. Օրինակ՝ մեկ այլ քրեական գործով այնքան ոչ մասնագիտորեն էր կեղծել մի խնդրահարույց փաստաթուղթ, որ պարզապես պաշտոնազրկման էր արժանացել՝ ոչ որակյալ կեղծման համար։
Ինչ վերաբերում է 1in.am կայքի ազնվությանն ու անաչառությանը։ Այն, որ հստակ է արժանավոր թեկնածուներից մեկին սևացնելու միտումը, վկայում են թեկուզ հոդվածը պատրաստելուց նրա կարծիքը չլսելը և հակառակ խոսքի հնարավորություն չտալը։ Նյութն առավել շատ տարածում գտնելու համար, կայքը «հետաքրքրական» քայլի է դիմել։ Հոդվածը կայքում տեղադրվել է օգոստոսի 28-ի երեկոյան 18։04-ին՝ 1in.am, ապա առավոտյան հրապարակվել է նույն կայքի տպագիր «Ժամանակ» թերթում, ապա տպագրումից հետո, իր իսկ հրապարակած հոդվածը 1in.am կայքը, օգոստոսի 29-ին, 08։16-ին, «ՀՅԴ քրեական թեկնածուն. Միքայել Մանուկյանը մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության համար.
«Ժամանակ»» վերնագրով կրկին հրապարակել է կայքում՝ 1in.am:
Առաջին անգամ չէ, որ այս կայքն իր ոչ օբյեկտիվ, ոչ մասնագիտական, կեղծ ու ապատեղեկատվություն պարունակող հոդվածներով ու լուրերով հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։
Պարբերաբար ՀՅԴաշնակցության կառույցը ևս հայտնվել է 1in.am կայքի թիրախում, հիմնազուրկ հրապարակումներով։ Ամեն անգամ, ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքի մտասևեռումով, անուշադրության ենք մատնել այդ հրապակումները։ Մենք օգտվելու ենք ՀՀ օրենսդրությամբ մեզ տրված բոլոր միջոցներից, մեր կազմակերպության, մեր ընկերների հեղինակությունն ու պատիվը պաշտպանելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր