Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը          Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում    

27 սեպ 2018 12:41

Դիֆթերիան հնարավոր է Հնդկաստանից հասնի Հայաստան.ԱՆ-ն զգուշացնում է

Դիֆթերիան հնարավոր է Հնդկաստանից  հասնի Հայաստան.ԱՆ-ն զգուշացնում էՀայաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է Հայաստանում դիֆթերիա վարակիչ հիվանդության տարածման ռիսկերի մասին՝ անդրադառնալով տեղեկություններին, որ երկարատեւ հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիան աշխարհում վերադառնում է:
Նշվում է, որ շատ կարճ ժամանակում նորանոր երկրներ են ընդգրկվում համաճարակային գործընթացում՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա, Եմեն եւ այլն: Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:
Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու եւ հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք՝ առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց եւ շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան համակարգերը, հատկապես սիրտ, նյարդային համակարգ, առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են եւ հիվանդությունը 10% դեպքերում բերում է մահվան: Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը:
Չնայած մանկական բնակչության շրջանում դիֆթերիայի պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշները բարձր են, նույնը չենք կարող ասել մեծահասակների համար: Հարուցիչը երկիր ներբերելու դեպքում մեծ է տարածման հավանականությունը, հատկապես մեծահասակ բնակչության շրջանում, խոցելի կլինեն նաեւ պատվաստումից հրաժարված երեխաները: Դիֆթերիայի կանխարգելման միակ միջոցը պատվաստումներն են: Նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է լինել ավելի զգոն, դիֆթերիայի պատվաստում ստանալու համար ներկայանալ տարածքային պոլիկլինիկա, եթե վերջին 10 տարվա ընթացքում չեք պատվաստվել:
Հայաստանում վերջին անգամ դիֆթերիայի դեպք է գրանցվել 2000 թվականին: Ըստ պատվաստումների ազգային օրացույցի այս հիվանդության դեմ պատվաստումները կատարվում են՝ մինչեւ երեխայի մեկ տարեկանը` եռանվագ, 6, 12, 18 շաբաթականում, 4-րդը 18 ամսականում, հաջորդը 6 տարեկանում, հետո 15-16 տարեկանում: Այնուհետև յուրաքանչյուր 10 տարին մեկ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր