«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

06 հոկ 2018 18:38

«Արա՛, էդ իմ վրա՞ ես ծիծաղում». 29-ամյա ալավերդցին փայտով խփել-ջարդել է իրեն նկատողություն անողի գլուխը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:
29-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին Կարեն Հ.-ն իր կնոջ հետ Ալավերդի քաղաքի մշակույթի տուն է գնացել՝ կինո դիտելու:
Կինոդիտման ընթացքում Արման Բ.-ն անցել է Կարեն Հ.-ի ու նրա կնոջ մոտով, այդ ժամանակ Կարենը ծիծաղել է, իսկ Արման Բ.-ն ենթադրել է, թե նա իր վրա է ծիծաղում ու դիտողություն է արել:
Կինոդահլիճում վիճաբանությունը չի շարունակվել, բայց նույն օրը, ժամը 21-ի սահմաններում Ալավերդու Երիտասարդական փողոցում գտնվող դեղատան մերձակայքում Արման Բ.-ն ու Կարեն Հ.-ն հանդիպել ու վիճել են: Վիճաբանության ընթացքում Կարեն Հ.-ն, ըստ մեղադրանքի, գետնից փայտ է վերցրել ու մեկ անգամ շեշտակի հարվածել է Արման Բ.-ի գլխին՝ նրա առողջությանը բաց գանգուղեղային վնասվածքի, գագաթոսկրի բազմաբեկոր, ներհրված կոտրվածքի, ձախ գագաթային բլթի միջին սալջարդի, էպիդուրալ հեմատոմայի ձևով պատճառելով ծանր վնաս:
Արման Բ.-ն գլխի վնասվածքը ստացել, ընկել է գետնին՝ ընկնելու ժամանակ ստանալով նաև թեթև վնասվածք քունքագագաթային շրջանում:
Կարեն Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե տուժողին հարվածել է վախից, ցանկացել է պաշտպանվել, երբ տուժողի ձեռքին տեսել է «լոմիկ»: Այսինքն՝ Կարեն Հ.-ն ընդունել է, որ Արման Բ.-ին ինքն է հարվածել, բայց պնդել է, թե ծանր վնասվածք հասցնելու դիտավորությամբ չի խփել:
Ըստ Կարենի՝ դեպքի օրն ինքը կնոջ հետ գնացել է կինո: Մինչև ֆիլմի սկսվելը իրենք զրուցել ու ծիծաղել են: Արման Բ.-ին էլ թվացել է, թե իր վրա են ծիծաղում: Նա հարցրել է. «Արա՛, էդ իմ վրա՞ ես ծիծաղում, ա՛յ տղա»: Ինքը պատասխանել է. «Հետս կարգին խոսա, քո վրա ծիծաղող չկա»:
Ֆիլմի վերջանալուց հետո գնացել են տուն: Ինքը երեխայի համար պիտի մանկական կեր գներ, խնդրել է, որ ընկերը մեքենայով իրեն տանի այդ ժամին բաց դեղատուն: Մինչ այդ՝ Արման Բ.-ն զանգել է իրեն ու հանդիպում է պահանջել: Ինքը նրա ասածը բանի տեղ չի դրել:
Երբ գնացել են Ալավերդու հիվանդանոցի մոտ գտնվող դեղատուն, ինքն իջել է ընկերոջ մեքենայից, իսկ ընկերը շրջադարձ է կատարել: Այդ վայրում ինքը պատահական տեսել է Արման Բ.-ին: Մոտեցել է՝ ցանկանալով հարցնել՝ ինչո՞ւ իր կնոջ ներկայությամբ իր հետ վատ տոնով խոսեց ու դիմեց «արա»-ով:
Արմանն այդ ժամանակ իրեն հայհոյել է: Ինքը նրա թևքի մեջ նկատել է «լոմիկ», վախեցել է, ինքնապաշտպանության մղումով մի քայլ հետ է գնացել, տեսել է աղբամանի մոտ ընկած փայտի կտորը, վերցրել ու խփել է Արմանի գլխին: Նա վայր է ընկել: Ինքը հեռացել է դեպքի վայրից, իսկ իր ընկերները Արմանին տարել են հիվանդանոց:
Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում Կարեն Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա չի հայտնել Արման Բ.-ի մոտ «լոմիկ» տեսնելու մասին: Տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ տուժողն ասել է, թե Կարենին տեսնելով՝ վախեցել, մեքենայից «լոմիկ» էր վերցրել, թաքցրել թևքի մեջ՝ ապահովության համար: Այդ հարցաքննությունից հետո Կարենը հետագա ցուցմունքներում սկսել է պնդել, թե Արմանի ձեռքին «լոմիկ» տեսնելով՝ վախեցել ու ինքնապաշտպանության մղումով է նրա գլխին հարվածել փայտով:
Դատարանն արձանագրել է, որ տուժողը Կարեն Հ.-ի նկատմամբ լինգ գործադրելու նույնիսկ փորձ չի կատարել… Այդ մասին հայտնել է տուժողը՝ չնայած լինգը թևքի մեջ էր դրել, բայց հարվածելու նպատակ չուներ… Լինգը վերցրել էր միայն վախեցնելու նպատակով:
Ըստ տուժողի՝ երբ ինքը հայհոյել է Կարենին, նա գետնից փայտ է վերցրել ու խփել է իր գլխին, ինքն ընկել ու այլևս ոչինչ չի հիշում: Արթնացել է հիվանդանոցում… Իրեն հիվանդանոց են տեղափոխել Կարենի ընկերները…
Տուժողը բողոք չի ներկայացրել ամբաստանյալի դեմ:
Տուժողի հայրը հայտնել է, թե Կարենի հարազատները հավաստիացրել են, թե կհոգան հիվանդանոցային ծախսերը: Նրանք հատուցել են առաջին վիրահատության ծախսերը, վճարել են 1 միլիոն 100 հազար դրամի չափով, խոստացել են հատուցել նաև երկրորդ վիրահատության ծախսերը՝ 839 հազար դրամ, և հատուցել են: Ամբաստանյալից պահանջ, բողոք չունեն:
Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Հ.-ի խնամքին են երկու մանկահասակ երեխաները, տուժողի բուժման ծախսերն ամբողջությամբ հատուցվել են, ամբաստանյալի արարքը պայմանավորված է եղել նաև տուժողի հակաօրինական, հակաբարոյական վարքագծով, տուժողը և նրա ներկայացուցիչը ամբաստանյալի դեմ բողոք չեն ներկայացրել:
Կարեն Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, այդ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր