Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

24 հոկ 2018 14:34

Ինչը ստիպեց ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանին՝ հրաժարվել մանդատից

Ինչը ստիպեց  ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանին՝ հրաժարվել մանդատիցԱյսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն անակնկալ կերպով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Հոկտեմբերի 24-ի նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Թվում է, թե սովորական ընթացակարգ է, մայր է, կին է, հոգնել է, ի վերջո, իր իրավունքն է, որ հաջողությամբ իրացրել է։ Սակայն, երբ մի փոքր հայացք ես գցում դեպքերի խորքը, հարցեր են առաջանում։
Ընդամենը 2 ամիս հետո, միևնույն է, Ռուզաննա Մուրադյանն արդեն պատգամավոր չէր լինելու, և այսօրվա հրատապությունը, մեղմ ասած, տարակուսելի է։
Ժամանակին դպրոցի տնօրենից անմիջապես պատգամավոր դարձած Ռ. Մուրադյանը չէր ներկայացնում ՀՀԿ գաղափարական թևը, դժվար է հիշել դեպք, որ նա սկզբունքային տարակարծություն ունենա իշխանությունների հետ, մշտապես ենթարկվել է կուսակցական կարգապահությանը, ուրեմն ինչո՞ւ հենց հիմա, այլ ոչ՝ մայիսին կամ դրանից առաջ մանդատը վայր դնելու մասին դիմում չներկայացրեց, այլ հենց հիմա։
Այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ Ռուզաննա Մուրադյանն ընդամենը օրեր առաջ կողմ է քվեարկել նոր Ընտրական օրենսգրքին, ինչը հակասում է ՀՀԿ խմբակցության որոշմանը։
Դժվար է, իհարկե, Ռուզաննա Մուրադյանին համարել սկզբունքային պատգամավոր, առավել դժվար է հավատալ, որ նա հանկարծ զինվել է իրավաբանական այնպիսի գիտելիքներով, որոնք նրա համար ակնհայտ են դարձրել նոր ԸՕ-ի բացահայտ առավելությունները, բայց փաստն այն է, որ վերջինս, դեմ գնալով խմբակցության որոշմանը, կողմ է քվեարկել օրենսգրքին։ Լավ է արել, իր իրավունքն է։
Բայց երբ մի փոքր էլ ենք հետ գնում ու հիշում Ռուզաննա Մուրադյանի հետ կապված մամուլի հրապարակումները, կարծես թե փազլը հավաքվում է։
Այսպես, ըստ նույն այդ հրապարակումների՝ 2017թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակացություն է ստացել` 20 մլն դրամի չափով: Նույն գումարը ստացել է նաև նախորդ 2 տարիներին։ Եվ քանի որ միության պաշտոնական կայքէջում բացակայում էր ամենակարևոր տեղեկությունը՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը, ոչ մի տեղ նշված չկար, թե միության ղեկավարությունը կոնկրետ ինչ է արել ստացած պետական միջոցները, ինչպես է ծախսել կամ ում է տվել, այդպես էլ անհասկանալի մնաց, թե, ի վերջո, ո՞ւր են գնացել դրանք։
Բացի այդ, պարզվեց, որ հանրապետական պատգամավորը, օգտագործելով իր կապերը, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ով ևս դրամաշնորհ է ստացել, այս անգամ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:
Ժամանակին տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ այդ տեղեկությունների` Մուրադյանը նախատեսել էր այդ թեմատիկայով ձեռնարկը բաշխել դպրոցներին, որին, սակայն, խոչընդոտել է ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ): Բանն այն է, որ, երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել Կրթության և գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին:
Արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլոց՝ Ռուզաննա Մուրադյանի կազմակերպությունը նույնպես դրամաշնորհ է ստացել, որի միջոցներով նաև տպագրել են վերը նշված բովանդակությամբ բրոշյուրներ: Եվ  ամենաուշագրավն այն է, որ ՎՊ-ն հասել էր կարևոր արդյունքի. ԿԳՆ-ն արգելել է այդ բրոշյուրները տպարանից դուրս հանել, առավել ևս՝ բաշխել դպրոցներին:
Ռուզաննա Մուրադյանի գործուն միջամտությամբ էր, թերևս, պայմանավորված նաև վերջինիս դստեր՝ Լիլիթ Անտոնյանի՝ Երևանի թիվ 125 ապահովող դպրոցի տնօրեն դառնալը։
Ի դեպ, այդ դպրոցն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, և ներառական դպրոց տիկին Անտոնյանը հրաժարվել էր ընդունել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի, ինչը նույնպես բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։
Ժամանակին մամուլը Ռուզաննա Մուրադյանին և Լիլիթ Անտոնյանին մեղադրեց նաև ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։
Իհարկե, նշված բոլոր մեղադրանքները Ռուզաննա Մուրադյանը հերքել է։
Այսքանը՝ մամուլի հրապարակումների մասին, իսկ միգուցե կան նաև չհրապարակվա՞ծ դրվագներ, որոնք էլ հենց պատեհ առիթով գործող իշխանությունները հիշեցրել են տիկին Ռուզաննա Մուրադյանին։
Ինչևէ, Ռուզաննա Մուրադյան այլևս կաշկանդված չէ պատգամավորի մանդատով, քվեարկությունների չի մասնակցելու, դիրքորոշում չի հայտնելու, և, որ ամենակարևորն է, մամուլի էջերում չի հայտնվելու։

 
168.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր