Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»          Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»       Մայիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հոկ 2018 12:48

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

 Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱյն, որ հանրապետականները կամ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչներ քննադատել կամ քննադատում են Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով տարբեր մանիպուլյացիաների մեջ, թերևս, տեղավորվում է տրամաբանության մեջ, սակայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն է քննադատում ինքն իրեն՝ մեղադրելով կեղծիքի ու մանիպուլյացիայի մեջ, թերևս, տեղավորվում է միայն հեղափոխական «Դմփ-դմփ հու»-ի տրամաբանության մեջ: Չնայած, ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե մեղադրում է ինքն իրեն, այլ ոմն ժամանակավոր պաշտոնակատար քննադատում է ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Այսպես, 2 օր առաջ Ազգային ժողովում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը (այսուհետ՝ Ժ/Պ-ն) ելույթ ունեցավ որպես վարչապետի թեկնածու՝ պատգամավորներին կոչ անելով չընտրել իրեն: Սակայն իրական զավեշտը ոչ թե այս հայտարարությունն էր, այլ դրան հաջորդած կես ժամանոց ելույթը, որը ոչ այլ ինչ էր, քան հերթական հրապարակախոսական ճառը: Վարչապետի թեկնածուն այս անգամ էլ փորձեց իրեն հատուկ լրագրողական մանիպուլյացիաներով շրջանցել երկրի համար կարևորագույն նշանակության հարցերը՝ խոսելով առավելապես սկանդալային, և, իր բնորոշմամբ՝ նախադեպը չունեցող երևույթների մասին: Սակայն, ի հեճուկս Ժ/Պ-ի, ճառն ընդհատվեց պատգամավորների հարցերով՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը «գյոզալական ճառը» կտրեց երկրի տնտեսական աճի մասին տխուր թվերով:

Անդրադառնալով տնտեսական աճի վերաբերյալ պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին՝ վարչապետի Ժ/Պ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած պնդումները կեղծ են եղել: Հունիսին տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշ էր գրանցվել, սակայն պարզվել է, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, բուքմեյքերական ընկերություններում գումար դնելու հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել , իսկ նման ճանապարհով տնտեսական աճ մենք չենք ուզում:
Իյաաա, իրո՞ք… ակամայից ցանկանում էս մեջբերել Սերժ Սարգսյանի հայտնի դարձած բառակապակցությունը: Պարոն Ժ/Պ, նոր հասկացա՞ք: Բա որ հունիսին Հանրապետության հրապարակում հանրահավաքում ձայնալարերը կտրելու աստիճան բարձր, կանգնած գոռում էիք՝ «ժողովո՛ւրդ, մեր հեղափոխությունը բացառիկ է նաև այն պատճառով, որ չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը, հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է. գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և կան բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել», ի՞նչ է, այդ ժամանակ չէի՞ք հասկանում՝ ինչ էիք գոռում:
Ինչևէ, ձեզ 3 ամիս ժամանակ է պետք, որ հասկանաք, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը ինչի՞ հաշվին է աճել: Էլ չասենք, թե դուք և ձեր թիմակիցներն ինչպիսի՞ լուտանքներ էիք թափում այն տնտեսագետների երեսին, ովքեր հանդգնում էին ասել, որ այդ տնտեսական աճն ընդամենը խաղադրույքների արդյունք է: Ի՞նչ պատահեց, որ միանգամից հասկացաք: «Դմփ-դմփ հու»-ն այլևս չի օգնում ժողովրդին մոլորեցնելու համար, հիմա էլ որոշել եք ինքներդ ձե՞զ մեղադրել: Թե՞ օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում և հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում ելույթ ունեցող անձը նույն Նիկոլ Փաշինյանը չէ: Իսկ միգուցե ձեզ մոտ էլ է իրավիճակ փոխվել, ու այդ փոփոխության արդյունքում ոմն վարչապետի Ժ/Պ հանդգնում է ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր հպա՛րտ քաղաքացիների առջև արված հայտարարությունը համարել կեղծ: Հետաքրքիր է, ինչո՞ւ է այս Ժ/Պ վարչապետը Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկել, չի՞ հասկանում, որ մի օր էլ, հնարավոր է, իրեն պառկեցնեն ասֆալտին:
Իսկ եթե լուրջ, ապա Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր ելույթով ապացուցեց մի պարզ բան. ինքը պատրաստ է դեմ գնալ բոլորին, անգամ ինքն իրեն, նա պատրաստ է «փուռը տալ» անգամ իր ամենահավատարիմ ենթականերին, նա ցանկացած պահի պատրաստ է ամենագռեհիկ ու կոպիտ ձևով մեղադրել բոլորին՝ միայն թե կարողանա ժողովրդի աչքին թոզ փչել ու ամենախելացին ու ամենաճիշտը երևալ: Եթե այսօր Փաշինյանն իր նախկին հայտարարությունն է կեղծ համարում, վաղը նույն հաջողությամբ մեղադրելու է ԱՎԾ պետին՝ տնտեսական աճի թվերը կեղծելու մեջ, ՊԵԿ նախագահին՝ հարկերը թաքցնելու մեջ, Ֆինանսների նախարարին՝ բյուջեն չկատարելու մեջ, և այս ամենը միայն նրա համար, որ վաղը դուրս գա հրապարակ և մինչև «լարից ընկնելը» գոռա՝ ժողովո´ւրդ, ԱՎԾ պետը թվերը կեղծում է, ՊԵԿ նախագահը հարկերը թաքցնում է… Դմփ-դմփ հուուուու…
Իսկ եթե ավելի լուրջ ամփոփենք այս տրագիկոմեդիան, ապա պետք է փաստենք մի բան. Նիկոլ Փաշինյանի արածը այսօր ոչ այլ ինչ է, քան ընտրազանգվածի պայքար: Ընտրված ռազմավարությունը հայտնի հռոմեական «բաժանիր որ տիրես»-ի մոդեռնիզացված տարբերակն է: Կհարցնեք՝ ինչպե՞ս… Շատ պարզ: Տնտեսության մեջ առաջացնում է երկու ուժերի մեջ հակադրություն, և նրանց երկուսին էլ խոստանում ընտրություններից հետո հարցը լուծել իրենց օգտին: Այդպես է Ամուլսարում, այդպես է Ալավերդիում, Այդպես է ԼԳՏԲ-ի դեմ պայքարում, և այլն: Արդյունքում՝ երկու ուժերն էլ իրենց օգտին լուծում ակնկալելով՝ սկսում են սատարել, որպեսզի չկորցնեն իրենց, այսպես ասած, շանսը: Սակայն վարչապետի խորամանկ Ժ/Պ-ն մինչև ընտրություններ ոչ մի հարցի լուծում չի տալիս, որովհետև հարցը լուծելու դեպքում կողմերից մեկը դժգոհ է մնալու, իսկ այսպես երկուսն էլ ակամայից համալրում են Փաշինյանի ընտրազանգվածը:
Փաշինյանը նման մեթոդով իր քաղաքական հարցերը լուծելով՝ մոռանում է մի պարզ բան, որ տնտեսությունն այս ընթացքում գահավիժում է ներքև, ևս մի քիչ, ու ինքը կարող է անգամ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ չձգել, որովհետև որքան էլ ժողովրդին դուր գա հեղափոխական էյֆորիան, սոված փորով, ձմեռվա ցրտին «Դմփ-դմփ հու» անելը այնքան էլ հաճելի չէ, հատկապես, որ դրա արդյունքում կարող է պարզվել՝ «մարդ ա վատացել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր