Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

28 հոկ 2018 19:52

Ցավը սթրեսի «մարմնական դիմակն» է

Ցավի հոգեբանական տեսությունների իմացությունը անհրաժեշտ է ցավի հիմնախնդրի  հասկացման և հաղթահարման գործընթացում համալիր մոտեցում ապահովելու համար: Գրականության մեջ հաճախ են անդրադարձել ցավի ֆիզիոլոգիական տեսություններին` ստվերում թողնելով հոգեբանական ասպեկտը, նաև այդ պատճառով հետաքրքիր կլինի տեղեկանալ ցավի հոգեբանական տեսություններին ցավի մասին պատկերացումն ամբողջական դարձնելու համար:  Ցավի հոգեբանական տեսություններից ներկայացնենք հոգեվերլուծական տեսությունը, հոգեմարմնական տեսությունը,  կոգնիտիվ սխեմայի տեսությունը, սթրեսի տեսությունը:
 
Հոգեվերլուծական տեսության շրջանակներում Զ. Ֆրոյդը ցավը դիտել է որպես հոգեվերլուծության գործընթացի կողմնացույց և եզրակացրել, որ ենթագիտակցականում թաքնված կոնֆլիկտների «առաջնային դրսևորումը» հրահրում է ցավ, իսկ այդ կոնֆլիկտների վերլուծական «բուժումը» վերացնում է այն: Սկսած Զ. Ֆրոյդի ժամանակներից՝  քրոնիկական ցավով պացիենտների ամուսնական փոխհարաբերություններին նվիրված հետազոտությունները բացահայտել են անբավարարվածություն իրենց ամուսնությունից և սեռական կյանքից: Ընտանեկան հիմնախնդիրներից կարելի է առանձնացնել ամուսինների կոնֆլիկտային իրադրությունները քննարկելու և բացասական զգացմունքների` զայրույթի, նյարդայնության, վշտի բացահայտ արտահայտման բացակայությունը: Հավանաբար քրոնիկական ցավն այդ պացիենտների շրջանում ձևավորվում է կոնվերսիայի մեխանիզմով, որի դերի մասին վկայում են մի շարք մասնագետներ: 
 
Հոգեմարմնական տեսության մեջ Գ. Էնգելը հիմնավորում է, որ ցավը կարող է գոյություն ունենալ որպես «զուտ հոգեկան ֆենոմեն»՝ առանց ծայրամասից ստացվող ցավային ազդակի: Նրա կարծիքով որոշ պացիենտների մոտ ցավը մեղքի զգացումը թուլացնելու միջոց է, մյուսների մոտ` ուժեղ ագրեսիվ հակումների առկայությունը արգելքի հանդիպելով, հանգեցնում է ցավի դրսևորման: Կորստի կամ կորստի վտանգի դեպքում երբեմն առաջանում է ցավ՝ «փոխակերպման» մեխանիզմով:  Տվյալ տեսության մեջ ցավը բացառիկ կարևոր դեր է կատարում անհատի հոգեբանական կյանքում: Այս իմաստով Ա. Մենեգետտին (2005 թ.), ցավը համարում է կատարսիս, հոգևոր դեղամիջոց:
 
«Կոգնիտիվ սխեմայի» տեսությունը (Ս. Հ. Դոնիաս, 1991) ցավը դիտարկում է որպես սթրեսը հաղթահարելու հակազդում: «Արդյունավետ սխեման» գործելու դեպքում առաջանում է կարճատև ցավ, որը չեզոքացնում է չափից ավելի ուղեղային ակտիվությունը: Հետագայում պաշտպանական մեխանիզմները հյուծվելու դեպքում գործում է «արատավոր սխեման» աննշան ազդակին տրվում է անհամապատասխան ուժեղ և տևական ցավի պատասխան, որը համապատասխանում է քրոնիկական ցավի փուլին:
 
Սթրեսի տեսության համաձայն` ցավը սթրեսի «մարմնական դիմակն» է: Սթրեսին տրվող այսպիսի հակազդումը դիտարկվում է դեռևս մանկական տարիքում, երբ հոգեբանական խնդիրները երեխաների շրջանում դրսևորվում են որովայնային ցավերով՝ ընտանեկան անբարենպաստ մթնոլորտի կամ առօրյա կենսակերպի փոփոխությունների ժամանակ (առաջին օրերը մանկապարտեզում կամ դպրոցում):  Այն կարող է դրսևորվել նաև մեծահասակների շրջանում, օրինակ՝ Ա. Թադևոսյանն իր «Սթրեսաբանություն» գրքում մեջբերել է, որ պացիենտներից մեկը գանգատվել է մեջքի և ոտքի ցավերից ամեն անգամ բնակարանային հարցով քաղաքի վարչակազմի հետ պլանավորված այցելության նախօրյակին:
 
Վերը ներկայացված տեսությունները հաստատում են հոգեբանական գործոնների նշանակալի դերը  ցավի առաջացման, հասկացման, հաղթահարման գործընթացում:
Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար,
հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր