Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

02 նոյ 2018 19:20

Տեսանյութ.«Քշի՛, արա՛, խի՞ ես կայնել, գա՛զ տուր». Մալաթիայում «Ջոնին» կրակոցներով սպանել է հորաքրոջ տղային

Տեսանյութ.«Քշի՛, արա՛, խի՞ ես կայնել, գա՛զ տուր». Մալաթիայում «Ջոնին» կրակոցներով սպանել է հորաքրոջ տղայինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Դեղոյանի գործի դատական քննությունը:
23-ամյա Դավիթին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանությանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Դեղոյանն օժանդակել է իր հորաքրոջ որդի, 31-ամյա Կարեն Մինասյանի կողմից 38-ամյա Արշակ Գ.-ին սպանելուն՝ «նախապես Կարեն Մինասյանին խոստացած լինելով վերացնել խոչընդոտները, հանցագործության գործիքները, միջոցներն ու հետքերը, թաքցնել սպանությունը կատարողին»:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին, ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը, ով հայտնի է «Ջոնի» մականունով, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Բաբաջանյան փողոցում, իր մեքենայում ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել և դիտավորությամբ կյանքից զրկել է Արշակ Գ.-ին:
Այս գործով անցնողները բարեկամներ են՝ սպանված Արշակ Գ.-ն սպանող Կարեն Մինասյանի հորաքրոջ որդին էր, իսկ Կարեն Մինասյանն իր հերթին նույնպես հորաքրոջ որդի է՝ ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած, ծանր հանցագործության՝ սպանության օժանդակության համար մեղադրվող Դավիթ Դեղոյանի հորաքրոջ որդին:
Այս սպանությունից տարիներ առաջ Կարեն Մինասյանը, ցանկանալով «Հաղթանակ» թաղամասում դեղատուն բացել և գումարի կարիք ունենալով՝ իր հորաքրոջ որդի Արշակից պարտքով վերցրել է 25 հազար դոլար՝ խոստանալով պարտքի մարումը շատ չձգձգել:
Սակայն ժամանակն անցել է, նա չի վերադարձրել հորաքրոջ որդուց վերցրած գումարը:
Արշակը սկսել է անհանգստանալ, պարբերաբար հիշեցրել է Կարենին, ապա և՝ պարբերաբար պահանջել է վերադարձնել պարտքը, նույնիսկ այլ մարդիկ են խառնվել պարտքի վերադարձման հարցի լուծմանը: Սակայն Կարենը, ըստ տեղեկությունների, պարտքի մի մասն է վերադարձրել, իսկ մնացած գումարի վերաբերյալ ասել է, թե Արշակին «տալիք չունի»:
Պարտքը չմարելու հողի վրա Արշակի ու Կարենի բարեկամական հարաբերությունները լարվել, վատացել են, դարձել են թշնամական:
Ըստ մեղադրանքի՝ Կարեն-«Ջոնին» նախապես ձեռք է բերել ու իր «Նիսան Տիդա» մեքենայում պահել է հրազեն հանդիսացող ինքնաձիգ՝ փամփշտատուփով ու փամփուշտներով: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Դավիթ Դեղոյանը՝ Կարենի քեռորդին, տեղյակ է եղել Կարենի մտադրությանը:
Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան Կարենն իր մեքենայով, որի ղեկին Դավիթ Դեղոյանն էր, շրջագայել է երևանյան փողոցներում: Շրջագայության ընթացքում Կարենը նկատել է Արշակի մեքենան, որ կայանված էր իրենց ընթացքից ոչ հեռու: Նա Դավիթից պահանջել է, որ վերջինս մեքենան վարի դեպի Արշակի մեքենան ու կանգնի նրա մոտ:
Դավիթը կատարել է հորաքրոջ որդու պահանջը: Ըստ մեղադրանքի՝ Կարենը Արշակին հարցրել է՝ ինչո՞ւ է այդ վայրում կայանել մեքենան, և Արշակը, ըստ մեղադրանքի, պատասխանել է հայհոյանքով:
Ժամը 23-ն անց 52 րոպեին Կարեն Մինասյանը մոտեցել է Արշակի մեքենային, հանել է ինքնաձիգը ու ձախ կողմից կրակոցներ է արձակել Արշակի վրա՝ նրան պատճառելով բազմաթիվ վնասվածքներ ու զրկելով կյանքից:
Ըստ մեղադրանքի՝ համաձայն Դավիթի հետ ունեցած պայմանավորվածության, Կարենը իր մեքենայով, որի ղեկին Դավիթն էր, անմիջապես մեկնել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթներից մեկի հետ պայմանավորվելով, որ նա գումար հասցնի օդանավակայան:
Օդանավակայանում, ըստ մեղադրանքի, Դավիթը հանդիպել է Կարենի ծանոթ Համբարձումին, վերջինս 100 հազար դրամ է տվել, որը Դավիթը փոխանցել է Կարենին: Վերջինս անմիջապես գնել է Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի տոմս և հեռացել է Հայաստանից:
Մինչ այժմ Կարեն Մինասյանը հայտնաբերված չէ, նա գտնվում է հետախուզման մեջ՝ դիտավորյալ սպանության ու ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով: Այդ գործից անջատված մասով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Դեղոյանին:
Վերջինս Կարենի փախուստից հետո, ըստ մեղադրանքի՝ սպանության գործիքն ու հետքերը թաքցնելու նպատակով, Կարենի մեքենայի բանալին հանձնել է Կարենի կնոջ եղբորը՝ Գևորգին, նրան հայտնել է նաև մեքենայի մեջ գտնվող զենք-զինամթերքի մասին: Գևորգը մեքենան ու նրա մեջ գտնվող ապօրինի զենք-զինամթերքը թաքցրել է:
Որոշ ժամանակ անց, երբ Դավիթ Դեղոյանը կալանքի տակ է առնվել, խուզարկություններ են կատարվել այս գործով անցնողների տներում, Գևորգն ինքնակամ նախաքննական մարմնին է հանձնել Կարենի մեքենան ու մեքենայի մեջ իր կողմից հայտնաբերված ինքնաձիգը, փամփշտատուփն ու փամփուշտները:
Դատաքննության սկզբում ամբաստանյալ Դավիթ Դեղոյանը հայտարարել է. «Գիտեմ՝ ինչի համար եմ մեղադրվում… Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում… Էդ ամեն ինչը իմ համար պատահական է եղել, ես չէի ուզի, որ նման բան լինի»:
Դատարանը ամբաստանյալի հարցաքննության փուլում է:
Դավիթ Դեղոյանը ցուցմունք տալու ցանկություն հայտնեց: Դատավորը մեկ անգամ ևս նրան բացատրեց ցուցմունք տալու-չտալու հետ կապված՝ ամբաստանյալի իրավունքները:
Դավիթ Դեղոյանը հայտնեց, որ զբաղվել է թանի ու սառը սուրճի արտադրությամբ: Ինչ վերաբերում է իր հորաքրոջ որդի Կարեն Մինասյանի՝ «Ջոնիի» «զբաղմունքներին», ապա, ըստ Դավիթի, «Հաղթանակ» թաղամասի բնակիչ Կարենը դեղատուն ուներ, ապահովագրական ընկերություն…
Դավիթ Դեղոյանը հայտնեց, որ դեպքի օրվա ցերեկն իրեն զանգել է Կարենն ու առաջարկել է հանդիպել, բայց ինքը գտնվում էր աշխատավայրում՝ արտադրամասում, ասել է, որ դեռ գործեր ունի:
1-1,5 ժամ հետո Կարենը նորից է զանգել, ասել է, թե մի երկու բաժակ խմել է, չի ուզում մեքենայի ղեկին նստել, խնդրել է, որ Դավիթը գնա նրա մեքենան վարելու:
Դավիթը գնացել, նստել է Կարենի «Նիսան Տիդա» մեքենայի ղեկին, Կարենին տարել է Նորք-Մարաշ թաղամաս, որտեղ Կարենը հանդիպել է ընկերոջը՝ Էդգարին: Կարենը մնացել է Էդգարի հետ՝ Դավիթը Կարենի մեքենայով գնացել է տուն:
Ժամը 23-ի սահմաններում Կարենը զանգել է Դավիթին, ասել է՝ արի ինձ տար տուն: Դավիթը գնացել է: Կարենը նստել է աջ ղեկով մեքենայի վարորդի հետևի նստատեղին:
«Բանգլադեշում» Կարենը նկատել է իրենց ընթացքի հակառակ մայթի մոտ կայանված Արշակի մեքենան: Նա Դավիթին պատվիրել է մոտենալ Արշակի մեքենային: Երբ Դավիթը մեքենան կայանել է Արշակի մեքենայի առջևի մասում, Կարենը պահանջել է, որ նա «հետ տա» մեքենան՝ ասելով.
«Ուզում եմ դեմքը տենամ»:
Երբ Դավիթը հետընթաց է կատարել, «շրխկոց» է լսել. «Ֆռռացի հետ, ու այդ պահին Կարենը կրակեց… Ես գլուխս բռնեցի երկու ձեռքով ու կռացա դեպի ռուլը: Երբ կրակոցները դադարեցին, Կարենը գոռաց՝ քշի, քշի, ի՞նչ ես կանգնել… Ես վեր թռա… Կարենն ասավ՝ քշի աէրոպորտ…»:
Օդանավակայանում Կարենը պահանջել է, որ Դավիթը գնա մուտքի մոտ, ասել է՝ քեզ մարդ կմոտենա ու գումար կտա:
Դավիթը գնացել է մուտքի մոտ, ինչ-որ մեկը մոտեցել է, այդ պահին Դավիթը, իր ասելով, նույնիսկ չի ճանաչել, թե այդ ով էր, նա գումար է տվել, Դավիթն այդ գումարը հանձնել է Կարենին:
Դավիթ Դեղոյանն ասաց. «Ես շատ վատ վիճակում էի, չգիտեի՝ ինչ ա կատարվում… Իմ հորքուրի տղեն կրակոցներով սպանել էր իր հորքուրի տղուն…»:
Դավիթը հայտնեց, որ Կարենին ճանապարհելուց հետո, Կարենի մեքենան թողնելով օդանավակայանում, ինքը պատահական տաքսիով գնացել է Կարենի աներձագ Գևորգի մոտ, Կարենի մեքենայի բանալին հանձնել է նրան, հետո գնացել է տուն: Ցանկացել է իր հոր հետ խորհրդակցել, հորն ասել է, որ Արշակը սպանվել է: Ինքը ցանկացել է հոր հետ անմիջապես գնալ ոստիկանություն, բայց հայրը, տեսնելով իր շատ վատ վիճակը, խորհուրդ է տվել քնել, ուշքի գալ, լույսը բացվելուց հետո գնալ ոստիկանություն:
Սակայն առավոտյան ոստիկաններն են գնացել Դավիթենց տուն, նրան բերման են ենթարկել. «Ես հենց առաջին օրը մանրամասն պատմել եմ, լիքը բաներ իմ կարծիքով ոստիկաններն ինձնից են իմացել»,- իր ցուցմունքը եզրափակեց Դավիթ Դեղոյանը:
Պատասխանելով իր շահերի պաշտպան, փաստաբան Ս. Ոսկանյանի հարցերին, Դավիթ Դեղոյանն ասաց, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել տուժող Արշակի հետ, Կարենի ու Արշակի վատ հարաբերությունները չեն ազդել իր ու Արշակի հարաբերությունների վրա:
Դավիթն ասաց, որ ինքը Կարենի մեքենան վարել է ոչ միայն դեպքի օրը, նախկինում էլ է պատահել, որ վարել է այն: Ինքը տեղյակ չի եղել, որ մեքենայի մեջ զենք է եղել, չի իմացել նաև, որ Կարենը մտադրություն ունի հանդիպելու Արշակին, առավել ևս՝ որ մտադրություն ունի Արշակին սպանելու:
Ըստ Դավիթի՝ Կարենը նստել է ոչ թե իր կողքին, այլ՝ հետևի նստատեղին՝ ասելով, թե հոգնած է և ուզում է քաղաքում մի քիչ «ֆռռալ»:
Կրակոցների պահին իր հոգեվիճակի մասին Դավիթ Դեղոյանն ասաց. «Շատ ահավոր վիճակ էր, կյանքում տենց բան չէի կարա պատկերացնեմ… Ով էլ լիներ իմ տեղը, չէր կողմնորոշվի՝ ինչ անի… Կատարվածը շատ աբսուրդ բան էր ինձ համար… Ես շրխկոց լսեցի, շրջվեցի, մեկ-երկու վայրկյան հետո կրակոցները եղան՝ երկու-երեք կրակոցից ավել… Կարելի է ասել՝ իմ շրջվելն ու իրա կրակելը մեկ էղան… Եթե ես իմանայի, որ տենց բան ա լինելու, որ իրա մեքենայում զենք կա, չէի գնա, մեքենան չէի քշի… Ես միշտ էլ ասում էի՝ թող Կարենն ու Արշակն իրար հետ լավ ըլնեն, էդ ի՞նչ խնդիր ա, որ մեծ պատմություն դառնա… Բոլորը տեղյակ են, որ ես չեմ խառնվել նրանց խնդիրներին, ինձ հեռու եմ պահել, Արշակին որպես թշնամու չեմ վերաբերվել… Մի անգամ Արշակի ձեռքը վնասվել էր, ես եմ օգնություն ցույց տվել, վիրակապել՝ նրա ընկերներն էլ գիտեն… Կրակոցներից հետո Կարենն ինչ ասել ա՝ արել եմ, իսկ կրակոցների պահին գլուխս, ձեռքերով պահած, դրել եմ ռուլին… Ես կրակոցներից հետո ոնց որ օդերի մեջ ըլնեի… Կրակոցները դադարելուց հետո Կարենի գոռոցից վեր թռա, նա գոռաց՝ քշի՛ արա, խի՞ ես կայնել… Քշել եմ… Նա զենքը ձեռին հետևս նստած էր, մի րոպե առաջ էդ զենքով մարդ էր սպանել… Ո՞վ ըլներ, որ չվախեր, ես կյանքում տենց բանի ներկա չեմ էղել… Նա էլ էր վատ վիճակում, անընդհատ գոռում էր՝ քշի՛, գա՛զ տուր… Ես էլ վախեցած քշել եմ… Ես չէի պլանավորել, որ իմ կյանքում սենց բան լինի…»:
Դավիթ Դեղոյանը նշեց, որ դեպքից հետո ոստիկանություն չի գնացել, որևէ ոստիկանի չի դիմել, քանի որ շատ վատ վիճակում էր և ուզում էր նախ իր հոր հետ խորհրդակցել… Հայրն էլ տեսնելով, որ ինքը ամբողջ մարմնով դողում է, խորհուրդ է տվել քնել, առավոտյան գնալ ոստիկանություն: Ինքը հորը չի ասել, որ ներկա է եղել սպանությանը…
Դավիթը, պատասխանելով պաշտպանի հարցին, ասաց, թե օդանավակայանից տաքսիով է գնացել, որովհետև չի կարողացել նստել Կարենի մեքենան, ցանկացել է հնարավորինս շուտ ազատվել այդ մեքենայից: Քիչ անց Դավիթը նաև հավելեց, թե Կարենի մեքենան չի նստել՝ չցանկանալով մեքենայի միջի հետքերը վնասել, մտածել է՝ թող մնա այնպես, ինչպես դեպքի պահին էր…
Դավիթն ընդգծեց, որ ինքը չի խոչընդոտել քննությանը, հետքեր չի ոչնչացրել, առաջին իսկ օրից ամեն բան մանրամասն պատմել է. «Ոչ մի տառ սխալ չեմ ասել»:
Պատասխանելով մեղադրող Ա. Մելիքյանի հարցերին՝ ամբաստանյալն ասաց, որ ինքը շատ մտերիմ է եղել Կարենի, նրա ընտանիքի հետ: Կարենի ու Արշակի թշնամանքը, իր իմանալով՝ կապված էր Կարենի «ապտեկայի» հետ, որտեղից ինչ-որ գողություն էր եղել… Կարենի ու Արշակի հարաբերությունները վատացել էին վերջին 7-8 տարում:
Դեպքի օրը, երբ ինքը մեքենան վարում էր, իսկ Կարենը նստած էր հետևի նստատեղին, ինքը չի լսել, որ Կարենը հեռախոսով Արշակի հետ խոսի: Հնարավոր է, որ Կարենը հեռախոսով խոսել է, բայց ինքը չի հասկացել՝ նա ում հետ է խոսում, իր կարծիքով՝ Կարենն ու Արշակն իրար հետ չէին խոսում…
Ըստ Դավիթ Դեղոյանի՝ կրակոցներից հետո Կարենն իրենից պահանջել է շատ արագ քշել մեքենան, նա անընդհատ գոռում էր հետևից՝ գա՛զ տուր, գա՛զ տուր… Նույնիսկ խաչմերուկներից մեկում նա պահանջել է անցնել կարմիր լույսով… Կրակոցներից հետո ինքը չի նկատել, թե զենքն ուր է դրել Կարենը…
Պատասխանելով մեղադրողի հարցին՝ Դավիթ Դեղոյանն ասաց, թե չգիտի՝ կրակոցներից հետո ինքն ինչ էր զգում Կարենի հանդեպ. «Խղճի խայթ էի զգում մենակ, որ տներ քանդվան, ուրիշ ի՞նչ զգայի…»:
Օդանավակայանում ինքն ու Կարենը գրկախառնվել են, ինքը հեռացել է. «Նենց չի, որ կրակոցներից հետո Կարենն ինձ սպառնացել ա, թե կսպանի, եթե մեքենան չքշեմ, բայց նա մարդ էր սպանել, երևի նա էլ էր ոչ ադեկվատ վիճակում, նա ինչ ասում էր, ես անում էի, իմ հետ տենց բան չէր էղել… Իմ կարծիքով՝ չարժեր մարդ սպանել…»:
Մեղադրող Ա. Մելիքյանի միջնորդությամբ՝ ամբաստանյալի հարցաքննությունը այս նիստում չավարտվեց, որպեսզի հնարավորություն տրվի տուժողի իրավահաջորդին հաջորդ նիստին ներկայանալու և հարցեր տալու Դավիթ Դեղոյանին:
Ամբաստանյալը պաշտպանի ու մեղադրողի հարցերին պատասխանում էր շատ պատրաստակամ, նա և նրա շահերի պաշտպանը չառարկեցին, որ տուժողի իրավահաջորդն էլ հնարավորություն ունենա հարցեր տալու և պատասխաններ ստանալու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր