«Փաստ».Օդից կախված Հայաստան կամ՝ երբ բոլորը ԺՊ են. սահմանադրական ճգնաժամը հաղթահարված չէ
Նախօրեին, երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո 6–րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց ու հիմա փաստացի կրում է ժամանակավոր Ազգային ժողովի կարգավիճակ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Ժամանակավոր կարգավիճակում է նաև կառավարությունը՝ վարչապետն ու նախարարները ԺՊ կարգավիճակում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Սա, իհարկե, առավել ֆորմալ բնույթ է կրում, բայց այսքանով հանդերձ շատ դիպուկ բնութագրում է այն վիճակը, որում գտնվում է Հայաստանը վերջին ամիսներին:
Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակը, որը մի դեպքում կարելի է բնութագրել որպես երկիշխանություն, մեկ այլ դեպքում փխրուն ստատուս քվո, իր մեջ կրում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական ճգնաժամի վտանգներ: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը չէր նախատեսել Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր ֆորս– մաժորային, ռիսկային սցենարներ, չէր ստեղծել համապատասխան իրավական բուֆերներ, որոնք չէին թողնի, որպեսզի քաղաքական ցնցումները սահմանադրական ճգնաժամի հանգեցնեին:
Միգուցե հիմա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդ ճգնաժամն այլևս վտանգավոր չի թվում, բայց առնվազն երկու ցցուն օրինակներով (իրականում, սակայն, ավելի հաճախ) Հայաստանը կանգնած է եղել սահմանադրական ճգնաժամի էսկալացիայի վտանգի առաջ: Խոսքը մայիսի 1–ի և հոկտեմբերի 2–ի մասին է, երբ երկրում քաղաքական առումով երկիշխանության վիճակը որևէ կերպ չէր հանգուցալուծվում Սահմանադրությամբ ու ստեղծում էր ներքաղաքական բախման լրջագույն վտանգ: Հատկապես, եթե հաշվի առնենք հանրային տրամադրությունները, կողմերի արկածախնդրության որոշակի դրսևորումները, որոնք, փառք Աստծո, վերջին պահին մեղմվում էին զգոնությամբ ու խոհեմությամբ՝ չգնալու ծայրահեղ քայլերի:
Ու չնայած հիմա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, թվում է, թե Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, սակայն մեծ հաշվով մենք դուրս ենք եկել ճգնաժամի միայն քաղաքական հատվածից՝ բացառելով երկիշխանության հեռանկարը: Սահմանադրական ապագա վտանգներից մենք դուրս չենք գա այնքան ժամանակ, քանի դեռ գործող Սահմանադրությունն իր ֆորս–մաժորներ չնախատեսող դրույթներով կպահպանվի:
Ակնհայտ է, որ եթե ապրիլ–մայիս ամիսներին Հայաստանում գործեր նախկին Սահմանադրությունը, ապա մենք ներքաղաքական ճգնաժամը սահմանադրական ճգնաժամով հանգուցալուծելու համար կվատնեինք ոչ թե բավական լարված ութ ամիս, այլ առավելագույնը երկու: Այն հանգամանքը, որ այս փուլում մենք դուրս ենք եկել քաղաքական ճգնաժամից, որևէ կերպ չի երաշխավորում, որ ապագայում այդպիսի ճգնաժամեր չենք ունենալու: Հետևաբար, վաղ թե ուշ, եթե խոսում ենք երկարաժամկետ հեռանկարում կայուն ու կանխատեսելի քաղաքական համակարգ ունենալու մասին, ապա հույսներս պիտի դնենք ոչ թե այս կամ այն ուժի երկարակեցության, այլ Սահմանադրության ու դրա կողմից երաշխավորվող նորմերի վրա, որոնք քաղաքական այս կամ այն ցնցումների, բեկումնային պահերի համար կնախատեսեն հնարավորինս քիչ ռեսուրսներ պահանջող մեխանիզմներ:
Գործող Սահմանադրությունը, որի հիմնական նպատակը նախորդ իշխանությունների ու Սերժ Սարգսյանի վերարտադրությունն էր, մահախոսական դարձավ հենց այդ իշխանությունների համար, միաժամանակ դարձավ ական նոր իշխանությունների ու հեղափոխության առաջին ութ ամիսների համար: Ակնհայտ էր, որ Սահմանադրության փոփոխության հանրային պահանջարկ չկար, այդ պահանջարկն ուներ նախկին իշխող վերնախավը: Հետևաբար, հաշվի առնելով թե՛ հանրային պահանջարկի բացակայությունը, թե՛ այն վտանգները, որ ստեղծեց ու դեռ կարող է ստեղծել գործող Սահմանադրությունը, Հայաստանը կարիք ունի հանրային պահանջարկին, մենթալիտետին հարիր, միաժամանակ քաղաքական ցնցումների ու անցումային իրավիճակների համար երաշխիքներ ու կարգավորող մեխանիզմներ նախատեսող Սահմանադրության:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում