22:00 - Օրվա խորհուրդ. դեկտեմբերի 16-17         21:30 - Տեսանյութ.Կոլումբացի պատգամավորները հարաբերություններ են պարզել՝ գործընկերների վրա առնետներ նետելով      21:15 - Ո՞ր պահին են Կենդանակերպի նշանները հասկանում, որ սիրահարվել են    

28 նոյ 2018 10:53

Սա փորձություն է. Շղթայական բացահայտումներ կարող են լինել, որոնք շոկ կառաջացնեն հանրության մոտ

Սա փորձություն է. Շղթայական բացահայտումներ կարող են լինել, որոնք շոկ կառաջացնեն հանրության մոտ lragir.am   -ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
Պարոն Նորիկյան, նախօրեին վերաքննիչ դատարանը դարձյալ քննում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը, որին մասնակցել է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը՝ հաշվի առնելով նաև այն, որ Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավորին։ Որքանո՞վ էր աննախադեպ իրավիճակը և արդյոք հիմնավորումներ կլինեն Քոչարյանին կալանավորելու համար։

Իհարկե, գլխավոր դատախազի մասնակցությունը Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանում քննվող գործի շրջանակներում լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում, նաև կարող է տարաբնույթ մեկնաբանությունների  տեղիք տալ այն առումով, որ դատախազությունն ամենաբարձր մակարդակով ներկայացել էր դատարան իր կողմից բերված բողոքը պաշտպանելու և իրենց համար ցանկալի արդյունք գրանցելու համար։ Իսկ ցանկալի արդյունքը, ըստ ներկայացված բողոքի տրամաբանության, լինելու է այն, որ Քոչարյանի կալանավորման հարցը մնա ուժի մեջ, այսինքն Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի:
Ըստ էության, դատախազությունը առաջին դեմքի մակարդակով ներկայացել է այդ դատական նիստին պաշտպանելու դատախազության դիրքորոշումը՝ գտնելով, որ առկա է հիմնավոր կասկած Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքի վերաբերյալ և նրան կալանավորումը բխում է գործի հետագա օբյեկտիվ շահերից։ Տեսնենք, թե դատարանն ինչ որոշում կկայացնի։ Բոլոր դեպքերում, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ դատական համակարգը իսկապես գտնվում է փորձության շեմին։ Տեսնենք, թե այդ փորձությունից ինչպես դուրս կգա և արդյոք այդ փորձությունը դրական առումով կանդրադառնա Հայաստանի դատաիրավական համակարգի վրա։ Ես հույս ունեմ, որ մենք կունենանք այնպիսի դատական ակտ, որը կլինի օբյեկտիվ, պատճառաբանված, հիմնավորված և որը որևէ ձևով անձնավորված բնույթ չի կրի։ Այսինքն պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի զուտ նախկինում ունեցած կարգավիճակից, եթե այդ անձը կատարել է իրեն մեղսագրվող արարքներից և առկա է հիմնավոր կասկած, որ նա ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել «Մարտի 1»-ի շրջանակներում հարուցված քրեական գործի քննության օբյեկտիվությանն ու բազմակողմանիությանը, ապա միանշանակ, ես գտնում եմ, որ նա պետք է մնա անազատության մեջ։ Այս գործի առանձնահատկությունն այնպիսին է, որ շղթայական բացահայտումները կարող են բերել այնպիսի բացահայտումների, որոնք շոկ կառաջացնեն հանրության մոտ։ Ռոբերտ Քոչարյանի դերակատարումն այդ գործի շրջանակներում անգերազանցելի է, նրանից բարձր կամ նրանից մեծ դերակատարություն այդ գործի շրջանակներում որևէ մեկը չի ունեցել։
Հաշվի առնելով նաև նախընտրական քարոզարշավի գործոնը, հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի նաև այդ պատճառով։
Քանի որ մենք հիմա նախընտրական թոհուբոհի մեջ ենք գտնվում, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատարանի ցանկացած որոշում իր ազդեցությունն ունենալու է նախընտրական քարոզարշավի վրա։ Եթե կալանավորվի Քոչարյանը և տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, բնականաբար, նախընտրական տրամադրությունների վրա դա ազդելու է, որոշակի շեշտադրումներ են լինելու։ Այն ուժերը, որոնք այսօր դեմ են Նիկոլ Փաշինյանին, շահարկելու են, իրենց տեսանկյունից են ներկայացնելու, որ սա քաղաքական հետապնդում է Քոչարյանի նկատմամբ։ Իսկ այն ուժերը, որոնք շահագրգռված չեն, խնդիրը ներկայացնելու են օրինականության համատեքստում։
Անկախ որոշման բովանդակությունից, ինչ որոշում էլ կայացնի վերաքննիչ քրեական դատարանը այս գործով, այն որոշակի ազդեցություն ունենալու է նախընտրական տրամադրությունների վրա։ Եթե Ռոբերտ Քոչարյանի շարունակի մնալ ազատության մեջ, որոշակի հարցադրումներ են առաջանալու դատարանի նկատմամբ, վարույթն իրականացնող մարմինների նկատմամբ։ Իսկապես այստեղ գործ ունենք մի գործի հետ, որի ցանկացած եզրափակիչ ակտ ազդելու է հասարակական տրամադրությունների վրա։ Այնպես որ, մենք չենք կարող ամբողջությամբ խուսափել այդ ազդեցությունից։

Օրերս տեսանք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ նկատմամբ հարուցվեց քրգործ փողերի լվացման գործով, և դա նույնպես որոշակի շրջանակների կողմից բնութագրվեց որպես ուղղորդված քայլ, քանի որ շատերը իշխանություններին մեղադրում էին, որ շատ դեպքերում նրանք մարդկանց բռնում, բաց են թողնում։
Վաչագան Ղազարյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տրամաչափերի տարբերություն կա։ Սերժի Վաչոն ընդամենը թիկնապահ է եղել, որին Սերժ Սարգսյանը տարիների ընթացքում աճեցրել, դարձրել է գեներալ։ Այստեղ բոլորովին տարբեր տրամաչափի մարդկանց մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանի դերակատարությունը մեր երկրի պատմության համատեքստում և նրա դերակատարությունը «Մարտի 1»-ի գործում համադրելի չէ Սերժի Վաչոյին մեղսագրվող արարքի հետ։ Այլ խնդիր է, որ իսկապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո գրավի կիրառումը դատարանների կողմից շատացել է։ Ընդհանուր առմամբ, գրավի կիրառումը վատ երևույթ չէ, այլ խնդիր է, որ չստացվի, որ դատարանները ընտրովի են մոտենում այս հարցին, հաշվի առնելով անձանց կարգավիճակը, նախկինում ունեցած դիրքը, նյութական ռեսուրսները։
Մեր խնդիրը արդար դատական համակարգի կայացումն է։ Մենք պետք է հասկանանք, թե արդյոք այս քայլերով մենք գնում ենք արդար դատական համակարգի կայացմա՞նը, թե ուղղակի սա որոշակի ժամանակաշրջան է, որից հետո ունենալու ենք նույնպիսի լուրջ խնդիրներ դատական համակարգում, ինչպիսին ունեցել ենք նախկինում։ Ես կարծում եմ, որ դատական համակարգում լրջագույն փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Պետք է արձանագրենք, որ դատական իշխանության մեջ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Այն մարդիկ, որոնք մինչև հեղափոխությունը օրենսդրությամբ և Սահմանադրությամբ կոչված են եղել ապահովելու դատարանների ու դատավորների բնականոն աշխատանքը՝ հանդիսանալով նրանց անկախության երաշխավորը, նրանք շարունակում են մնալ ու պաշտոնավարել։ Լավ դատավորները, որոնց թիվը սահմանափակ է, նույնպես մնացել են։ Իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործը լակմուսի թուղթ և լուրջ փորձություն է դառնալու Հայաստանի դատաիրավական համակարգի համար։ Մենք իսկապես հնարավորություն ենք ունենալու գնահատելու, թե արդյոք հրապարակվում է այնպիսի դատական ակտ, որը վեր է գործադիր իշխանության ազդեցությունից և կրում է օբյեկտիվ, պատճառաբանված, հիմնավորված օրենսդրական կարգավորումների կնիքը։ Մենք ուղղակի դրա հնարավորությունը պետք է ունենանք։ Առաջիկա օրերին կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են լինում այդ գործում։
Գլխավոր դատախազի ներկայությունն այդ դատական նիստին իսկապես աննախադե՞պ էր։
Մի քանի տարբերակներով կարող եմ գնահատել։ Նախ, բոլոր դեպքերում, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և ընտրություններից հետո չի բացառվում, որ նոր իշխանության կողմից խնդիր դրվի նոր Գլխավոր դատախազ ընտրելու։ Սա ես չեմ բացառում, նաև հաշվի առնելով, որ գործող գլխավոր դատախազը ընտրվել է ԱԺ-ի կողմից նախորդ իշխանության տրամաբանության ներքո։ Հետևաբար, նոր իշխանությունը կարող է վստահության խնդիր ունենալ գործող գլխավոր դատախազի վերաբերյալ։ Այսինքն, գլխավոր դատախազի այսօրվա քայլը կարող է հավելյալ վստահություն ստանալու ակնկալիքներ կրել իր մեջ, որ տեսեք ես անձամբ եմ ներկայանում վերաքննիչ քրեական դատարան, որ պաշտպանեմ քրեական վարույթ իրականացնող մարմնի շահերը։
Ելնելով այն կանխավարկածից, որ առհասարակ քրեական դատավարությունում քրեական գործի տերն ու տնօրենը դատախազությունն է, այդ տրամաբանության լույսի ներքո գործող դատախազի քայլը կարող է մեկնաբանվել որպես նոր իշխանությունից հավելյալ վստահություն ակնկալելուն ուղղված քայլ։ Երկրորդ տարբերակը, հնարավոր է, որ գլխավոր դատախազն ինքն է փորձում ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, որ այնուամենայնիվ, անկախ ցանկացած ելքից, սա պատասխանատվություն է, և դատախազությունը փորձում է պաշտպանության տակ վերցնել իր դատախազների խումբը։ Սա, անկեղծ ասած, արտառոց է։ Կտեսնենք, թե որ սցենարը կարող է նրա դատարան ներկայանալու պատճառը հանդիսանալ։
Ձեր կարծիքով ինչո՞ւ են պաշտպանները որոշել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ 
Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված են այն հիմքերը, որոնք հնարավորություն են տալիս դատավարության մասնակիցներին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացնել դատավորին։ Քանի որ դռնփակ դատավարություն է ընթանում, մենք, ցավոք, հնարավորություն չունենք ամբողջությամբ տեղյակ լինելու ներկայացված միջնորդությունների հիմքերին ու պատճառաբանություններին։
Կարծում եք՝ այսօր Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞։
Վարույթ իրականացնող մարմնի առաջ քաշած մեղադրանքի ծավալը, բարդությունը և բովանդակությունը հետևյալն է. խոսքը առանձնապես ծանր հանցագործության մասին է, սահմանադրական կարգի տապալման, այս հանցագործությունից բխող մի շարք այլ ծանր հանցագործությունների բացահայտման մասին, հարյուրավոր մարդկանց նկատմամբ իրականացված հետապնդումների մասին: Չմոռանանք, որ այս ամբողջ գործողությունների արդյունքում ունեցել ենք տասը զոհ, և անմիջական կատարողները բացահայտված չեն։ Այսինքն՝ մենք ունենք հանցագործությունների մի այնպիսի շղթա։ Եվ չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության տարիներին պետությունը վերածել էր մեկ մարդու պետության, նա էր ամեն ինչ որոշում, և նրա դերակատարությունն այնքան մեծ է, որ նրա՝ ազատության մեջ մնալու պայմաններում ես չեմ բացառում, որ նա կարող է անօրինական և օրենքով չարգելված ճնշում գործադրել սույն քր. գործի շրջանակներում հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն սուբյեկտի նկատմամբ, որը կարող է քննությանը հետաքրքրություն կամ էական նշանակություն ունեցող ցուցմունքներ տալ, որը կազդի գործի հետագա ընթացքի, այդ թվում՝ Քոչարյանի հետագա կարգավիճակի վրա։ Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության խնդիրը վերացել է, հետևաբար, ես գտնում եմ, որ այս գործի առանձնահատկությունից ելնելով, եթե վերջակետ դնենք, մարտի մեկի հանցագործության կազմակերպիչները, իրականացնողները՝ անկախ նրանց ով լինելը, վերջնարդյունքում պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության և երկար տարիներ մնան անազատության մեջ՝ անկախ նրանից, թե նրանց ազգանունն ինչ է եղել։


loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր