Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

29 նոյ 2018 13:30

Ինչպե՞ս կարելի է 7 ամիս ոչինչ չանել, միայն գրգռել մարդկանց՝ թիրախավորելով Հանրապետականին

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, Կանանց խորհրդի նախագահ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ ութերորդն է ՀՀԿ համամասնական ցուցակում, եւ ռեյտինգայինով իր թեկնածությունը դրել է նաեւ Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։ 
Մեր հարցին՝ ինչպե՞ս է գնահատում քարոզարշավի ընթացքը, ի՞նչ հիմնական ուղերձով է դիմելու ընտրողներին, պատգամավորը հետեւյալ կերպ արձագանքեց. 
-Իհարկե, բազմիցս մասնակցել եմ քարոզարշավներին՝ մասնակցել եմ շատ ակտիվորեն, բայց այս ձեւաչափով առաջին անգամ եմ մասնակցում, եւ պետք է ամեն ինչ անեմ՝ ասելիքս տեղ հասցնելու, այն էլ՝ քարոզարշավի համար հատկացված ռեկորդային կարճ ժամանակահատվածում։ Թեկնածուները, ըստ էության, ժամանակ չունեցան պատրաստվելու քարոզարշավին, հստակեցնելու քարոզչական մարտավարությունը, նպատակադրումները եւ թիրախները։ Վարչապետի պաշտոնակատարը բոլորին փաստի առաջ կանգնեցրեց, եւ մեզ այլ բան չէր մնում, քան համակերպվել ստեղծված իրավիճակի հետ։ 
Կարող եմ ասել, որ Հանրապետականի քարոզարշավի մեկնարկը տեղի ունեցավ շատ դրական մթնոլորտում՝ ոչ միայն կուսակցականներ, այլեւ բազմաթիվ համակիրներ, որոնք մասնակցեցին մեր մեկնարկային միջոցառմանը, շատ դրական են տրամադրված, մտահոգ են եւ ցանկանում են տեսնել մեզ ապագա խորհրդարանում։ 
Ինքս օրվա մեջ բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում՝ այնքան շատ, որ ժամանակը չի հերիքում։ Այդ հանդիպումները շատ օգտակար են ոչ միայն ինձ համար, այլեւ, կարծում եմ, այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն շփվելու, լսելու մեր մոտեցումները, հասկանալու՝ ինչ ենք ուզում, ինչ ենք առաջարկում մեր ընտրողին, եւ, ի վերջո, ինչո՞ւ որոշեցինք մասնակցել այս ընտրություններին։ 
Մեր ասելիքը շատ պարզ է. երկրում տեղի են ունենում լիովին անընդունելի, անհասկանալի իրադարձություններ, որոնք չեն կարող չմտահոգել երկրի ապագայով շահագրգիռ, պետականաշինության ակունքներում կանգնած այնպիսի քաղաքական ուժի, ինչպիսին Հանրապետականն է։ Նկատի ունեմ նաեւ քարոզարշավի մթնոլորտը, վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումները։
 
 Որպես կին, որպես պատգամավոր խիստ անհանգստացած եմ այն բառամթերքով, «ուղերձներով», որով հանդես է գալիս վարչապետի պաշտոնակատարը։ Երբեք չէի ուզենա, որ մեր երիտասարդները, երեխաները, ընդհանրապես մեր քաղաքացիները այսպիսի բացասական լիցքեր ստանան։ 
Ցավոք, այսօր բոլորը զբաղվում են «քաղաքականությամբ»՝ կամա-ակամա ներքաշվել են այդ գործընթացի մեջ, ընդ որում՝ ոչ թե որպես մասնակից, այլ՝ «լայվեր լցնող», հրապարակներում կանգնող, «դըմփ-դըմփ» անողներ։ Ստեղծվել է ոչ ստանդարտ, վատ իմաստով եզակի մի իրավիճակ, որտեղ ծրագրերի, գաղափարական բանավեճի մասին խոսելն ավելորդ է։ 
Ինչպե՞ս կարելի է 7 ամիս շարունակ ոչինչ չանել, ոչ մի ծրագիր չներկայացնել, միայն գրգռել մարդկանց՝ թիրախավորելով Հանրապետականին։ Նշանակում է՝ ՀՀԿ-ն այնուամենայնիվ մեծ ուժ է ներկայացնում. մենք ուժեղ թիմ ենք, մեր հայտը բոլորին անհանգստացնում է, եւ ուրեմն՝ անպայման լինելու ենք հաջորդ խորհրդարանում եւ կատարելու ենք իշխանությանը զսպելու, հակակշռելու մեր առաքելությունը։ 
-Հեղափոխական «դըմփ-դըմփ-հու»-երի այս թոհուբոհում ձեր եւ ձեր գործընկերների մտահոգությունները տե՞ղ են հասնում, ընկալվո՞ւմ են ձեր պոտենցիալ ընտրողների կողմից։ 
-Այո, շատ եւ շատ մտածող մարդիկ, որոնք մտահոգ են իրենց երեխաների ապագայով, հասկանում են՝ ինչ է կատարվում, եւ ուր է գնում երկիրը կոռուպցիայի, ստվերի, մենաշնորհների դեմ պայքարի եւ ժողովրդավարության կարգախոսների ներքո։ Հնչում են հայտարարություններ 10 հազար, 20 հազար ուսուցիչների, 100-150 հազար պետական ծառայողների «օպտիմալացման», Արցախի, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ, որոնք որեւէ դրական ուղերձ չեն պարունակում։ 
 
Դեկտեմբերից հետո եթե Նիկոլ Փաշինյանն այնքան ձայն ստանա, որ մենակ մնա իր ստանձնած պատասխանատվության բեռի տակ՝ իր չկայացած կադրերով, մենք հայտնվելու ենք սարսափելի իրավիճակում։ Էյֆորիան տեղի է տալու հիասթափությանը, ատելությունը, չարությունը, որ սերմանում էին, շուռ է գալու հենց իրենց դեմ, եւ այս փոքր չքնաղ երկիրը կանգնելու է լրջագույն մարտահրավերների առաջ։
Ես երբեք հոռետես չեմ եղել, բայց շատ անհանգստացած եմ հատկապես այս օրերին, քարոզարշավի շրջանակում հնչող ծայրահեղական գնահատականներով եւ հայտարարություններով, ու բոլորին, ում տեսնում եմ, կոչ եմ անում մտածել, վերլուծել, չտրվել բացասական ազդակներին, որ հաղորդում է Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը։ 
-Ներքաշելով ձեզ պլինտուսից ցածր «բանավեճի» հարթություն, որտեղ իրեն բավական հարմարավետ է զգում։ 
-Ուղղակի համոզված եմ՝ նա ընդհանրապես աշխատելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ կարողություն, նոյեմբերի 24-ի «համաերեւանյան» երթից հետո կարծես ցայտնոտի մեջ է հայտնվել՝ հասկացել է, որ այլեւս չունի այն լայն հենարանը, որ իրե՛նն էր համարում, դրա համար էլ գնալով՝ ավելի ու ավելի է կոշտացնում իր բառապաշարը։ 
Աննախադեպ վարչական ռեսուրսներ են կիրառվում, ամեն ինչ արվում է՝ հնարավորինս տպավորիչ դարձնելու «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, մարդկանց ավտոբուսներով բերում են իրենց միջոցառումներին՝ կտրելով աշխատանքից։ Այն ամենը, ինչի դեմ իբր պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, այսօր դրա տասնապատիկն իրենք են կիրառում, եւ մենք չէ՝ Դանիել Իոաննիսյանն է արձանագրել, որ «Իմ քայլը» դաշինքը խախտում է քարոզարշավի կանոնները։ 
 
Իսկ ամենասարսափելին, իմ կարծիքով, երեխաների ներգրավումն է այս ամենի մեջ, այն էլ՝ այս մթնոլորտում, բացասական եւ շատ ագրեսիվ այս հայտարարությունների ներքո։ Սա կարող է ճակատագրական լինել մեր ժողովրդի համար. ի վերջո սերունդ ենք մեծացնում, որն այսօր որեւէ դրական ուղերձ չի ստանում մեծերից, եւ դա շատ վտանգավոր է։ 
-Այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետն ի՛ր հերթին էր բարձրագոչ հայտարարություններ անում, թե՝ թույլ չենք տա դպրոցները ներքաշել քաղաքականության մեջ, կրթության նախարարը՝ իր հերթին։
-Որեւէ նոր բան այստեղ չեմ տեսնում։ Պարզապես շարունակվում է այն, ինչով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զբաղված էին վերջին 7 ամիսներին. մի բան ասում են եւ անում ճիշտ հակառակը։ Մեզ մեղադրում են սեւ-սպիտակ քարոզարշավ վարելու համար, բայց այդ ճանապարհը մե՛նք չենք ընտրել. իրենք են պարտադրել՝ անընդհատ թիրախավորելով, ատելության եւ թշնամանքի մթնոլորտ ստեղծելով Հանրապետականի շուրջը։ 
Այս ընթացքն անընդունելի եմ համարում՝ ինչքան շատ են խոսում ժողովրդավարության մասին, այնքան ավելանում է ատելության քարոզը. Փաշինյանի ելույթները եւ ուղերձները ամբողջովին ներծծված են ատելությամբ, իսկ ատելությունը որեւէ լավ բանի չի բերում։ 
-Ընտրություններին մասնակցող մնացած քաղաքական ուժերն էլ առիթը բաց չեն թողնում՝ ինքնահաստատվելու ՀՀԿ-ի հաշվին։ 
-Իսկապես, ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ, երբ ընդդիմության «թափուր» տեղի համար պայքարող քաղաքական ուժերը, իշխանություններին թողած, քննադատում են ՀՀԿ-ին։ Որեւէ քաղաքական ուժ, որը պատկերացում ունի քաղաքագիտական կանոնների մասին եւ թիրախավորում է Հանրապետականին, այն էլ՝ փաշինյանական ոճով, չի՛ կարող լինել ընդդիմություն։ 
 
Երկրորդ՝ դա անազնիվ է ընտրողի հանդեպ, շատ անազնիվ։ Ի վերջո, ընտրությունները նրա համար են, որ քաղաքական ուժերը ներկայացնեն իրենց ծրագրերը, ասեն՝ ինչի համար են ուզում գալ խորհրդարան։ Մենք կետ առ կետ ներկայացնում ենք մեր մտահոգությունները եւ առաջարկությունները՝ Արցախ, Բանակ, անվտանգություն, ընտանիք...Եթե մարդիկ մանդատ ստանալու համար ամեն ինչի պատրաստ են, ընտրողը պիտի մտածի՝ պե՞տք է, որ այդպիսի քաղաքական ուժերը հայտնվեն խորհրդարանում, եւ ընդհանրապես՝ անելիք ունե՞ն քաղաքականության մեջ։ 
-Փաշինյանը հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից, հետո որոշեց գնալ արձակուրդ՝ չմասնակցել ՀԱՊԿ դեկտեմբերյան գագաթնաժողովին։ Սա՞ ինչպես հասկանալ։
-Երեւի տհաճ խոսակցությունից խուսափելու մի ձեւ է։ Ցավոք, Փաշինյանը ոչ միայն ներսում, այլեւ դրսում է սպառնալիքների լեզվով խոսում։ Սա ինչ-որ տեղ ոչ համարժեք պահվածքի դրսեւորում եմ համարում։ Մեր երկիրը երբեք նման կերպ չի հարաբերվել արտաքին գործընկերների հետ. ինքնուրույն լինել՝ չի նշանակում սպառնալ այլ պետությունների ղեկավարներին։ 
Այս դեպքում էլ նույն երեւույթի հետ գործ ունենք՝ խոստանում էր ամեն ինչ անել ՀԱՊԿ-ում, միջազգային այլ կառույցներում Հայաստանի դերակատարությունը բարձրացնելու, գործընկերների հետ հարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար, իրականում նոր խնդիրներ է ստեղծում այդ հարաբերություններում։ 
-ՔՊ կուսակցապետ Սասուն Միքայելյանի հայտարարությունն Արցախյան ազատամարտի վերաբերյալ, ըստ ձեզ, «վրիպա՞կ» էր, անհաջող ձեւակերպո՞ւմ, թե՞ մեսիջ՝ սեփական հանրությանը եւ արտաքին ուժերին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, որ արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանը պատրաստ է՝ «վճռական քայլերի» գնալ Ղարաբաղի հարցում, ինչպես «հրահանգել էր» ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Բոլթոնը։ 
-Ձեր հարցի մեջ արդեն իսկ կա պատասխանը։ Այո, հենց այնպես հայտարարություններ չեն արվում, այն էլ՝ քարոզարշավի ժամանակ։ Իշխանությունների առջեւ դրված են կոնկրետ խնդիրներ, եւ դեկտեմբերի 9-ից հետո այդ խնդիրները, դատելով ամենից, կքննարկվեն արագացված ընթացակարգով։
 
Հայոց Աշխարհ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր