Մենք շատ մարդկային ենք, հազարավոր հայեր փախել են Հայաստանից, որպեսզի բնակություն հաստատեն Թուրքիայում

Ինչպես նշում է prensaarmenia.com.ar կայքը, լրագրողի նկատառմանն առ այն, որ ինքը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի ժառանգ է, Էրդողանն ասել է. «Չի կարելի Թուրքիային մեղադրել հայերի ցեղասպանության համար: Ցեղասպանության հարցում, խնդրում եմ, քննարկումները եկեք թողնենք պատմաբաններին ու լսենք նրանց տեսակետը: Դա մեր պատմության մասը չէ: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել, որ պատրաստ ենք ցանկացած քննարկման մասնակցել»:
Թուրքիայի նախագահն ասել է, որ «երկրում այժմ հարյուր հազարավոր հայեր են բնակվում, որոնց դեմ երբևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել»:
«Գիտե՞ք՝ հենց հիմա որքան հայ է բնակվում իմ երկրում՝ հարյուր հազարավոր: Նրանցից մոտ 30.000-ը քաղաքացի է, մինչդեռ մյուսները փաստաթղթեր չունեն: Նրանք փախել են Հայաստանից, որպեսզի բնակություն հաստատեն Թուրքիայում, և մենք դա նրանց թույլ ենք տվել: Ընդհանուր առմամբ, մեր երկրում ապրում է 100.000 հայ, որոնց դեմ երբևէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել քաղաքացիության պատճառով: Մենք երբևէ որևէ հայի չենք արտաքսել այդ պատճառով»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իրենք «շատ մարդկային են ու կշարունակեն այդպիսին մնալ»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահի ժամանումից առաջ՝ նոյեմբերի 26-ին, Բուենոս Այրեսի հայ համայնքը ցույց է անցկացրել Թուրքիայի դեսպանատան առաջ:
«Էրդողանը ղեկավարում է այն երկիրը, որը շարունակում է հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության հերքման ու չճանաչման քաղաքականությանը»,- հայտարարել են ցուցարարները: