12:30 - ՄԻՊ-ն այցելել է Ռոբերտ Քոչարյանին         11:54 - Դատաիրավական ոլորտի հմուտ մասնագետները՝ դատախազներ, քննիչներ լքում են Հայաստանը      11:36 - Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից    

03 դեկ 2018 18:30

Քոչարյանի խափանման միջոցի գործով առարկություններ է ներկայացրել գլխավոր դատախազը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով այսօրվա դատական նիստին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շուրջ 40 րոպե առարկություններ է ներկայացրել պաշտպանական կողմի ներկայացրած բողոքների վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3–ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։
«Գլխավոր դատախազը դետալ առ դետալ փորձում էր մեր բոլոր փաստարկներին անդրադառնալ, ես չէի ասի՝ համոզիչ էին հակափաստարկները, համենայն դեպս մանրակրկիտ աշխատել է»,– ասաց նա։
Պաշտպանը նշեց, որ Արթուր Դավթյանը հակափաստարկներ է ներկայացրել հատկապես երկրորդ նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ։
«Գլխավոր դատախազը համարում է, որ անձեռնմխելիությունը անհամատեղելի է օրենքի խախտման հետ, այսինքն՝ եթե որևէ մեկին օրենքի խախտում է վերագրվում, տվյալ դեպքում, Հանրապետության նախագահին, եթե օրենքի խախտումը իր լիազորությունների մեջ չի մտնում, ուրեմն նա անձեռնմխելի չէ։ Մեզ մոտ հարց է առաջանում, եթե անձին վերագրվեն գործողություններ, որոնք լիարժեք իր լիազորությունների մեջ են, ապա էլ ի՞նչ անձեռնմխելիություն կամ առհասարակ էլ ի՞նչ քրեական վարույթ»,– ասաց նա։
Ալումյանի խոսքով՝ անձեռնմխելիության հարցը քննարկվում է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է որևիցե հանցագործության համար մեղադրվելուն.
«Հնարավոր չէ խոսել անձեռնմխելիության մասին, եթե անձը չի մեղադրվում հանցագործության կատարման մեջ»,– ասաց նա։
Անդրադառնալով Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ մեղադրանքին՝ փաստաբանն ասաց.
«Որոշ վերլուծաբաններ հասարակությանը խորը մոլորության մեջ են գցել՝ ասելով, թե ամենածանր մեղադրանքը աահմանադրական կարգի տապալումն է, և որ դրա վրա չի կարող անձեռնմխելիությունը տարածվել։ Ես ձեզ հավատացնում եմ՝ քրեական օրենսգրքում շատ ավելի ծանր մեղադրանքներ կան»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության։

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր