Տեսանյութ.ՀՀԿ-ն մրցակից տեսնում է միայն Փաշինյանին` համոզմունքով, որ ով դեմ է «Իմ քայլին» կքվեարկի իրենց օգտին

Արմեն Բադալյանի գնահատմամբ միջակ
քարոզարշավ տեղի ունեցավ. «Բոլոր ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, որ տպավորություն է՝ 2017 թվականը կամ 2012 թվականն է, և հաշվի չեն առնում մեկ բան՝ նախկինում քրեաօլիգարխիկ համակարգն էր որոշում ԱԺ արդյունքը՝ ընտրակաշառքի միջոցով, ու քաղաքական ուժերն այդքան էլ չէին մտածում իրենց կողմնակիցներին գրավելու, ընտրատեղամաս հասցնելու մասին: Բայց, քանի որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, պետք է լավ պատրաստվեին, սակայն մենք տեսանք միջակ քարոզարշավ:
ՀՀԿ-ն
որպես մրցակից՝ տեսնում է միայն Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին՝ այն համոզմունքով,
որ ով դեմ է «Իմ քայլին»՝ կքվեարկի իրենց օգտին: Սա ռիսկային ռազմավարություն է, բայց
իրենց համար այս պահի դրությամբ միակ ճիշտ ռազմավարությունն է: Շատ անհասկանալի էր
քարոզարշավին մասնակից մյուս ուժերի պահվածքը: ԲՀԿ-ն քարոզարշավ իրականացնում էր այնպես,
ինչպես 5 տարի առաջ: Որևէ նորություն, կրեատիվություն չկար: «Լուսավոր Հայաստանն» էր
անընդհատ խոսում, որ իրենք պետք է դառնան երկրորդ ուժը, բայց այդպես էլ չէին բացատրում,
թե ինչո՞ւ: ՕԵԿ-ը սոցիալական նույն տեսակետներն է առաջ քաշել՝ ինչպես միշտ: «Սասնա
ծռերը» և «Լուսավոր Հայաստանն» ունեին խաղաքարտ, բայց այդպես էլ չհասկացան, թե ո՞րն
էր այն: Հասկանալու դեպքում լավ տոկոսներ կարող էին ունենալ: ՀՅԴ-ն էլ նոր ասելիք չկարողացավ
առաջ քաշել: Ինչ վերաբերում է նորաստեղծ ուժերին՝ «Մենք», «Քաղաքացու որոշում», «Ազգային
Առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», ապա նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ճանաչելու
համար առնվազն 6 ամիս առաջ պետք է ստեղծվեին, որպեսզի ներկայացնեին իրենց: Ասուլիսներ, հարցազրույցներ
կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ ողջ ընտրազանգվածը հետևում է այդ ամենին»,- ասաց Արմեն Բադալյանը:
Վիգեն Հակոբյանն էլ ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը մայիսից կարող էին պատրաստվել ընտրություններին, եթե չի ստացվել, ապա դա իրենց խնդիրն է. «Քարոզարշավը երկու հարթության մեջ է ընթանում՝ սև-սպիտակ, որի գլխավոր դերակատարները ներկա ու նախկին իշխանություններն են: Կարծում եմ՝ սա խաղի կանոն էր, որն ընտրել էր իշխանությունը, որովհետև հնարավորություն ուներ շարժվել այլ՝ օրինակ, բարիկադները քանդելու մարտավարությամբ: Կարող էին ՀՀԿ-ին ուշադրություն չդարձնել, բայց տեսանք, որ նրանց ընտրած մարտավարությունը, կամա թե ակամա, համընկավ ՀՀԿ-ի մարտավարության հետ: ՀՀԿ-ն իրեն դիրքավորում էր սև դաշտում և ծայրահեղ դժգոհ ընտրազանգվածին հաղորդագրություն էր ուղարկում, որ նրանց շահերի պաշտպանն այնտեղ իրենք են: Ինչ վերաբերում է նոր ուժերին՝ կարծում եմ՝ հետևողական, կրեատիվ աշխատանք կատարեցին»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում