Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին
![Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին](https://hayacq.com/uploads/posts/2018-02/1519136655_131729.jpg)
Սպանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ռեպլիկի ժամանակ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի տվեցին:
Մասնավորապես, դատախազ Գեւորգ Գեւորգյանի խոսքի ժամանակ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը ինչ-որ բանից դժգոհություններ էր հայտնում, որն ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէր: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրեց նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվում էր:
«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- ասաց Իսրայելյանը եւ ոտքի կանգնեց: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի» հարց լինել չի կարող: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակում էր խոսել, ինչից հետո դատարանը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Ամբաստանյալ, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»,- հայտարարեց Բանդուրյանը:
Հիշեցնենք, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Դատարանը դատավճիռը կհրապարակի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12-ին: