17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

29 հուլ 2016 17:50

Աղջիկների և տղաների գերակշռող անուններն են. Տեսանյութ

Հուլիսի 29-ին «Հայացք» մամուլի ակումբում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների ամփոփումը և բնական շարժի ցուցանիշների (ծնելիություն, մահացություն և ամուսնություն, ամուսնալուծություն) հարաբերակցությունը:
 Կարինե Կույումջյանը անդրադարձավ, թե մշտական բնակչության թվաքանակի ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվել. «Մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2016 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 2995100 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 0,3%-ով կամ շուրջ 10400 մարդ, իսկ հունվարի 1-ի համեմատ՝ նվազումը կազմել է 3500 մարդ: Այս գումարի համեմատությամբ ցուցանիշների նավազում արձանագրվել է միգրացիայի գնահատված ցուցանիշի հետ կապված, որը կազմել է -7600 մարդ՝ բնական հավելաճին գերազանցող հատվածով, որի ցուցանիշը եղել է 4100 մարդ: Կենսունակության գործակիցը 2016 թվականի առաջին կիսամյակին՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունն է, որը կազմել է 128,9%»,-ասաց նա: 
Խոսելով ամուսնությունների մասին նա նշեց. «Ամուսնության դեպքերը կազմել են 7739: Արձանագրվել է նվազում ամուսնության դեպքերում՝ շուրջ 9,8%-ով և նվազել է նաև ամուսնալուծության դեպքերը, որը կազմել է 1753 ամուսնալուծության դեպք, իսկ նվազումը եղել է 7,7%-ով: Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:
Երևանում գրանցվել է ամուսնության 2 հազար 901, ամուսնալուծության` 686 դեպք: Ամուսնությունների թվով առաջատար են Կոտայքի (717) և Արմավիրի (684) մարզերը: Ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորում (174), Սյունիքում(279) և Արագածոտնում (326):
Ամուսնալուծությունների թվով Երևանից հետո առաջատար է Գեղարքունիքի մարզը` 304 դեպքով: Համեմատաբար բարձր ցուցանիշներ են առկա Արմավիրում (134), Կոտայքում (127) և Շիրակում (128): Ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշներն առկա են Վայոց ձորում (22), Տավուշում (33) և Սյունիքում (59): 
Նվազում արձանագրվել է նաև մահացության մակարդակում:
Կարինե Կույումջյանը անդրադարձավ մահացության պատճառներին. «Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը կազմել են ամբողջ մահացության դեպքերի 47,1%-ը, նորագոյացություններից մահվան դեպքերը կազմում են 21,1%: Այսինքն՝ այս 2 մահվան պատճառները միայն ընդգրկում են մահացության գրեթե 68%-ից մի փոքր ավելին: Շնչառական օրգանների հիվանդություններից մահացության դեպքերը կազմում են 7,6%, մարսողական հիվանդությունների մահվան դեպքերը՝  6,3% և շուրջ 1%-ի սահմաններում էլ գրանցվել է վարակիչ և մակաբուծային հիվանդությունների մահվան դեպքեր: Արձանագրվել է նաև 4,4% ընդհանուր կառուցվածքում դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից մահվան դեպքեր, վերջիններս արտաքին պատճառներն են և այս ցուցանիշը մի փոքր գերազանցում է 2015 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշին և՛ բացարձակ քանակով, և՛ տեսակարար կշռով շուրջ 0,2%-ային կետով, իսկ աճը՝ բացարձակ ցուցանիշի կազմել է 1,3%»,- ասաց նա: 
Ինչ վերաբերում է ծնունդների թվին, ապա տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 18 439 երեխա: Կույումջյանի խոսքով՝ այս թիվը նույնպես նվազել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1,2 տոկոսով, նրանցից  8862 աղջիկ և 9976 տղա: Նա նաև տեղեկացրեց, թե ինչպես են ծնողներն ավելի հաճախ իրենց երեխաներին անվանում: Աղջիկ երեխաների անունների տասնյակում են  Նարե, Մարիա, Մարիամ, Մանե, Անգեինա, Անի, Մարի, Միլենա, Անահիտ և Էլեն անունները, իսկ տղա երեխաների անունների տասնյակում` Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ, Արթուր, Սամվել, Էրիկ, Արման, Հայկ: 
Տեսանյութը՝ a1plus.am-ի 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր