Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում նվազել են բնակչության, ծնելիության և մահվան թվերը. Տեսանյութ

Ամփոփվեց 2016թ-ի ինը ամիսների ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն մահացություն, ամուսնություն ամուսնալուծություն հարաբերակցությունը:
Կարինե
Կույումջյանը տեղեկացմամբ, ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 993 հազար ինը հարյուր մարդ. « Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ցուցանիշը նվազել է 10100-ով, իսկ այս տարվա հունվարի 1-ի համեմատ՝ 4700-ով: Ինն ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը
կազմել է 9400, իսկ միգրացիայի գնահատված ցուցանիշը՝ 14 100 բնակիչ: Քաղաքային բնակավայրերում
բնակվողների թիվը 1 904 600 է, ինչը նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ նվազել
է շուրջ 6300-ով, իսկ գյուղական բնակչության թվաքանակը կազմել է 1 089 300 և նվազել
է 3800-ով»:
Մեր երկրում այս տարի նվազել է նաև ամուսնությունների թիվը՝ 7,9 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Երևանում, Կոտայքում, ամենաքիչը՝ Գեղարքունիքի մարզում: Ամուսնալուծությունների թիվը նույնպես նվազել է նախորդ տարվա համեմատ՝ 4,2 տոկոսով:
Կարինե Կոյումջյանը հավելեց, որ մեր երկրում կենսունակության մակարդակը 146,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ ծնելիության թիվը 40 տոկոսից ավելի ցուցանիշով գերազանցում է մահացության ցուցանիշին: Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում ծնելիության թիվը նույնպես նվազել է՝ 2,3 տոկոսով: Սակայն մահվան դեպքերի նվազում ունենք՝ 2,5 տոկոսով:
Տիկին Կոյումջյանը նշեց, որ ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Սյունիքում և Տավուշում: Մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են Լոռիում, Տավուշում, Շիրակում եւ Վայոց ձորում:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են արյան շրջանառության հիվանդություններից՝ 47 տոկոս, ինչը, ըստ Կարինե
Կոյումջյանի, նվազման միտում ունի, քանի որ նախկինում այդ ցուցանիշը եղել է 50 տոկոսից ոչ պակաս: Նորագոյացություններից մահվան դեպքերը կազմել են 19, 8 տոկոս, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 8,2 տոկոս, մարսողական հիվանդություններից՝ 6 տոկոս, և վարակիչ հիվանդություններից՝ 0,9 տոկոս: