Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 դեկ 2018 19:10

Թուրքիան պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե վերջինս դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»

Թուրքիան պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե վերջինս դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան»Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ջահիդ Օզքանն ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ դրանք կրկին կապելով Արցախի հիմնախնդրի ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ:
Թուրք քաղաքական գործիչը մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» և Թուրքիային անհիմն նախապայմաններ առաջադրելու համար: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե այն դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան» և Թուրքիային «անհիմն նախապայմանների առաջադրումը»: Նա նաև ակնարկել է, որ Հայաստանը պետք է փոխի Հայոց ցեղասպանության հարցի շուրջ իր տեսակետը:
Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև խոսել է Հայաստանի նոր իշխանությունների մասին՝ շեշտելով, որ նրանք շարունակում են հին իշխանությունների վարած քաղաքականությունը Թուրքիային ու Ադրբեջանին վերաբերող հարցերում:
«Ամեն ինչ կախված է Հայաստանից. եթե նրանք իսկապես ձգտում են տարածաշրջանային խաղաղության ու հարևանների հետ բարեկամության՝ թող նախ հասկանան իրենք իրենց», – ասել է Օզքանը:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու երկրում տիրող նոր քաղաքական իրավիճակին, նույնպես շեշտել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու զարգացումն անհնարին է առանց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ու ցեղասպանության մասին Հայաստանի դիրքորոշման փոփոխության:
Օզքանը նաև հավաստիացրել է, որ հայերի ու թուրքերի թշնամի լինելու մասին պնդումները սխալական են և երկու հարևան ժողովուրդների միջև «որևէ թշնամություն չկա»:
Որպես իր ասածի ապացույց՝ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը կրկին մեջբերել է Թուրքիայում հայկական համայնքի առկայության փաստը՝ հավաստիացնելով, որ «նրանք բավականին լավ են զգում իրենց Ստամբուլում»: Թուրք պատգամավորը նաև հիշեցրել է Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալների մասին, որոնց պարբերաբար սպառնում է արտաքսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշենք, որ ավելի քան 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում ներկայում քրիստոնյա հայերի թիվը կազմում է մոտ 60 000 (Պոլսո Հայոց պատրիարքարանի մատուցած պաշտոնական այս տվյալներում ներառված չեն ծպտյալ և իսլամացված հայերը), 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, եղել է մինչև 3 մլն` կազմելով 30 մլն բնակչությամբ կայսրության գրեթե 1/10-րդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր