Ամանորը ազդարարում է նորի մեկնարկը, ասոցացվում հրաշքի հետ
Hayacq.com-ի Ամանորյա
hարցազրույց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի
դոցենտ, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ:
-Ի՞նչ դեր և հոգեբանական առանձնահատկություն կարող է ունենալ Ամանորը յուրաքանչյուր մարդու կյանքում:
-Ամանորը
սպասված տոն է. ազդարարում է նորի մեկնարկ, ասոցացվում` հրաշքի հետ: Նաև պատասխանատու
ժամանակաշրջան է, քանի որ յուրաքանչյուրը փորձում է ամփոփել նախորդ տարին և նոր սպասելիքներով
դիմավորել նորը: Հոգեբանական առանձնահատկությունն այն է, որ Ամանորը միշտ դրական լիցքերով
է ողողում մթնոլորտը, ավելի լավի ակնկալիքով է մոտիվացնում, մեծացնում հույսի և հավատի
գործակիցը:
-Ո՞րն է Նոր տարին դիմավորելու «առողջ բանաձևը», կարևոր բաղադրիչները, նախապայմանները որո՞նք են:
-Հետաքրքիր
ձևակերպում էր ձեր կողմից «կարևոր բաղադրիչները»: Փորձեմ այդ կերպ պատասխանել. Նոր
տարին յուրաքանչյուրից ակնկալում է որպես «կարևոր բաղադրիչներ»` դրական տրամադրություն
և լավատեսական տրամադրվածություն, լիարժեք
ուրախանալու և ուրախություն սփռելու կարողություն, կյանքը սիրելու և նորը արարելու
հնարավորություն:
-Ինչպե՞ս անել, որ տոնը դրական լիցքեր հաղորդի և ոչ թե դառնա պարտականություն, քանի որ հաճախ այն գեղեցիկ տոնից վերածվում է նախատոնական և հետտոնական սթրեսների, ինչես խուսափել այս ամենից:
-Յուրաքանչյուրն
ինքն է ընտրում տոնի բովանդակությունը, թե ինչպիսին այն կլինի: Հետևաբար, ներքուստ
պետք է գեղեցիկ տոնը պատկերացնել առանց պարտականությունների, լրացուցիչ սթրեսների և
այնուհետև ի կատար ածել այն` առաջնորդվելով տոնը ուրախ և անհոգ վայելելու ցանկությամբ:
-Շատ է ասվում, որ ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ կանցնի ողջ տարին: Արդյոք պե՞տք է հավատալ այս եզրույթին, այստեղ կա՞ հոգեբանական գործոն:
-Մեր
կյանքը մեր համոզմունքների արտացոլումն է: Հնարավորինս դրական պետք է մտածել, կարողանալ
լիարժեք ուրախանալ և լինել լավատես:
-Իսկ Ամանորյա
հրաշքներին հավատալ պետք է:
-Հրաշքներին հավատալն անխուսափելի է. հավատացեք հրաշքներին`
չկորցնելով իրականության զգացողությունը:
-Ձեր Ամանորյա մաղթանքը:
Մաղթում
եմ, որ 2019-ը ջերմ և ներդաշնակ մթնոլորտ ամրագրի բոլոր ընտանիքներում, սիրո և բարության չափաբաժինը
մեծանա յուրաքանչյուրի ներաշխարհում և հարաբերություններում, և որ միայն խաղաղ ու դրական
լուրեր սավառնեն մեր հայրենիքում: