Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է քննող դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրվել խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը: Այդ իսկ պատճառով պաշտպանները ևս մեկ անգամ որոշել էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորին:
Լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ պետք է մակագրումը իրականացվի էլեկտրոնային համակարգով՝ հիմք ընդունելով օրենքը, ինչը, ըստ պաշտպանի, տեղի չի ունեցել և հիմք է տվել պաշտպաններին դատավորին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը:
Պաշտպանի խոսքով` հերթապահում էր 8 դատավոր և անհասկանալի է, թե ինչի հիման վրա է դատավորներից հենց Արթուր Մկրտչյանին մակագրվել սույն գործը: Օրբելյանը կասկածներ ունի, որ դատական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային եղանակով:
Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց միջնորդության վերաբերյալ իր որոշումը, ըստ որի՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն, որ դատարանը իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահող դատավորներից որևէ մեկին:
Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, բայց դա չեն կարող բողոքարկել կամ այլ միջոցներ ձեռնարկել:
«Մենք ստիպված ենք արդեն տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- ասաց Ալումյանը: