Արցախի այսօրվա վարչակազմը պետք է հեռանա, ձեւերի մասին կարող ենք խոսել. Ժիրայր Սեֆիլյան
Ուրախալի էր այն, ինչ տեղի ունեցավ գարնանը Հայաստանում, բայց ցավալին այն է, որ այդ փոփոխությունները տեղի չունեցան Արցախում: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, Արցախում հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա խոսքով, տրամաբանությունն ասում է, որ այդ փոփոխությունները պետք է լինեն նաեւ Արցախում. «Այսօր Արցախում բնակվող մեր հայրենակիցների զգալի մեծամասնության պահանջն է, որ այդ փոփոխությունը տեղի ունենա: Հավանաբար, ճիշտ կլիներ, որ այդ փոփոխությունը երբ լինի, ի տարբերությունը Հայաստանի, այստեղ լինի արմատական փոփոխություն: Դժբախտաբար Հայաստանում էլ արմատական որակական փոփոխությունների իմաստով դրանք կաղում են»,-հայտարարեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ այդ հնարավորությունը կա Արցախում:
Նա ընդգծեց, որ իրենց գլխավոր նպատակը Արցախի դե յուրե միացումն է Հայաստանին եւ այդ առումով 20-25 տարի արդեն կորցրել ենք:
«Այդ առումով մենք ուզում ենք Արցախում կոնսոլիդացիա ձեւավորել: Ունենք որոշում, որ առաջիկայում շփվենք Արցախի ոչ իշխանական շրջանակների հետ, լինեն քաղաքական կազմակերպություններ, թե անհատներ, եւ այս գաղափարն առաջ տանելու նպատակով ձեւավորել մի օղակ, առաջնորդող խումբ, որը հենվելով ժողովրդի կամքի վրա օր առաջ Արցախում փոփոխություններ կիրականացնի: Փոփոխություն ասելով նկատի ունենք, որ այսօրվա վարչակազմը պետք է հեռանա, ձեւերի մասին կարող ենք խոսել:
Այդ առաջնորդող խումբը վարչակազմին հեռացնելուց հետո պետք է ունենա մեկ գործառույթ՝ Արցախի դե յուրե միացումը Հայաստանին: Թե որքան կտեւի այդ գործընթացը, ամիսներ, թե մեկ տարի, ընթացքը կհուշի: Եթե մինչեւ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները ոչինչ չփոխվի, չենք բացառում, որ այդ առաջնորդող խումբը մասնակցի նախագահական ընտրություններին եւ օգտագործել ընտրությունների առիթը այդ նպատակին հասնելու համար»,-ընդգծեց Սեֆիլյանը: