17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

31 հուն 2019 10:03

Հերթական թալանը.Ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան.«168 ժամ»

Հերթական թալանը.Ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան.«168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. ««Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունում հերթական թալանի գործընթացն է նախապատրաստվում։ «Նաիրիտի» համակարգող խումբը «168 Ժամին» ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք բավականին հետաքրքրված են որոշակի հարցերում։ Այդ այցը նախաձեռնել և չինացիներին ուղեկցում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, որը հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ է։
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ ստեղծված «Շանսի-Նաիրիտն» աշխատում է միայն ացետիլենային տեխնոլոգիայով, այն չի տիրապետում բութադիենային տեխնոլոգիային։

Ըստ հավաստի աղբյուրների՝ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։
Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։
Անհանգստության պատճառներից մեկն այն է, որ, եթե Չինաստանը յուրացնի այս տեխնոլոգիան, կգրավի առկա ազատ շուկաները, և «Նաիրիտը» ապագայում, երբ վերագործարկվի, լուրջ խնդիրների առաջ կհայտնվի՝ արդեն արտադրանքի իրացման շուկաներ չլինելու պատճառով։ Իսկ նոր շուկաների գրավումը բավականին բարդ է լինելու։
Սակայն անհանգստության առավել մեծ տեղիք է տալիս այն, որ ամիսներ առաջ, երբ տևական ժամանակ «Նաիրիտը» վերագործարկելու հանձնառություն ստանձնած ներդրողները ցանկանում էին «Նաիրիտում» կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնել, ընկերության սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը պահանջել էր այն անձանց ցուցակը, որոնք պետք է մուտք գործեին գործարանի տարածք, որպեսզի այն ներկայացնի ԱԱԾ-ին և թույլատվություն ստանա։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ստացվեց, որ այժմ առանց ԱԱԾ գիտության՝ Ասատրյանը թույլ է տվել օտարերկրացիներին մուտք գործել «Նաիրիտ»։
Ընդ որում՝ նույնիսկ հարկ չի համարել այդ մասին տեղեկացնել ՀՀ կառավարությանը։
«Նաիրիտի» համակարգող խումբը կոչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հետաքննել, թե ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող այս գործարան, և այդ ի՞նչ գործարք են մտադրվել «գլուխ բերել» իշխանությունների թիկունքում։
Լավ կլիներ՝ ԱԱԾ-ն զբաղվեր գործարանի նախկին ու ներկա տնօրեններով, որ Հայաստանի Հանրապետության շահը՝ «Նաիրիտի» վերագործարկումը մի կողմ թողած, սեփական շահն են հետապնդում, կանչում են նախկին աշխատակիցներին և գործարանի աշխատանքի վերաբերյալ ինչ-որ հարցեր ճշտում, որպեսզի չինացների համար դժվարություններ չառաջանան բութադիենային տեխնոլոգիայի յուրացման ճանապարհին։ Նաիրիտցիները համոզված են՝ սա պետական անվտանգության խնդիր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր