Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

05 փետ 2019 14:10

Արդյունքում կցրվեն նաև օդում կախված այն կասկածները.Սերժ Սարգսյանը պետք է պատժվի

Արդյունքում կցրվեն նաև օդում կախված այն կասկածները.Սերժ Սարգսյանը պետք է պատժվիArmtimes.com-ի տեղեկություններով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին վկայի կարգավիճակով շուրջ 5 ժամ հարցաքննվել է:
Չխորանալով խնդրի իրավական մանրամասների մեջ՝ միայն արձանագրենք, որ, կարծես թե, իրավական գործընթացների շղթան վերջապես հասնում է նաև 2008 թ. ներքաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարներից մեկին՝ Սերժ Սարգսյանին:
Իհարկե, մենք չենք փորձում որևէ կերպ խախտել Սերժ Սարգսյանի անմեղության կանխավարկածը, բայց չենք էլ կարող անտեսել հիմնախնդրի քաղաքական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապերը: Իրավունքը կամ էլ իրավական համակարգն ինքնին մեկուսացած կղզյակ չէ, և դրա կայուն կենսագործունեությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով:
Ասվածի համատեքստում պետք է արձանագրենք, որ մարտի 1-ի ոճրագործության առաջնային շահառուն այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ, ըստ նախանշված ճանապարհային քարտեզի, նա դիտարկվում էր որպես Քոչարյանի իշխանության ժառանգորդ: Ավելին՝ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ կեսից սկսած, Սերժ Սարգսյանը հետևողական ու ամուր քայլերով նախապատրաստվում էր ստանձնել Հայաստանի կառավարման ղեկը:
Այսինքն` գոնե քաղաքական տեսանկյունից երրորդ նախագահը առնվազն շահագրգռված էր, որ ընտրությունները կեղծվեն, իսկ ընդդիմությունն էլ ամեն գնով դուրս մղվեր ու չեզոքացվեր: Կարելի է ասել, որ Հանրապետությունում սահմանադրական կարգը խախտվել է հանուն նրա իշխանության ամրապնդման ու շարունակականության:
Հանգամանքներն այս ամբողջացնում են իրադարձությունների քաղաքական խճանկարը, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս ամենի իրավական դրսևորումն ու մարմնավորումը:
Կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից, նույնիսկ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը գործել ու որոշումներ է կայացրել նրա անմիջական աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ առնվազն 1997-ից սկսած՝ առանց Սերժ Սարգսյանի իմացության ու մասնակցության, Հանրապետությունում որևէ հարց չի լուծվել: Սկզբում նա ներքին գործերի ու անվտանգության սուպեր նախարար էր, իսկ հետո պաշտպանության նախարար ու վարչապետ: Արդյո՞ք նա կարող էր տեղյակ չլինել զարգացումների ընթացքից, իհարկե ոչ, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրության հրամանագիրն էլ գրվել է նրա անմիջական մասնակցությամբ:
Այլ խնդիր է, որ արյունահեղության առաջնային պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, վերջնական ստորագրությունը նրանն է եղել: Բայց, այնուամենայնիվ, պետք է Սարգսյանին էլ պատասխանատվության կանչելու որևէ իրավական ճանապարհ առաջարկվի: Դա է արդարության միջավայր ու արդար հասարակարգ ձևավորելու պահանջը:
Ի դեպ, իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել Մարտի 1-ի արյունահեղության պատասխանատվությունից խուսափելու ու կատարվածը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու ուղղությամբ: Հայտնի է, որ Քոչարյանն ու Սարգսյանը վերջին տարիներին լրջագույն հակասություններ են ունեցել, և այստեղ կենտրոնական դերակատարություն է ունեցել հենց Մարտի 1-ի պատասխանատվության հարցը: Երրորդ նախագահն իր կուսակիցների շուրթերով պարբերաբար անուղղակի կերպով ակնարկել է, որ ինքն այդ հիմնախնդրի հետ գործ չունի, ու առաջնային մեղավորը Քոչարյանն է: Բայց չէ՞ որ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ապրող մարդիկ հասկանում են, որ դա չի համապատասխանում իրականությանը, Քոչարյանը չէր կարող միայնակ գործել:
Վերջաբանի փոխարեն միայն նշենք, որ ՀՔԾ-ն պետք է ինչ-որ ելք գտնի Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար: Առաջին հերթին վկայի կարգավիճակը պետք է փոխարինվի մեղադրյալի կարգավիճակով:
Արդյունքում կցրվեն նաև օդում կախված այն կասկածները, իբրև թե Փաշինյանը կուլիսային բանակցությունների արդյունքում պարտավորվել է իշխանության անցնցում փոխանցման դիմաց Սարգսյանին շնորհել անձի անձեռնմխելիություն: Բացի դրանից՝ պետք է հաշվի առնենք այն կարևորագույն հանգամանքը, որ երրորդ նախագահը կուլիսային գործիչ է և հենց դա է նրա առաջնային հաղթաթուղթը: Դավադրությունների ու քողարկված միջամտությունների արդյունքում նա կարող է ամեն պահ ապակայունացնել ներքաղաքական իրավիճակն ու օգտվել առաջին իսկ հարմար հնարավորության դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր