Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»          Ապրիլի 16-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Հայկ Բաղդասարյանը, սկանդալային բացահայտումներ է ներկայացրել՝ Հովհանես Շահինյանի և Արշակ Կարապետյանի վերաբերյալ    

28 մար 2019 22:35

Երկու ծանր օր խորհրդարանում

Երկու ծանր օր խորհրդարանումՎարչապետ Փաշինյանը երկու ծանր օր անցկացրեց խորհրդարանում` Վիեննայի բանակցություններից անմիջապես առաջ: Թվում է` սա խորհրդանշական է: Նա Հայաստանի նախորդ տարվա բյուջեի կատարողականը վերածեց ավելի շատ կառավարության ապագա գործունեության ուղղություններն ու թվային պատկերը ներկայացման, որ չէր արել այս տարվա բյուջեն ներկայացնելիս: Նա խոսում էր այս տարվա առաջին ամիսների ցուցանիշների ամփոփումից հետո ուրվագծվող բարենպաստ պատկերի մասին` այս տարվա բյուջեի եկամտային մասը 40 միլիարդ դրամով նախատեսվածից ավելի համալրման հարկային հավաքագրումների աննախադեպ սպասման մասին, որը թույլ կտա տարվա ընթացքում 10 տոկոսով ավելացնել 38 հազար ուսուցիչների եւ ԶՈՒ զինծառայողների աշխատավարձերը: Այսպիսով`այս տարվա բյուջեն առաջին անգամ կգերակատարվի: 65 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել այս վերջին շրջանում, շուկայում մենաշնորհ ունեցողների մենաշնորհի տոկոսը զգալի նվազել էՙ այլ մասնակիցների հայտնությամբ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-փետրվարին աճել է 1,9 տոկոսւվ, տնտեսական ակտիվության ցուցանիշը`7,6 տոկոսւվ: Նրա այս ելույթին (բյուջեի կատարողականի քննարկմանը) նախորդել էր մի օրինագծի քննարկում, որով նվազագույն թոշակը հասցվում էր 25 հազար դրամի: Խոսքը ոչ թե բազային թոշակի մասին է, այլ, անկախ ստաժից, 25 հազար դրամից պակաս թոշակ ստացող այլեւս չպետք է լինի:
 
Վարչապետի ներկայացրած թվերը հուսադրող են, ի տարբերություն նրա ընդդիմախոսների այն քննադատության, թե ոչինչ չի արվել մեկ տարում, ամեն ինչ վատ է: Վարչապետն ասում էր, թե անցած տարում, չնայած երեք վարչապետի փոփոխության, երկու նոր համապետական ընտրությունների` հնարավոր է եղել տնտեսական անկայունություն թույլ չտալ, խուսափել հետընթացից: Նա իր դրական թվագրումների մեջ նշում էր հիպոթեկային վարկավորման ծավալների մեծացման եւ տոկոսների նվազման դրական դինամիկան, գյուղատնտեսական վարկերի տոկոսների նվազման եւ այլ փաստեր: Միգուցե նաեւ արտերկրի զանազան հաշիվներից Հայաստանից անօրինական կերպով դուրս բերված որոշակի գումարների վերադարձով (չնայած` այդպիսի գործընթացի բարդությանը) հնարավոր լինի դրական դինամիկան անշրջելի դարձնել, մեր կյանքի էական, նկատելի եւ շոշափելի բարելավման արձանագրում անել: Մանավանդ` Փաշինյանը «տնտեսական հեղափոխության» իրագործումն ի վերջո տարավ- հասցրեց երջանիկ լինելու, միմյանց հյուր գնալու, միմյանց հետ շփումով երջանիկ լինելու բանաձեւին: Նա մի քանի անգամ նշեց, թե երկրում փողի խնդիր չկա` պետությունը բանկային համակարգի հետ արդյունավետ համագործակցում է, կա այդ փողի արդյունավե՛տ օգտագործման խնդիր:
 
Նրա ելույթից պարզ դարձավ, որ համապատասխան միջազգային փորձաքննություններից հետո միգուցե ե՛ւ Թեղուտի, ե՛ւ Ամուլսարի հանքավայրերը կաշխատեն, կախված կլինի փորձաքննության արդյունքներից: Նա կողմ էր բարձր որակավորմամբ անձանց բարձր աշխատավարձերի քաղաքականությունը խթանելուն` «պպզելու» սովորույթին պետք է փոխարինի բարձր կրթությամբ բարձր աշխատավարձի համար պայքարելու մղումը: Արտաքին ոլորտում ցնցումներ չպետք է լինեն, թեեւ արդեն եկել է նաեւ այդ ոլորտում Հայաստանի ներկայացուցիչների աշխատանքին համարժեք գնահատական տալու ժամանակը:
 
Չգիտենք, կապրենք-կտեսնենք: Շատ բան ասվեց, մանավանդ`վարչապետին յոթ տասնյակի չափ հարցեր ուղղվեցին, ու նա բոլոր հարցերին փորձում էր ըստ էության պատասխանել, բավական կանգ առավ գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ պրոբլեմների վրա: Անգամ խոստացավ ջրօգտագործողների միություններում ստուգումներ անցկացնել, տեսնելու համար, թե ինչպես է, որ միության ղեկավարը «Բրաբուսով» է շրջում, բայց վատ է կառավարում ոլորտը եւ տապալում ոռոգման գործը, դեռ աշխատավարձի պարտք կուտակում աշխատակիցներին:
 
Եւ վերջում` Փաշինյանի մի պատասխան առանձնացնենք այն քննադատությանն ի պատասխան, թե արտաքին ոլորտում միակողմանի համագործակցություն է, եւ, օրինակ, ԱՄՆ ուղղությամբ համագործակցությունը կաղում է. «Իսկ ԱՄՆ-ը ինչպես արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցող աննախադեպ փոփոխություններին` գործնականում զրո արձագանք», հակադարձեց վարչապետը, դրա պատճառների մեջ նշելով նոր իշխանության կողմից մեր երկրի ինքնիշխանության կարեւորումը.«Դրան լուրջ ենք վերաբերում բոլոր ուղղություններով», ասաց, եւ ըստ նրա` ՀԱՊԿ- ում ոչ թե ձախողել ենք, այլ հաջողել, մեր նկատմամբ հարգանքը մեծացել է, Սիրիա էլ գնացել ենք մեր ինքնիշխանության ու պատմական առաքելության նպատակներով: Նա առաջարկեց ընդդիմախոսություն կառուցելիս կրքեր բորբոքելու տրամաբանությունից այլեւս չելնել` հին դիսկուրսից դուրս գալ, քանի որ այդ դիսկուրսը իշխանություն պահելու, կոռուպցիոն դրսեւորումներ թույլ տալու, ընտրություն կեղծելու դիսկուրսն է, իսկ իր օրակարգում իշխանություն պահելու հարց գոյություն չունի.«Մեզ այստեղ բերել է ժողովուրդը, եւ կարող է հեռացնել ժողովուրդը»,-ասաց:
Մարիետա Խաչատրյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր