17:00 - ՄԻԵԴ–ի որոշումից ակնհայտ է դառնում, որ ընթացող գործով չի կարող կիրառվել 300.1-րդ հոդվածը         16:35 - Մեղմ ընթացքով կորոնավիրուսի ժամանակ ինչ ախտանիշ են հայտնաբերել բժիշկները      16:10 - Հարուստ Արևմուտքն արդեն սուր գործազրկության խնդրին է բախվել.Բելառուսում «տնտեսությունը չկանգնեցնելու» որոշումը ճիշտ էր    

02 ապր 2019 14:58

Մինչև օրենքը չլինի, հորդորում ենք չզբաղվել շրջիկ առևտրով

Մինչև օրենքը չլինի, հորդորում ենք չզբաղվել շրջիկ առևտրովՍննդի առևտրի առաջին շրջիկ մեքենաները հայտնվեցին 20-րդ դարասկզբին Ամերիկայում: Հետո արդեն գաղափարը տարածվեց ամբողջ աշխարհում: Այսօր Երևանում ևս կան ավտոմեքենաներ, որոնցից վաճառվում է սուրճ, սնունդ, հուշանվերներ: Սակայն մեր երկրում ոլորտը օրենսդրորեն կարգավորված չէ:
«Օրենքում կա բաց, չկա մեզ վերահսկող և թույլտվություններ տվող մարմինը»,- նշում է տնտեսվարողներից Հրաչ Դավթյանը:
Թեև «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպե՞ս այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Օրենսդրական բացը լրացնելու և խնդիրը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխություններով:
«Նախատեսում ենք, որ հարցի կարգավորման նպատակով համապատասխան համայնքի ավագանիները կսահմանեն շրջիկ առևտրի կետերով իրականացվող առևտրին կամ ծառայություններին առնչվող պայմաններն ու պահանջները, ինչպես նաև կսահմանվի թույլտվություն տալու գործընթացը», – նշում է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը:
«Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը: Նաև քննարկում ենք ավագանիների հետ, որ տոն օրերին լինեն ավելի շատ հնարավորություններ՝ զբաղվելու շրջիկ առևտրով»,-ընդգծում է քաղապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Այսօր ավագանու անդամներն ակտիվ քննարկումներ են անցկացնում նաև տնտեսվարողների հետ, լսում նրանց բարձրացրած խնդիրներն ու առաջարկները: Նուարդ Վարդանյանը նշում է՝ առևտրի նման ձևին կողմ է, բայց մինչև օրենքը չլինի, իրենք հորդորում են չզբաղվել շրջիկ առևտրով, որը քաղաքի ու բնակիչների համար ստեղծում է մի շարք խնդիրներ: Հնամաշ, ինքնաշեն, բազմերանգ մեքենաներ ու տաղավարներ՝ Հանրապետության հրապարակում, Գլխավոր պողոտայում և քաղաքի կենտրոնական այլ հատվածներում:
«Եվ մեր խմբակցությունը, և պարոն Խաժակյանը, գտնում ենք, որ պետք է նաև արտաքին տեսքի համար որոշակի չափորոշիչներ լինեն, որի սահմանում տնտեսվարողները կկարողանան իրենց գործունեությունը ծավալել»,-նշում է Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը:
Տնտեսվարողները, չնայած կատարված ծախսերին, պատրաստ են հավելյալ ներդրումներ անել և փոփոխություններ մտցնել, որ գործունեությունը համապատասխանի օրենքին:
Շրջիկ առևտրի ոլորտում մեր նկարահանումների ընթացքում արձանագրեցինք մի շարք այլ խնդիրներ ևս: Առաջինը շրջելու և առհասարակ տեղից շարժվելու հնարավորություն չունեցող տաղավարներն են: Մինչդեռ իրենք տնտեսվարողներն իրենց բիզնեսը վերագրում են հենց շրջիկ առևտրին:
Գործող և չգործող մեքենաներն ու տաղավարները 24 ժամ կայանած են կարմիր գծերով ավտոկայանտեղիներում կամ այլ տնտեսվարողների՝ իրենց հաճախորդների համար վճարած կայատեղիներում: Սա լրացուցիչ խնդիրներ է առաջացնում նաև փողոցների մաքրման և աղբահանության համար: Տնտեսվարողների մի մասն աղբն իր ուժերով տեղափոխում է, ոմանք օգտագործում են քաղաքային աղբամանները, որոշ դեպքերում էլ աղբը կուտակվում է հենց մեքենաների կողքին:
«Մի  այլ խնդիր է էլեկտրանակն հոսանքը, որը քաշել են հենասյուներից և հարակից տնտեսվարողներից, այն չի համապատասխանում անվտանգության տեխնիկական չափորոշիչներին: Կան տնտեսվարողներ, որոնք ասում են, որ պայմանագրեր են կնքել ՀԷՑ-ի հետ: Այդ դեպքում անհասկանալի է, ինչպես է շրջիկ մեքենան, որ ենթադրում է, թե պետք է շրջի կամ ցանկացած պահի անհրաժեշտ լինի տարածքը շտապ ազատել, ինչպես է պահպանվելու անվտանգությունը, ի՞նչ են անելու այդ լարերը»,-նշում է  Սերգեյ Հարությունյանը::
Տեխնիկական խնդիրներից բացի կա ևս մեկ այլ՝ սննդի անվտանգությանն առնչվող լրջագույն խնդիր: Քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար շրջում և զգուշացնում են տնտեսվարողներին:
«Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն: Այն շրջիկ առևտրի կետերը, որոնք իրականացնում են հանրային սննդի վաճառք, բայց չունեն թույլտվություն, նրանց նկատմամբ իրականացնում ենք վարչարարություն. առաջին անգամ՝ 80-100 հազար դրամ տուգանք»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:
Շրջիկ առևտրի մասին օրենքի փոփոխություններն ու լրացումները կոչված են օգնելու տնտեսվարողներին ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի ողջ տարածքում՝ այդպիսով ստեղծելով գործարարության նոր ու մեծ հնարավորություններ:
«Մեզ հաճախ ասում են՝ ահագին գումարներ ենք դրել գործի մեջ, ինչ անենք: Մեր պատասխանն է՝ սպասել օրենքի կարգավորումներին: Քաղաքային իշխանության նպատակն է համայնքի շահերը պաշտպանելը և ստեղծել անվտանգ և հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր