Սա քաղաքական հետապնդում է. Միհրան Պողոսյանը՝ Վահագն Հարությունյանի վերաբերյալ քրգործի մասին
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Մաթեւոսյանի նախագահությամբ, քննվում է Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը. «Երեկվա նիստի ընթացքում ես ներկայացրել եմ մեր հիմնավորումները, թե ինչու է քննիչի միջնորդությունն անհիմն, ներկայացրել եմ, թե ինչպիսի իրավիճակում են հիմա կոնկրետ այս գործին առնչություն ունեցած պաշտոնատար անձինք եւ դատավորները, թե ինչ է տեղի ունենում դատավորների հետ, երբ այս գործով իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացվում»։
Միհրան Պողոսյանը նշեց, որ անդրադարձ է արել նաեւ դատարանների արգելափակմանը. «Ակնհայտ է, որ այստեղ քրեական հետապնդում չի իրականացվում, սա քաղաքական հետապնդում է»։
Նշենք, որ փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն վերջինս այն վարույթ չէր ընդունել: Ուստի գործն ուղարկվել էր առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով), 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):