Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան          Մենք ուզում ենք դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից, նման շարժումը պետք է խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը       Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»    

05 հուն 2019 12:50

Ինչի այսօր Հայաստանում կա դատավոր, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞.ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ

«Ես ասել եմ, որ չեմ կարող գնահատել որևէ դատական ատյանի որևէ որոշման օրինականությունը կամ ապօրինությունը՝ ոչ թե, որ կարծիք չունեմ, այլ դա իմ իրավասության մեջ չի մտնում, բայց փաստն այն է, որ այսօր ՀՀ դատական համակարգը չունի ՀՀ ժողովրդի վստահությունը: Հայաստանի Սահմանադրությունն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է հանրաքվեների, ընտրությունների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, հետևաբար՝ տրամաբանությունն այն է, որ Հայաստանում չի կարող գոյություն ունենալ իշխանություն, որը չի բխում ժողովրդից: Այսօր փաստ է, որ ՀՀ-ում դատական համակարգի իշխանությունը չի բխում ժողովրդից և լեգիտիմության պրոբլեմ ունի: Այսօր դատական համակարգն ո՞ւմ է ներկայացնում ՀՀ-ում: Սա ամենակարևոր հարցն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման խնդրին և դատական համակարգի փոփոխություններին:
Ըստ նրա՝ մեզ պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած որոշումները ո՛չ վարչապետը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, ո՛չ ժողովուրդը չքննարկեն, ասեն՝ դատարանը որոշել է: Նա նշեց, որ այդ որոշումը կարող է սահմանված կարգով բողոքարկվել, սակայն այդ որոշումը չպետք է ցնցումներ առաջացնի, և եթե դատարանը որոշում է, ուրեմն թեման փակված է. «Մեր խնդիրը հենց դա է»:
Հարցին, թե ե՞րբ է մեկնարկելու դատական համակարգի վեթինգը, վարչապետը պատասխանեց, որ այն արդեն սկսված է: Նա արձանագրեց, որ այս ամենի արդյունքում արձանագրվեց, որ ՀՀ դատական համակարգում կա ճգնաժամ, որովհետև Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում ՍԴ-ի դեմ, դատարանների խորհուրդը հայտարարություն է անում ԲԴԽ-ի դեմ, վերջինս նույնպես հայտարարություններով է հանդես գալիս, ինչը վկայում է, որ ճգնաժամ կա:
Ըստ նրա՝ դա այս գործողությունների, որոնք ոմանք վիճահարույց են համարում, ամենակարևոր արդյունքն է. «Ինքը՝ դատական համակարգը, արձանագրեց, որ ճգնաժամի մեջ է, որովհետև դատարաններն իրար չեն վստահում: Եթե Վճռաբեկ դատարանն ասում է՝ Սահմանադրական դատարանը սխալ որոշումներ է կայացրել, եթե դատարանների խորհուրդն ասում է՝ Բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովում դատական իշխանության բնականոն գործունեությունը, սա արձանագրում է ճգնաժամի մասին»:
Թե ինչպե՞ս է փոխվելու իրադրությունը և վերականգնվելու վստահությունը, Ն.Փաշինյանը նշեց, որ, թեև շատերը դժգոհ են դրանից, բայց կառավարության խնդիրը գերանդին վերցնել ու հնձելը չէ, իրենց խնդիրն է՝ ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ:
Հիշեցնելով, որ ասել է, թե չի միջամտելու դատական գործերին, ու վստահեցնելով, որ չի միջամտել, բայց ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ մեկին բռնում են, ասում են՝ ինչու վարչապետը որոշեց նրան բռնի, եթե բաց են թողնում ինչ-որ մեկին, գրում են, թե՝ ինչ խաղեր են տալիս.
«Պրոբլեմն էն ա, որ ինչ կատարվում ա, այդ թվում՝ դատական համակարգում, ես տեսնում եմ, որ վերջում պատասխանատվության սլաքներն էլի ուղղվում ա ինձ վրա»:
Այս իրավիճակը վարչապետն անհեթեթ անվանեց ու նշեց, որ հնարավոր չի այս պայմաններում: Դատարանների մուտքերն արգելափակելու նպատակը, Ն.Փաշինյանի հավաստմամբ, ի ցույց դնելն էր, որ ինքը կապ չունի դատական համակարգի որոշումների հետ. «Մի դրեք մի բանի պատասխանատվությունն իմ վրա, որի հետ ես կապ չունեմ: Բայց եթե հանրությունն այդ պատասխանատվությունը դնում է իր վրա, և մենք այս մեկ տարին սպառված ենք համարում, որ դատական համակարգն ինքն ինքնամաքրման պրոցես սկսի, ուրեմն գալիս է քաղաքական որոշումների ժամանակը»:
Նրա խոսքով՝ մյուս կողմից՝ ինքը չի կարող անտեսել հանրության այդ ուղերձը, և իր քաղաքական թիմը պետք է պատասխանատվություն վերցնի դատական համակարգի բարեփոխումների համար. «Ինձ՝ որպես ՀՀ վարչապետ, պետք է այնպիսի դատական համակարգ, որ կապ չունի՝ ում որոշի՝ դատապարտի, ում որոշի՝ արդարացնի, վերջում չասեն՝ ըհը, սա ինչի տեղի ունեցավ, որովհետև ա՛յ էս մի… Հասկանո՞ւմ եք, հիմա հանրային գիտակցության մեջ բոլոր որոշումների տակ իմ ստորագրությունն է»:
Վարչապետը տեղեկացրեց, որ առաջիկայում կստեղծեն հակակոռուպցիոն դատարան: Նա նշեց, որ վերջին տարում դատավորի թափուր տեղերի համար մրցույթներում «недобор» է եղել, իսկ առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման՝ չենք կարող մենք ունենալ անկախ դատական համակարգ. «Ես ուզում եմ շատ անկեղծ ասել՝ մեզ պետք չի, ինձ պետք չի մարիոնետային դատական համակարգ, որովհետև ես հավատում եմ էն իդեալներին, որոնց հիման վրա մենք արել ենք փոփոխություններ: Եթե ինձ պետք լիներ մարիոնետային դատական համակարգ, դա պատրաստի դրած էր»:
Նրա խոսքով՝ դատարանների դռները փակելը հենց դա ի ցույց դնելու համար էր: Վարչապետը հարցադրում արեց՝ «Ինչի այսօր Հայաստանում կա դատավոր, որ վարչապետի ասածը կարող ա չանի՞»:
Նրա կարծիքով՝ այսօր բյուջետային հնարավորություն կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու, բայց հանրությունը դա չի հասկանա, և դա կարվի բարեփոխումներին հընթացս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր