«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 հուն 2019 16:02

Ավազակային հարձակում Չեխիայի 19-ամյա աղջկա նկատմամբ. նա հասցրել է պղպեղով սփրեյը փչել նրանց աչքերին

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 19-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ երեք անձ ձերբակալվել է։


Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին՝ ծնված 1990 թվականին, Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. հունիսի 2-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել մի ավտոմեքենա, որում գտնվող երիտասարդներն առաջարկել են նրան տեղափոխել, ինչին ինքը համաձայնել է եւ նստել ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Ճանապարհին երիտասարդները դանակի սպառնալիքով աղջկանից պահանջել են վերջինիս բջջային հեռախոսը, գումար եւ թանկարժեք իրեր: Մերժում ստանալով՝ նրանցից մեկն աղջկա պայուսակից հանել է ֆոտոխցիկը, իսկ դրամապանակից՝  դրանում առկա տարբեր արժույթների կանխիկ գումարը:
Ըստ հաղորդման՝  երիտասարդներից մեկն ուսապարկից հանել է պղպեղով սփրեյը, իսկ ինքը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, այն վերցրել է նրա ձեռքից եւ փչել նրա աչքերին, վերջինս էլ ձեռքին եղած դանակով սկսել է անկանոն շարժումներ կատարել, ինչի արդյունքում վնասել է երիտասարդ աղջկա ձեռքի մատը: Այնուհետեւ աղջկան հրել դուրս են գցել ավտոմեքենայից եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ: Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին ճանաչվել է տուժող եւ ցուցմունք տվել դեպքի շուրջ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են  Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ հասակակիցներ՝ ծնված 1995 թվականին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական, այդ թվում՝ անձի ճանաչման քննչական գործողություն: Երեք անձինք ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր