Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

14 հուն 2019 12:12

Թողնել նահանջի տեղ հիասթափված Փաշինյանի համար.իսկ թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար...

Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին ընդառաջ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհոդված էր հրապարակել ֆորումի կայքում, որից պարզ էր դառնում, որ վարչապետն իրոք անկեղծորեն հավատում է, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն արդեն ստեղծել է բավարար հիմքեր, որոնք թույլ կտան մեզ արդեն հիմա սկսել կառուցել տեխնոլոգիապես զարգացած և ինդուստրիալ տնտեսություն:
Իհարկե, որպես ցանկություն՝ վարչապետի հոդվածը կարելի էր միայն դրական գնահատել, սակայն թե՛ այս հոդվածում, թե՛ Փաշինյանի մի շարք այլ հրապարակային ելույթներում (օրինակ, երբ կոչ էր անում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ադապտացվել ներհայաստանյան իրողություններին) կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ քանի որ Հայաստանում տեղի ունեցավ, վարչապետի բնորոշմամբ, «աննախադեպ երևույթ»՝ փոխվեց իշխանությունը, սրանից արդեն բխում է, որ ավտոմատ կերպով մեկ «դըմփ-դըմփ-հու»-ից հետո կլուծվի Արցախի խնդիրը, ներդրողներն ամբողջ աշխարհից հերթ կկանգնեն Հայաստանում ներդրում անելու համար, զբոսաշրջիկներն աշխարհի բոլոր ծայրերից կհասնեն Հայաստան, որպեսզի հպարտ հայ ժողովրդի հետ մի երկու սելֆի անեն, դրանից կաճի մեր տնտեսությունը, Հայաստանի միջազգային վարկանիշն էլ կբարձրանա:
Ես վստահ եմ՝ երբ վարչապետը նման հայտարարություններ է անում, նա անկեղծորեն հավատում է ինքն իրեն, բայց քանի որ իրականությունը դաժան է, շատ դեպքերում երազկոտ անձնավորությանը «փռում է այդ նույն իրականության ասֆալտին», և այդ անձնավորությունը խոր հիասթափություն է ապրում: Սակայն խնդիրն այն է, որ երբ հիասթափություն է ապրում երկրի ղեկավարը, դա կարող է բացասական հետևանքներ ունենալ բոլորիս համար:
Այստեղ հիշեցի Վանո Սիրադեղյանի հայտնի հարցազրույցը, որտեղ նա մի շարք մանրամասներ ներկայացրեց ներիշխանական զարգացումներից և նշեց, որ, օրինակ, 1996թ. խայտառակ ընտրությունները նախագահ Տեր-Պետրոսյանի հիասթափության և հոգնածության արդյունք են։
Հիմա եթե Տեր-Պետրոսյանի հիասթափությունն ու հոգնածությունը հանգեցրին նորանկախ պատմության ամենախայտառակ ընտրություններին, ինչից հետո, ըստ որոշ փորձագետների և իրավաբանների, տեղի ունեցավ սահմանադրական կարգի տապալում, որն էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ Հայաստանի վրա միջազգային հանրության ճնշումներն ավելացան, և Տեր-Պետրոսյանը պատրաստ էր փուլային ճանապարհով զիջումների գնալ, ապա պատկերացրեք, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել մեր պետության համար արդեն Փաշինյանի հիասթափությունը:
Այդ իսկ պատճառով քաղաքական գործընթացները պետք է տանել այն ուղով, որ այլընտրանքային բևեռ ձևավորվի մինչև նրա վերջնական հիասթափությունը, ինչպես նաև պետք է իր իսկ համար ապահով նահանջի տեղ թողնել:
Բենիամին Մաթևոսյան
Քաղաքագետ
Հ.Գ.։ Թեև ցանկացած պարագայում Փաշինյանը մի շարք տհաճ հարցերի պարտավոր է պատասխանել իշխանափոխությունից հետո:
Աղբյուրը՝ politeconomy.org


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր