Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

15 հուն 2019 10:45

Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ. մարդասպանությունն ու շանտաժը հուշում են, որ Բաքվի վիճակն այնքան էլ լավ չէ.«Ժամանակ»

Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ. մարդասպանությունն ու շանտաժը հուշում են, որ Բաքվի վիճակն այնքան էլ լավ չէ.«Ժամանակ»«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է հունիսի 20-ին Վաշինգտոնում պլանավորված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզի և Մոսկվայի հանդիպումներից հետո քննարկվել է համանախագահ երրորդ երկրի մայրաքաղաքում հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին: Միաժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հիշատակում է, որ հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմը գնացել է սահմանային լարվածության աճի, որը բերել է նաև զոհերի: Այդ համատեքստում արտգործնախարարությունը հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»:

Թե հատկապես ինչ նկատի ունի Հայաստանի արտգործնախարարությունը՝ մնում է ենթադրել: Խոսքը հավանաբար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգ կոչվածի կամ այլ կերպ ասած՝ հրադադարի պահպանման մեխանիզմների մասին է: Հայկական կողմն այս օրերին սահմանային լարվածության համատեքստում մի քանի անգամ հիշեցրել է դրա մասին, այդ թվում՝ ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքի, թե իբր հայկական կողմի կրակոցից առաջինը զոհ է ունեցել Ադրբեջանը: Այդ մեղադրանքը Բաքուն հնչեցրել էր հենց այն օրը, երբ Մինսկի խմբի համանախագահները ռեգիոնալ այց էին կատարել և գտնվում էին Բաքվում: Ադրբեջանը հայտարարեց, թե հայկական կողմն իբր սպանել է ադրբեջանցի մայորի: Արցախի պաշտպանական բանակը հերքեց այդ տեղեկությունը, ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ այդօրինակ մեղադրանքները և ապատեղեկատվությունը բացառելու համար է պետք Վիեննայի օրակարգի իրագործումը:
Իսկ մի քանի օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ հայկական կողմը թե՛ համանախագահներին, թե՛ Բաքվին ներկայացրել է հստակ ապացույցներ, որ հայկական դիրքերից չի հնչել որևէ կրակոց, երբ սպանվել է ադրբեջանցի զինվորականը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սարքերը այդ ժամանակ կրակոց արձանագրել են միայն Ադրբեջանի կողմում:

Այդուհանդերձ, Բաքուն չխորշեց իր ապատեղեկատվությունից հետո դիմել մարդասպանության տակտիկային՝ Դուշանբեի պայմանավորվածությունների մի քանի ամիս տևած, այսպես ասած, հարաբերական անդորրից հետո: Ադրբեջանական կրակոցի հետևանքով զոհի մասին հայկական կողմը հայտնել է նաև հունիսի 13-ին: Դրան հաջորդում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը վաշինգտոնյան հանդիպման օրակարգի գերակայության մասին:
Այստեղ իհարկե առանցքային է երկու հանգամանք: Հայկական կողմը պետք է լինի այդ հարցում հստակ և միարժեք հետևողական: Մյուս կողմից՝ օրակարգի առաջմղումը էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ համանախագահ երեք երկրները: Վիեննայի օրակարգը եղել է ԱՄՆ առաջարկը, որը, սակայն, Ադրբեջանը 2016-ի մայիսից հետո փորձեց չեզոքացնել Ռուսաստանի օգնությամբ: Արդյոք Մոսկվան և Բաքուն ներկայումս է՞լ այդ հարցում գործընկերներ կամ դաշնակիցներ են:
Հատկանշական է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Դուշանբեում կարող է տեղի ունենալ Պուտին-Ալիև հանդիպում՝ Ասիական գործակցության խորհրդի վեհաժողովի շրջանակում: Այն, որ Ադրբեջանն այդ հանդիպումներին ընդառաջ լարում է իրավիճակը սահմանին և դիմում մարդասպանության շանտաժի քաղաքականությանը, հուշում է, որ իրերի դրությունը Բաքվի համար այնքան էլ բարվոք չէ: Կօգնե՞ն մարդասպանությունն ու շանտաժը Պուտինի հետ հանդիպմանը Ալիևին, և կօգնի՞ Պուտինը Ալիևին Վաշինգտոնում արտգործնախարարների հանդիպումից առաջ»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր