17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

27 հուն 2019 16:24

Մենք հոգնել էինք այդպիսի կյանքից.քույրերը պատմել են հոր կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին

Ռուսական լրատվամիջոցները հրապարակել են 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանության համար մեղադրվող երեք դուստրերի առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ աղջիկներն ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, քույրերից ավագի՝ Քրիստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիպցերը, ծանոթանալով սղագրության բովանդակությանը, նշել է, որ քույրերի ցուցմունքները չափազանց նման են այն ամենին, ինչն իր ներկայությամբ պատմել է Քրիստինան: 

Միջնեկ դուստրը՝ Անգելինան, առաջին հարցաքննության ժամանակ պատմել էր, որ հայրն իր նկատմամբ սեռական ոտնձգությունն էր կատարել դեռևս այն ժամանակ, երբ ինքը 15 տարեկան էր: Դեպքը տեղի է ունեցել 2014թ., երբ նրանք երկուսով Իսրայել էին մեկնել:
«Մի քանի օր անց, երբ հյուրանոցում էինք, հրամայեց հագուստս հանել ու պառկել մահճակալին: Ես վախից ենթարկվեցի»,-պատմել է Անգելինան:

«Հետո նա ասաց, որ ես իր դուստրը չեմ, և երբ լրանա 18 տարեկանս, պետք է իր կինը դառնամ»,-ասել է աղջիկը:

Նա պատմել է, որ հաջորդ օրը հայրը ևս անբարո գործողությունների է դրդել իրեն, իսկ ինքը վախից դրդված ենթարկվել է: Անգելինայի խոսքով՝ սեռական բռնությունները շարունակվել են ևս չորս տարի:
«Նա միշտ ասում էր, որ շնանալը մեղք է, բայց քանի որ մենք իր դուստրերն ենք, ապա նա կարող է մեզ հետ իր ուզածն անել, և մենք պարտավոր ենք ենթարկվել»,-շարունակել է Անգելինան:
Մինչդեռ Քրիստինան խոստովանել է, որ հոր արարքների պատճառով փորձել է ինքնասպան լինել: Դա տեղի ունեցել 2016թ., երբ իրենք բոլորով հանգստանում էին Ադլերում. հայրն ավագ դստերը ստիպել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Այդ ժամանակ Քրիստինայի ինքնազգացողությունը վատացել է, նա սկսել է շնչահեղձ լինել, սենյակից դուրս է փախել: Նա հոր պայուսակից ինչ-որ դեղեր է հանել ու խմել, որպեսզի վերջ տա կյանքին: Սակայն քույրերը շտապօգնություն են զանգահարել, հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկները ստամոքսի լվացում են արել և աղջկան տուն ուղարկել: Միխայիլ Խաչատուրյանը բժիշկներին ասել է, թե դուստրն իբր շփոթել է դեղահաբերն ու թունավորվել:
 
Հարցաքննության ընթացքում Անգելինան հայտարարել է, որ հոր կողմից սեռական բռնության մասին պատմել է միայն քույրերին, իսկ Քրիստինան՝ իր ընկերուհիներից երեքին:

Սղագրության առանձնահատկությունն այն է, որ քույրերի ցուցմունքները շատ հաճախ բառ առ բառ համընկնում են:
 
Աղջիկների խոսքով՝ սպանությունից մեկ ամիս առաջ հոր մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ էին ախտորոշվել, և նա համապատասխան բուժում էր անցել:

«Մենք քույրերով արդեն հոգնել էինք այդպիսի կյանքից, բայց վախենում էինք ինչ-որ մեկին դիմել, քանի որ նա ամենուր կապեր ուներ ու ամեն ինչի տակից կկարողանար դուրս գալ»,-պատմել է կրտսեր քույրը:

Նա հավելել է, որ ընտանեկան բռնության մասին բարեկամներից որևէ մեկի հետ խոսելուց իրենք ևս վախենում էին, քանի որ վստահ էին, որ իրենց ոչ ոք չէր հավատալու:
 Հուլիսի 27-ի երեկոյան քույրերը մտել են հոր սենյակ և, տեսնելով, որ նա քնած է, սկսել են մուրճով ու դանակով հարվածներ հասցնել պարանոցի, գլխի, ինչպես նաև սրտի հատվածներում: Մյուս քույրը ցողացիր սարքով հատուկ նյութ է ցանել հոր աչքերին, որպեսզի նա կորցնի կողմնորոշումը:

Ցուցմունքների ընթացքում նրանք խոստովանել են, որ հորը սպանելուց հետո իրենց միտումնավոր վնասվածքներ են հասցրել, որպեսզի առաջ քաշեն ինքնապաշտպանության վարկածը: Նաև ցանկացել են պատմել, թե իբր հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իսկ իրենք էլ պատահաբար սպանել են նրան կռվի ժամանակ:
 
Ներկայում քույրերին վերջնական մեղադրանք է ներկայացվել «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանության» հոդվածով: Աղջիկներին մինչև քսան տարվա ազատազրկում է սպառնում: Գործի քննությունը շարունակվում է:

Միևնույն ժամանակ քույրերի պաշտպանական կողմը պնդում է, որ գործը պետք է վերաորակավորվի և դիտարկվի որպես ինքնապաշտպանության համար գործված սպանություն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր