18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

26 օգոս 2019 18:00

Հանգստից հետո ինչպե՞ս առանց դժվարությունների վերադառնալ աշխատանքային գործունեությանը

Մարդկանց հաճախ է հետաքրքրում, թե ինչպես  հանգստից հետո առանց նշանակալի դժվարությունների վերադառնալ աշխատանքային գործունեությանը:
 
Բնականաբար, բոլորս էլ գիտենք, որ հանգստանալու շրջանում օրգանիզմի ինչպես կենսաբանական, այնպես էլ հոգեբանական ռիթմերը փոխվում են: Հետևաբար դժվարանում է միանգամից աշխատանքային ռիթմին անցնելու պրոցեսը, որի համար էլ օրգանիզմին ժամանակ է պետք, այլ կերպ, ասում ենք ադապտացիայի շրջան` փոփոխություններին հարմարվելու համար:
 
Իհարկե, տարբեր մարդկանց մոտ տարբեր է հանգստից աշխատանքին անցնելու ընթացքը:
Ոմանք արագ և հեշտությամբ ներգրավվում են աշխատանքային գործունեության մեջ, ոմանք` փոքր-ինչ դժվարություններով, մյուսներն էլ` երկար ժամանակ չեն կարողանում լիարժեք ինտեգրվել աշխատանքային պրոցեսին: 
 
Այստեղ, անշուշտ, որոշ գործոններ իրենց դերակատարումն են ունենում` արձակուրդի տևականությունն ու որակը, անձի առանձնահատկությունները, աշխատանքի կամ մասնագիտության հանդեպ վերաբերմունքը:
 
Գիտնականների հավաստմամբ, հանգստի օպտիմալ ժամանակահատված է համարվում 21 օրը:
Պարզվում է` երեք շաբաթից ավելի կամ պակաս տևողությամբ հանգիստը բացասաբար է անդրադառնում աշխատունակության, տրամադրության, ուշադրության կենտրոնացման, կատարողականության վրա: Հետարձակուրդային համախտանիշի դեպքում սովորաբար զգում են թուլություն, նյարդայնություն,  գերակշռում է անկումային տրամադրությունը, ունենում են ախորժակի և քնի խանգարումներ, առօրյա գործերը անիրագործելի են դառնում կամ չափազանց դժվարությամբ են կատարվում, առաջանում են անգամ աշխատանքը թողնելու մտքեր:
 
Եվ պատահական չէ, որ նրանք, ովքեր սիրում են իրենց աշխատանքը, մասնագիտությունը, դրական հարաբերություններ ունեն կոլեկտիվում, ապա հեշտ են հարմարվում աշխատանքային բնականոն ռիթմին:
 
Հետարձակուրդային ոչ ցանկալի դրսևորումները նվազեցնելու համար.

-Պլանավորեք աշխատանքային օրը, աստիճանաբար անցեք ծանրաբեռնված և ինտենսիվ աշխատանքային օրակարգին

-Հիշեք աշխատանքի դրական կողմերը, հաճելի պահերը

-Արտահայտեք արձակուրդից ստացած տպավորությունները և էմոցիաները ընկերների, գործընկների հետ զրույցի ընթացքում

-Վերականգնեք քնելու, սնվելու ռեժիմը

-Ապահովեք ամենօրյա զբոսանքներ, ֆիզիկական վարժություններ

-Ակտիվացրեք որևէ նոր նախասիրություն:

Եթե արձակուրդից հետո աշխատանքային գործունեությանը հարմարվելու դժվարությունները շարունակվում են երկու շաբաթից ավելի տևականությամբ, ապա ցանկալի է դիմել հոգեբանի աջակցությանը:

Հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր